Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրիկ-Երեւանի» գործով Միքայել Կիրակոսյանի վճիռը`շուտով (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 14:23

«Ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ չի կիրառվել, ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել: Բողոքն անհիմն է, ենթակա է մերժման»,- սա դատախազ Վաղարշակ Մկրտչյանի վերջնական խոսքն է Միքայել Կիրակոսյանի`Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքի մասին:

Հիշեցնենք՝ վերջինս 2015 թվականի հուլիսի 6-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման է ենթարկվել և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Խոսքը «Էլեկտրիկ-Երեւանի» դեպքերի մասին է: Բողոքի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որը 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կարճվել էր:

Միքայել Կիրակոսյանը դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան`վիճարկելով վարույթ իրականացնող մարմնի եւ առաջին ատյանի դատարանի որոշումները: Դատարան ներկայացված բողոքով պահանջվել էր պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Միքայել Կիրակոսյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը: Դիմումատուն պնդում է, որ իր նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը իրավաչափ չի եղել եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողություններում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները. «Եվ վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանի որոշումներով խախտվել է բողոքաբերի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաեւ վերջինս զրկվել է կատարված հանրորեն վտանգավոր արարքով իրեն պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունից»:

Ի դեպ, բողոքաբերը`Միքայել Կիրակոսյանն այսօրվա նիստին ներկա չէր:

Դատախազի հիմնավորումներն այսպիսիք են`ոստիկանությունն ապահովել է բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը, միաժամանակ, նրանց տարբեր գործողությունները սահմանափակել են այլոց իրավունքները, ինչի մասին ոստիկանությունը քանիցս զգուշացրել է ակցիայի մասնակիցներին: Մասնավորաբար, աղբամաններով փակելով Բաղրամյան պողոտան, ըստ նրա, ցուցարարները սահմանափակել են այլ քաղաքացիների երթեւեկության իրավունքը:

Դատախազը նաեւ հայտարարեց, որ Միքայել Կիրակոսյանն իր ցուցմունքներում հերքել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել: Ըստ դատախազի, նա ասել է, որ իր վնասվածքները կարող էին անզգուշության արդյունք լինել:

Բացի այդ, դատախազը պնդեց, որ Միքայել Կիրակոսյանին առաջարկվել է լքել վայրը, որտեղ բերման է ենթարկված եղել, նա հրաժարվել է:

Միքայել Կիրակոսյանի պաշտպան ՀՔԱ Երեւանի գրասենյակի պատասխանատու Տաթեւիկ Կիրակոսյանն առարկեց`տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը հրաժարվել է լքել այդ վայրը, քանի որ առաջարկն իրեն արվել է անհիմն բերման ենթարկելուց եւ տեւական ժամանակ պահելուց հետո, երբ բոլորին է ասվել, որ ազատ են: Իրենք վիճարկում են մինչ այդ պահը նրան անօրինական պահելու փաստը:

Մանրամասները` տեսանյութում

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի այսօր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31