Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ի՞նչ կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն խոստանում»

Հուլիս 19,2017 10:48

«Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում, ես տեսնում եմ հնարավորություններ՝ ներդրումների ավելացման, պրոցեսները դրական են ընթանում»,- խոսելով տնտեսության մասին՝ «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առավոտը» «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հարցրեց՝ Դուք տեսնո՞ւմ եք մեր տնտեսությունում զարգացում, դրական տեղաշարժեր, թե՞ դա իշխանությունների լավատեսական մոտեցումն է միայն: Նա պատասխանեց. «Ես տնտեսությունում շոշափելի ակտիվություն չեմ տեսնում, չնայած դա ասել է մեր երկրի նախագահը, բայց ես այդ կարծիքն իրավունք ունեմ չկիսել: Ինձ համար տեսանելին ժողովրդի վիճակն է: Եթե Աբովյան փողոցից իջնում ես դեպի հրապարակ ու տեսնում ես 3-4 մանր օբյեկտներից առնվազն մեկը վաճառվում կամ վարձով է տրվում, ի՞նչ տնտեսական ցուցանիշների մասին է խոսքը: Երբ որ բյուջեի կատարման հաշվետվությունն էր քննարկվում ԱԺ-ում, ես ասել եմ՝ բյուջեի կատարողականը կոնկրետ թվաբանություն չէ, կոնկրետ թվերի հետեւից ընկնել չէ: Բյուջեի կատարողականը  պետք է երեւա կյանքում: Այդ բյուջեն, երբ կառավարությունը ներկայացնում էր, ասում էր, որ սա մարդակենտրոն, սոցիալական ուղղվածության բյուջե է, որ զբաղվածության տոկոսն ավելացնելու է, գործազրկությունը կրճատելու է, արտագաղթը մեղմելուն ուղղված բյուջե է: Բայց հիմա որ մենք չենք տեսնում այդ ամենը, ի՞նչ բյուջեի կատարողականի մասին է խոսքը: Այնպես որ, թեկուզ դա ասել է մեր երկրի նախագահը, ես այդ կարծիքն իրավունք ունեմ չկիսել, անի որ ոչ սոցիալական, ոչ տնտեսական զարգացման ոլորտներում որեւէ էական առաջընթաց չեմ տեսնում»:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում նաեւ ասել էր՝ «Եթե որեւէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում Հայաստանը կարող է դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից, որովհետեւ դա շառլատանություն է, դա սուտ է: Դրա համար տեւական ժամանակ է պետք»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից առաջ ԲՀԿ-ի համագումարում Հայաստանը Ադրբեջանի պես հարուստ չէ, բայց Դուբայի պես ներդրումներով լի խոստացել էր դարձնել: Նրա խոսքերով՝ «Դուբայ, երեւի բոլորդ էլ գնացել եք, 25 տարի առաջ միայն անապատ էր: Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց: Մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք»: Նախընտրական քարոզարշավին ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ ասել էր, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը Սինգապուր է դարձնելու:

Այն, որ մեծ-մեծ խոստումներ տվողներին նախագահը շառլատան է անվանում, Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց. «Իսկ ի՞նչ կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն խոստանում: Բա եթե գալիս ես իշխանության, դու պետք է ունենաս խոստում եւ խոստումդ ի կատար ածելու բավարար ներուժ: Ինչ է, գաս իշխանության, ասես՝ ես ոչինչ չեմ խոստանում, որովհետեւ գիտեմ, որ չե՞մ կարող անել, ուրեմն մի արի իշխանության: Շատ իշխանավորներ, որ ասում են՝ հնարավոր չի անել, լավ էլ հնարավոր է, իրե՛նք չեն կարողանում անել: Եթե մեկն ինչ–որ բան չի կարողանում անել, ուրեմն պետք է բարի լինի, մեծահոգի լինի, բարոյական լինի իր տեղը զիջել այն մարդկանց, ովքեր կարող են անել: Ես գտնում եմ, որ շատ բան հնարավոր է անել փոքր երկրում, ուղղակի դրա համար պետք է պետական քաղաքական կամք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31