Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք դարձավ

Հուլիս 14,2017 17:19

ՊՐԱՀԱ. – Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։

Ադրբեջանցի ցուցարարներին դիմավորեցին հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն ազատ պետություն է», Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան» և այլն։

Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down, ինչպես ասում են` ամեն ճաշակի համար…

Օրեր ամսագրին և օrer.eu-ին մեկնաբանելով այսօրվա բողոքի ակցիան Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն ասաց. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ ըստ էության ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

Առաջիկա օրերին էլ Ադրբեջանը շահարկելու է խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքը, ցույցեր է պատվիրելու տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի դիվանագետական առաքելությունների առջև։ Չէ՞ որ լրատվամիջոցների համար օրեր առաջ տեղի ունեցածը թարմ պահելու համար լրատվության առիթ է պետք ստեղծել։

Շփման գոտում ադրբեջանցիների հերթական սադրիչ գործողություններին հայկական կողմի տված պատասխանից հետո ադրբեջանցի երեխայի ու նրա տատիկի ենթադրյալ զոհվելը տեղեկատվական պատերազմում նոր հարձակման առիթ դարձնելով, Ադրբեջանը կրկին փորձում է շահել միազգային կառույցների աջակցությունն ու հանրության համակրանքը։

Իրականությունն այն է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, շփման գոտում, նման իրավիճակներից խուսափելու և երկու կողմերից էլ զոհերի հավանականությունը բացառելու այս պահի միակ ելքը հրադադարի խախտման դիտորդական մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է , ինչը կտրականապես մերժում է Ադրբեջանը։  Սա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները մտախոհություն հայտնելով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ, հիշեցնում են, որ խնդրի կարգավորման ռազմական ուղի չի կարող լինել և որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31