Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան քաղաքում դադարեցվել է ապօրինի շարժական գազալցակայանների շահագործումը. ԱԻՆ-ում իրականացվում են վարչական վարույթներ

Հունիս 12,2017 17:22

Օրերս «Regnum» Լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակից դիմում էր ստացվել ՀՀ կառավարություն առ այն, որ Սևան քաղաքի մի շարք բնակիչներ ահազանգում են այն մասին, որ իրենց բնակելի շենքերին կից Շինարարների փողոցում գործում են ապօրինի շարժական գազալցակայաններ:

Ստացված տեղեկատվության և ՀՀ կառավարության հանձնարարականի համապատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ուսումնասիրություններ է իրականացրել դիմումի հետքերով:

Ուսումնասիրության արդյունքում սույն թվականի հունիսի 10-ին և 12-ին Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ: Օրենքի համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման և կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, որոնք, մասնավորապես, պետք է արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնեն գրանցման ռեեստրում և ապահովեն տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:

Տեսչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Սևան քաղաքի Շինարարների փողոցում վաճառք իրականացնող «ԶԻԼ» մակնիշի երեք մեքենաների վրա վերասարքավորված հեղուկ գազի լցավորման շարժական կայանները: Կայանների գործունեությունը դադարեցվել է և արգելվել:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան տույժերի` օրենքի ողջ խստությամբ:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930