Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը կդիմի արդարադատության խորհուրդ

Հուլիս 07,2017 16:11

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանը այսօր Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ պատրաստի միջնորդություն էր բերել, բայց չներկայացրեց, քանի որ. «Ես զգացի, որ մեկ այլ ամբաստանյալի պաշտպանի բացակայությամբ ինքը չի քննի այդ ինքնաբացարկի հարցը, ապա ինքնաբացարկի միջնորդության բովանդակությունից մի հատված ստիպված եղա ներկայացնել, որ այդ ձեւով կարողանամ հնչեցնել»:

Փաստաբանն ասաց՝ տեղյակ չէ՝ Վահան Շիրխանյանին այսօր բերե՞լ էին դատարան, թե՞ ոչ:

Պարոն Ալումյանն ասաց, որ նախագահող դատավոր Բեկթաշյանի հայտարարության վերաբերյալ https://www.aravot.am/2017/07/07/896212/դիմելու է արդարադատության խորհուրդ. «Պարտադիր դիմելու եմ, ոչ միայն այդ հայտարարության, այլեւ մի շարք իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել դատաքննության ժամանակ, որոնցից յուրաքանչյուրը իրենից կոպիտ խախտում է ներկայացնում»:

Փաստաբանն ասաց, որ վիճարկելու է նախագահող դատավորի վարքագծի հարցը. «Թատրոնը սկսվում է մուտքի մոտի կախիչից, այսինքն, դատավարության որակի մասին էլ կարող ես դատել սկսած նրանից, թե դատական նիստերի դահլիճը երբ են բացում, ժամը 11-ին կանչում են, 12-ին 15 պակաս բացում: Հետո ասում՝ որ ուշ են սկսում, որովհետեւ պաշտպաններից մեկը չկա, բայց մեղադրողները շատ լավ գիտեին, երբ է սկսվելու, այ որտեղից գիտեին՝ ով էր նրանց ասել, հայտնի չէ, նրանք շատ լավ իրազեկված էին»:

Հայկ Ալումյանի համոզմամբ, նախագահող դատավորը նպատակ ունի անընդհատ ձգձգել նիստերը՝ ներկայացնելով ամբաստանյալներից կամ պաշտպաններից մեկի ոչ ճիշտ վարքագծի հետեւանք:

Պարոն Ալումյանն ասաց նաեւ, որ արդեն մի շաբաթ է՝ դիմել է դատական նիստերի ձայնագրությունն ու դատարանի որոշումը՝ իր եւ իր պաշտպանյալի նկատմամբ ստանալու, բայց մեկ շաբաթ է՝ չի կարողանում ձեռք բերել՝ չեն տրամադրվում, մինչդեռ ըստ նրա՝ դատական նիստի ձայնագրությունը, օրենքի համաձայն, մեկօրյա ժամկետում պետք է տրամադրվի:

Անդրադառնալով նախորդ դատական նիստի ժամանակ իր նկատմամբ կիրառված դատական սանկցիային՝ պարոն Ալումյանը պարզաբանեց. «Ինքը սանկցիա է կիրառել, ես իմ պատճառաբանությունները կներկայացնեմ փաստաբանների պալատին: Երբ դատավորը ընդմիջում է հայտարարում ու չի սահմանում, թե ինքը կես ժամով, չորս ժամով, թե հինգ օրով ընդմիջեց, ապա դատավարության մասնակիցների մոտ պարտականություն չի առաջանում դատարանում մնալ այնքան ժամանակ, մինչեւ դատարանը կգա, որովհետև այնտեղ կատարյալ անորոշության մեջ ենք մնում: Անորոշ ժամկետով ընդմիջելը նշանակում է՝ երբ դատարանը պատրաստվում է գալ, դատավարության կողմերին պետք է տեղեկացնեն»:

Հիշեցնենք, որ նախագահող դատավորը նախորդ նիստին փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31