Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վանաձորում բռնադատվածներին նվիրված հուշարձանի տարածքը գտնվում է անխնամ վիճակում

Հունիս 14,2017 17:48

«Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Խորհրդային միության ենթակայության տակ գտնվող մի շարք ժողովուրդներ, այդ թվում եւ հայեր 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղահանվեցին իրենց հայրենիքից ու բեռնատար գնացքներով արտաքսվեցին Ալթայի եւ Կրասնոյարսկի երկրամասեր:

2006 թվականից «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելուց հետո Հայաստանում հունիսի 14-ը հայտարարվեց Բռնադատվածների հիշատակի օր: Վանաձորում էլ բռնադատվածներին նվիրված հուշարձան-հուշակոթողի մոտ հավաքվում են մտավորականներ, բռնադատվածներ ու նրանց հարազատները: Այսօրն էլ բացառություն չէր, ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին, եւս մեկ անգամ հիշելով հայոց պատմության այս էջը:

«Բոլոր երկրներում այս ամեն ինչը կրկնվելու հակում ունի, քանի դեռ ժողովուրդն ինքը չի կարողացել իր մեջից թոթափել ստրուկի հոգեբանությունը: Ստալինին ասում ենք բռնակալ էր: Ստալինին փոխարինեց Խրուշչովը, նրան քննադատելով ու գրեթե ոչնչացնելով նույն բռնակալական միտումները դարձյալ շարունակվեցին: Բրեժնեւի լճացման ժամանակ եւս շարունակվեցին, իհարկե այն ծավալով ու այն տեսքով չէ, ինչպես միշտ, բայց եղան: Ինչու՞ է այդպես, որովհետեւ հասարակությունը հանդուրժում է ստալինների նմաններին»,- ասում է բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը:

Տարեցտարի սակայն ավելի քիչ մարդ է այցելում բռնադատվածների հիշատակին նվիրված հուշարձան: Բացի այդ, Վանաձորի Երկաթուղայինների այգում գտնվող հուշարձանը կարծես թե անտեսված է, այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում. «Տարածքը ոչ միայն անխնամ է, այլ նաեւ զայրացնող: Հուշաքարի ներքեւի մասում դրված սալիկները հանել տարել են: Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակությունն այն աստիճանի կայացած չէ, որպեսզի ինքը վերահսկի: Պահակ չենք դնելու, որ պահպանի, դա հասարակության պարտքն է»,- ասում է պատմաբան Ռուբեն Պարսամյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930