Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների կոշտ ու կոպիտ արձագանքը ՌԴ կրթության նախարարին

Հունիս 16,2017 15:00

Հայ պատգամավորները Վասիլեւային կոչ են անում ՌԴ-ում անցնել մեսրոպյան այբուբենի, սոցկայքերում սմայլիկներ դնել ու կասկածում են նախարարի հոգեկան հավասարակշռության վրա:

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան օրերս մի առաջարկ էր արել, որը Հայաստանում աղմուկ էր բարձրացրել: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նա առաջարկել է ԱՊՀ տարածքում անցնել միասնական տառատեսակի՝ կիրիլիցայի: Վասիլեւան նշել է, որ վերջին 10 տարիներին տառատեսակները լատինականացվել ու արաբականացվել են եւ այժմ ԱՊՀ տարածքում պետք է վերադառնալ կիրիլիցային: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ամուր դիրքորոշում ունենա այդ տառատեսակի տարածման գործում:

Այս առնչությամբ «Առավոտը» ԱԺ պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչպիսին պիտի լինի մեր արձագանքը Վասիլեւային:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Իհարկե, դեմ ենք: Ես դա համարում եմ կատարյալ անհեթեթություն: Ես էլ կարող եմ հակընդդեմ առաջարկով հանդես գալ, որ ԱՊՀ բոլոր երկրները անցնեն մեսրոպյան այբուբենի»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ «Իրենք թող իրենց մեջ անցնեն ցանկացած տառատեսակի, մեզ հետ ի՞նչ կապ ունեն: Ի՞նչ միասնական տառատեսակ, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ են ուզում ասել դրանով»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց. «Ես դեմ կլինեմ»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կասկածում է, որ ՌԴ նախարարը կարող էր նման բան ասել. «Ես վստահ չեմ, որ նման բան ասվել է, որովհետեւ դա խելամիտ արտահայտություն չի լինի: Մեր այբուբենն աշխարհում հնագույններից մեկն է, ընդհանրապես մեր ինքնության հիմքերի հիմքն է, եւ այնքան աբսուրդ է նման գաղափարն ինքնին, որ նույնիսկ մեկնաբանության կարիք էլ չունի: Ես վստահ չեմ, որ որեւէ նախարար կարող է նման բան ասել»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Մենք ունենք դարերով եկած մեր այբբենարանը, բացարձակապես մտադիր չենք այն փոխարինելու»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է հակառակ առաջարկն էլ մենք անենք Ռուսաստանին, որ անցնեն մեսրոպյան այբուբենին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, մեզ դա չի հետաքրքրում: Աշխարհի ընդամենը մի քանի ժողովուրդ ունի այբուբեն, նրանք 10 կամ 12-ն են: Դա մեր ամենամեծ ձեռքբերումն է, որեւիցե մեկը չի կարող այն վերցնել»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ պատասխանեց. «Դա ընդամենը կարծիք է: Անձամբ ինձ համար դա անընդունելի է»: Երբ հարցրինք՝ մենք էլ չե՞նք կարող ԱՊՀ երկրներին առաջարկել անցնել մեսրոպյան այբուբենին, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ նման ծիծաղելի առաջարկներ չարժե հնչեցնել ոչ մյուս կողմից, ոչ մեր»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «Ես չգիտեմ՝ ինքն ում է նկատի ունեցել: Հայաստանն ունի իր տառատեսակը՝ 405թ.-ից սկսած, եւ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, հայոց լեզուն պաշտպանված է Սահմանադրությամբ եւ օրենքով: Ես չգիտեմ՝ ում է նկատի ունեցել, միգուցե սլավոնական երկրներին է նկատի ունեցել: Ռուսաց լեզվի պրոպագանդան այլ բան է, բայց մեր պետական լեզուն հայերենն է: Հազար հատ իշխանություն էլ գա ու գնա՝ Մեսրոպ Մաշտոցի հայոց լեզուն մեզ համար միակն է, սուրբ է, սիրելին է եւ պաշտամունքի առարկան է: Իսկ այն, որ ռուսաց լեզուն, անգլերենը, ինչքան շատ լեզու սովորենք՝ այնքան լավ. խնդիր չկա»:

Ուշագրավ էր հատկապես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի արձագանքը Օլգա Վասիլեւայի առաջարկին: Նրա խոսքով՝ ՌԴ նախարարին «մեր արձագանքը պետք է լինի խորը բացասական, ինչ-որ տեղ՝ անհագուրդ ու անկասելի ծիծաղով, որովհետեւ դա չի կարող լինել երբեք: Երբ այն ժամանակ հայերենն ու հայոց լեզուն ստեղծվել է, դա հենց այնպես չի ստեղծվել, մինչեւ անգամ ես համոզում ունեմ, որ տիեզերական ուժերն են հաղորդել Մեսրոպ Մաշտոցին մեր գրերը ստեղծելու համար: Այդ պարագայում մեկը բարձրաձայնի մի բան, որ դեռեւս ծագումնաբանությունները իրենց մեզ համար խիստ հայտնի չէ, որոշակի չէ՝ առնվազն ծիծաղելի է սա, եւ նմա՞ն կտրվածքով, նման ձեւով… ես մինչեւ անգամ մտածում եմ, որ հոգեկան որոշակի խանգարում ունեցողին նշանակեն, բայց մինչեւ նշանակելը, եթե ինքը պատրաստվում է ինչ-որ մի բան բարձրաձայնել, պետք է գոնե վերահսկողությունն ասի՝ այդպիսի բան չի կարելի, հնարավոր չի այդպիսի բան: Սա վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլեւ այս մեծ տարածաշրջանում ազդեցության տիրույթում գտնվող բոլոր երկրներին: Սա ազգային ինքնություն ոտնատակ անել է նշանակում, հասկանո՞ւմ եք»:

Հարցին՝ այսինքն՝ Դուք կարծում եք, որ Օլգա Վասիլեւան ԱՊՀ երկրներին նման առաջարկով է հանդես եկել իր անձնակա՞ն նախաձեռնությամբ, վերեւների հետ չի՞ խորհրդակցել, նա պատասխանեց. «Եթե հանկարծակի մի պահ պատկերացնենք, որ միայն իր նախաձեռնությամբ չի եղել, մի ուրիշն էլ է եղել, ես կուզենայի իմանալ՝ էդ ուրիշ «խելոքը» ով է: Բոլոր դեպքերում դա ոչ թե վիրավորում է մեզ, մենք կարող ենք մի ակնթարթ վիրավորվել, հեգնանքի մեջ գտնվել եւ այլն, հաջորդ պահին, երբ որ մենք զգաստանում ենք, ուզում ենք մտածել՝ արդյո՞ք մոլորակում պետք է հանդիպեն այս ձեւի տրամաբանությունից զուրկ սուբյեկտներ»:

Ըստ Բոստանջյանի՝ ՌԴ նախարարին արձագանքելու կարիք էլ չկա. «Եթե մենք արձագանքում ենք, նշանակում է, որ ինչ-որ մի պահ, մի ակնթարթ մտածել ենք: Իսկ ես մտածում եմ, որ սրա վրա միայն կարելի է սոցկայքերում սմայլիկներ տալ՝ ժպտալ»:
Մեր հարցին՝ քանի որ ՌԴ-ի կողմից նման մղումները պարբերաբար տարբեր ոլորտներում ի հայտ են գալիս, հնարավո՞ր է, որ ՌԴ-ն հերթական անգամ իր կայսերական նկրտումներից ելնելով՝ այսպես ակնարկներ է անում, որ հետո ինչ-որ մի պահ անցկացնի դա, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ասում են՝ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ բացառված չի, բայց կան արժեքներ, մասնավորապես՝ գիրը, լեզուն, որի պարագայում ցանկացած նման մոտեցումը արժանանում է դատապարտման: Մինչեւ անգամ ամենատգետ մեր քաղաքացին՝ անգրագետը, հոգեբանորեն չի կարող սա ընկալել: Այն միտումը, համաձայն որի՝ տարբեր հոգեկան դժվարություններ, այդպես անհարմարություններ ունեցողներ կբարձրաձայնեն, դա իհարկե միջոց է ազդելու, բայց գոնե լեզվի ու այբուբենի կտրվածքով… ես խորապես համոզված եմ՝ մեր լեզուն, այբուբենը կկորի այն ժամանակ, եթե կորի մեր ժողովուրդը»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

15.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Վերջին նախադասության մեջ կկորի բառի փոխարեն պետք էր ասել կկորչի։
    Այսքանը՝ հայերենը ամպագորգոռ բառերով փառաբանելու փոխարեն։

  2. Հ.Շ. says:

    Յօդուածի խերնագիրը զարմանալի է, «կոշտ ու կոպիտ»… կարծես թէ այպանում էք ՀՀ պատգամաւորներին…

    Ամէն դէպքում, կոշտ ու կոպիտ բան չկայ իրենց ըսածներին մէջ, եւ նոյնիսկ եթէ ըլլար, իրաւունք կ’ունենային:

    Շատ լաւ են պատասխանել, եւ այս նիւթով՝ կեցցէ-ի արժանի են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930