Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ասում՝ ինձ ցույց տվեք…ի վերջո, պարոն Մարուքյանին ցույց տվեք «Լուսավոր Հայաստանից». Էդուարդ Շարմազանով

Հուլիս 07,2017 14:31

«Ինձ ուրախացնում է, որ իշխանություն-ընդդիմություն ջերմ հարաբերվում են, բայց հիմնական զեկուցողի հաշվին մի շփվեք. ընդմիջմանը»,- ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին ամբիոնի մոտ հրավիրելիս ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպիսի նկատողություն արեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին և ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:

Պարոն Բունիաթյանը, ներկայացնելով հանձնաժողովի 2016-ի գործունեության հաշվետվությունը, հայտարարեց, որ 2016-ին գործել է 95 հեռուստաընկերություն, որոնցից 40-ը վերգետնյա եթերային, 55-ը կաբելային, մալուխային հեռարձակմամբ և 18 ռադիոընկերություն: Նա նշեց, որ 11 ընկերության նկատմամբ տուգանք է կիրառվել, ինչի արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1 միլիոն 765 հազար 60 դրամ: Կասեցվել է 8 լիցենզիա:

Պարոն Բունիաթյանի ելույթից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգություն հայտնեց, որ հեռուստաեթերի բովանդակությունը մնում է խնդրահարույց, այնուհետև հայտարարեց. «Միգուցե շատ ենք տուրք տվել ռեյտինգացավին, վարկանիշի հետևից ենք ընկած: Բայց ճիշտ կլինի, որ հոգևոր, դաստիարակչական հաղորդումները բերենք ավելի ճիշտ ժամի: Մեր հայկական սերիալներում չկան լավ կերպարներ, կարելի է սցենար գրողներին կանչել, ասել, որ մի քիչ բարություն սերմանեն, առանց այն էլ մեր հասարակությունը նեգատիվ շոկի մեջ է: Եթե մի տեղ կա լուսավոր կետ, կարելի է դա ցույց տալ: Ես չեմ ասում՝ ինձ ցույց տվեք կամ Պողոսին….ի վերջո, «Լուսավոր Հայաստանից» պարոն Մարուքյանին ցույց տվեք»:

Գագիկ Բունիաթյանը հավաստիացրեց, որ հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ղեկավարներն էլ են այդ խնդիրների մասին մտածում, բայց վարկանիշը չի կարող չազդել այս ոլորտի վրա:

Պարոն Մարուքյանին մտահոգում էր թվայնացումից հետո փաստի առաջ կանգնած 12 մարզային հեռուստաընկերությունների ճակատագիրը: Պարոն Բունիաթյանի հավաստմամբ՝ այդ խնդիրը կարող է լուծել մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը, իսկ այդ տիրույթից դուրս լուծում գտնելու վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին մտահոգում է այն, որ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում չունենք պետական ռազմավարություն: Գագիկ Բունիաթյանն արձագանքեց, թե դա իրենց տիրույթից դուրս է, իսկ ՀՀ-ում այդ հարցով զբաղվող մարմին գոյություն չունի, ինչը դրական է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31