Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը խտրական մոտեցում է ցուցաբերում

Օգոստոս 02,2017 13:30

ՀՀ պետբյուջեից ամեն տարի միլիոնավոր գումարներ են հատկացվում այս կամ այն պետական համակարգում վարչարարությունը բարեփոխելու, քաղաքացիների գործը հեշտացնելու, թղթի օգտագործումը նվազագույնի հասցնելու նպատակով: Թվում է` այդ բարեփոխումների ֆոնին այն խնդիրները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում են, պետք է օպերատիվ կերպով լուծում ստանան, ինչը բխում է ոչ միայն մեր քաղաքացիների, այլ նաեւ պետբյուջեի շահերից:

Վերջին տարիներին բարեփոխվող կառույցների թվում է ճանապարհային ոստիկանությունը: Այստեղ պետեր են փոխվում, համակարգային փոփոխություններ են տեղի ունենում, սակայն հիմնարկը անարդյունավետ ծախսեր, միեւնույն է, անում է:

Այս տարվա հունիսի 28-ին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը էլեկտրոնային փոստով ծանուցվում է, որ այսինչ հատվածում ավտոմեքենան սխալ կայանելու համար տուգանվել է: Երկու օր անց բանկում տուգանքը` 5 հազար դրամը, վճարում է:

Գրեթե մեկ ամիս անց՝ հուլիսի 24-ին, պրոֆեսորը ֆիզիկական տարբերակով` փոստով, ծրար է ստանում, որտեղ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) քաղաքացուն զգուշացնում է վերոնշյալ խախտման համար տուգանված լինելու մասին: Քաղաքացի Ղանթարջյանը ստիպված է լինում զանգահարելով ՃՈ-ին զգուշացնել, որ տուգանքը վաղուց վճարել է: Բացի այդ, տուգանքին առնչվող դիմում է գրում Ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին:

Օրեր անց նույն խախտման համար պրոֆեսորը կրկին տուգանվում է եւ էլեկտրոնային փոստով արդեն հուլիսի 13-ին կրկին նամակ է ստանում: Այս անգամ էլ երկու օր անց քաղաքացի Ղանթարջյանը տուգանքը վճարում է, սակայն երկու-երեք շաբաթ անց տուգանված լինելու մասին կրկին փոստով նամակ է ստանում:

«Այսինքն` այդ հիմնարկում աջ ձեռքը չգիտի՝ ինչով է զբաղված ձախ ձեռքը: Ես հուլիսի 10-ին նրանց նամակ եմ գրել, եթե նամակս կարդացած լինեին, հաստատ սա չէին ուղարկի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Սարգիս Ղանթարջյանը:

ԵՊՀ-ի մասնաշենքի առաջ կայանված ավտոմեքենաներին ՃՈ-ն տուգանում է

Նրա խոսքով՝ կիրակի օրերին իր աշխատավայրի` Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ավտոկայանատեղին փակ է լինում, եւ ինքը, քանի որ ոչ աշխատանքային օրերին էլ աշխատում է, ստիպված է լինում կայանել մասնաշենքի դիմաց: Հենց այդտեղ կայանելու համար էլ ՃՈ-ն պրոֆեսորին երկու անգամ 5-հազարական դրամով տուգանել է` հիմնավորելով, որ տրանսպորտային միջոցը տեղակայված է եղել երթեւեկելի մասին ոչ զուգահեռ:

Պարոն Ղանթարջյանն ընդունում է, որ օրենք է խախտել, բայց իրեն վիրավորված է զգում, երբ Ճանապարհային ոստիկանությունը խտրական մոտեցում է ցուցաբերում: Բանն այն է, որ նշյալ հատվածից մոտ 100 մետր վերեւ, դեպի Աբովյան պուրակ, որտեղ գտնվում է ոստիկանության պոլիկլինիկան, նույն պայմաններում ավտոմեքենաները կայանում են, որոնց թվում են շատ հաճախ լինում ոստիկաններին պատկանող ավտոմեքենաներ, այդ թվում նաեւ պոլիկլինիկայի աշխատակիցների մեքենաները, սակայն ոստիկանությունը չտեսնելու է տալիս` չնայած, որ խախտումը նույն-նույնն է:

Ոստիկանության պոլիկլինիկայի առջեւ կայանած ավտոմեքենաներին չեն տուգանում

Այս հարցը պրոֆեսոր Ղանթարջյանը թե հեռախոսազանգով եւ թե գրավոր դիմումի միջոցով մոտ 20 օր առաջ ուղղել է Ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը, սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի. ոչ նամակին է պատասխան ստացել, ոչ էլ, երբ բանավոր հարցրել է, ՃՈ պաշտոնյան կարողացել է պատասխանել:

«Հարցնում եմ` ինչի՞ համար եք ինձ տուգանել, ոստիկանության պաշտոնյան ասում է` դուք թեք եք կանգնել, չեք տեսնում, եւ հետ տալուց ներքեւից եկող մեքենան ձեզ կարող է հարվածել: Ասում եմ` ձեր պոլիկլինիկաների մեքենաները այդ նույն ձեւով չե՞ն հետ տալիս, ինչո՞ւ եք նրանց թույլատրում՝ պատասխան չկա: Գրավոր նամակիս էլ պատասխան չկա, բայց այդ ընթացքում հասցրել են ինձ հիշեցնել, որ իրենց պարտք եմ` չնայած, որ տուգանքը վճարել եմ»,- մեզ հետ զրույցում ասում է պարոն Ղանթարջյանը:

Ըստ նրա՝ մի քանի անգամ էլ ոչ բանուկ փողոցում է տուգանվել` գիծը հատելու համար: Վերջին տուգանքը եկել է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում սպիտակ գիծը տրորելու համար. «Գիծը հատելու համար՝ 5 հազար դրամ, չեղած տեղից փող են աշխատում: Ասում էին՝ ընտրողաբար են մոտենալու, բայց, փաստորեն, ոչ մի փոփոխություն էլ չի եղել, այդ խախտումը կարող էր 1000 լինել կամ 2000 հազար դրամ, հատկապես, որ չորս կողմը դատարկ էր, ոչ մի ավտոմեքենա չկար»:

Սարգիս Ղանթարջյանը Ճանապարհային ոստիկանության սխալը բռնելուց հետո, երբ այդ մասին նրանց ղեկավարությանը բողոքել է, փոխանակ սխալն ուղղեն, մի այնպիսի «տրյուկ» են կիրառել, որ վարորդներին ծուղակը գցեն:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, մի անգամ էլ Ջրվեժում է տուգանվել: Խոսքը Ջրվեժից դուրս եկող այն հատվածի մասին է, որտեղ խաչմերուկ է, եւ մի փողոցը թեքվում է դեպի Գառնի, մյուսը` Ձորաղբյուր:

Սարգիս Ղանթարջյանը երթեւեկել է 74 կմ արագությամբ, ինչի համար էլ տուգանվել է: Այսինքն` ըստ ճանապարհային ոստիկանության, քաղաքացի Ղանթարջյանը 4-ով գերազանցել է արագությունը, քանի որ այդտեղ թույլատրելի արագությունը նշված է եղել մինչեւ 70:

Չնայած քարտեզի վրա այդ հատվածը նշված է որպես Մ14, ինչը վկայում է, որ այն այլեւս բնակավայր չէ եւ Ջրվեժի հետ կապ չունի, այդուհանդերձ՝ ակտում նշվել է` Ջրվեժի Անտոն Քոչինյանի փողոց, որպեսզի արագության սահմանափակումը գործի: Այս մասին ահազանգելուց հետո ճանապարհային ոստիկանությունը հաջորդ իսկ օրը ճանապարհային նշանը տեղափոխում է այն տեղը, որտեղ որ այդ խախտման համար քաղաքացի Ղանթարջյանին տուգանում է. «Որպեսզի այդ հատվածն էլ դառնա Անտոն Քոչինյանի փողոց, երբ Ջրվեժն ուրիշ տեղ էր ավարտվում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031