Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերը մոտենում է, իսկ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար բողոքներն աճում են

Օգոստոս 23,2017 14:30

Օրեր առաջ մեր գործընկեր «Հրապարակն» անդրադարձավ Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթին:

Հիմնական հավակնորդը տասնութ տարի այդ դպրոցում փոխտնօրեն աշխատած, 24 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Լիլյա Պողոսյանն էր: Ի դեպ, նա նաեւ համարվում էր Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետի՝ Աննա Ստեփանյանի մտերիմներից: Նշեմ, որ վերջինն այդ պաշտոնը ստանձնել էր՝ նախկինում լինելով նշյալ դպրոցի տնօրենը:

Մրցույթի հետ կապված մի խնդիր էլ ծագել է Երեւանի Մուշեղ Իշխանի անվան (թիվ 5) հիմնական դպրոցում, որն ըստ էության այս տարվա գարնանից տնօրեն չունի: Դպրոցի մանկավարժները դիմել են Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն, ստացել պատասխանը (լուսանկարում), ապա դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Մանկավարժ-նամակագիրները նշում են, որ այս տարեսկզբին դպրոցի տնօրեն տիկին Ա. Սարգսյանն անցել է կենսաթոշակի: Թե մանկավարժական կոլեկտիվը եւ թե աշակերտների ծնողները հույս ունեին, թե փոխտնօրենը կնշանակվի տնօրեն, քանի որ քառորդ դար նրա փորձն ու բարձր հեղինակությունն այլընտրանք չեն ընդունում. «Մուշեղ Իշխանի անվան մեր դպրոցը հանրապետության լավագույն ավանդույթներ ունեցող հաստատությունների թվում է դասվում: Այդ հեղինակությունը ձեռք է բերվել մանկավարժներիս միակամ ու նպատակադրված աշխատանքով, որի հիմնական կազմակերպիչը եղել է դպրոցում արդեն 20 տարի փոխտնօրեն աշխատող տիկին Սուսաննա Բարսեղյանը»:

Մանկավարժական կոլեկտիվին վերջերս այցելել են Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից եւ տեղեկացրել, որ կենսաթոշակի անցած տնօրենի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու մեկ այլ դպրոցի ուսուցիչներից մեկը. «Մեզ համար պարզից էլ պարզ է, որ այդ նշանակմամբ հող է նախապատրաստվում նրան տնօրեն նշանակելու: Մենք անակնկալի եկանք. մի՞թե մեր փոխտնօրենի 20 տարվա ջանադիր գործունեությունը, մանկավարժական ու կազմակերպչական հմտություններն այդպես են գնահատվում»:

Վարչապետին տեղեկացվում է, որ դիմում են ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, համարելով, որ նրա միանձնյա որոշման հիման վրա է նշանակվել դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը: Մանկավարժական կոլեկտիվին ուղղված քաղաքապետարանի պատասխանը չի գոհացրել, նրանց կարծիքով, այն «կարծես ծաղր լինի մեր նկատմամբ: Այդ ո՞վ է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար տիկնոջն ասել, թե մեր դպրոցում տիրում է պատերազմական մթնոլորտ եւ իրենք էլ այդ մթնոլորտը «խաղաղ պահելու համար» նախընտրել են ոչ կոլեկտիվի անդամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել»:

«Առավոտի» տրամադրության տակ եղած վարչապետին ուղղված նամակի համաձայն, կոլեկտիվը «միաձայն գտնում է, որ 20 տարի շարունակ փոխտնօրեն աշխատած, կոլեկտիվի եւ աշակերտների, նրանց ծնողների համերաշխությունը, ուսումնադաստիարակչական գործընթացը բարձր հիմքերի վրա պահպանելու գործում մեծ ավանդ ունեցող, ավանդույթներ ստեղծած արժանավոր մանկավարժը ղեկավարի դպրոցը»:

Նամակագիրները հարցնում են, թե ինչպես է, որ Սիամանթոյի անվան դպրոցում տնօրեն ՝է նշանակվել այդ դպրոցում 18 տարի տեղակալ աշխատած մեկը, իսկ ահա Մուշեղ Իշխանի անվան դպրոցում 20 տարի տեղակալ աշխատած, 2 անգամ ղեկավարման հավաստագիր ստացած տեղակալը չպետք է տնօրեն աշխատի, հիմքում էլ դրվել է «պատերազմական» գործոնը:

Նամակը ստորագրած մանկավարժները վիրավորված են, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել. «Գուցե վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից հովանավորվող թեկնածուն իսկապես արժանավոր է, սակայն մենք էլ մեր ավելի արժանավորն ունենք, ում հետ քառորդ դար աշխատում ենք, ում հետ 25 տարի շփվում են մի քանի սերունդ՝ մեր նախկին հազարավոր աշակերտները, ովքեր հիմա իրենք են ծնողներ եւ ցանկանում են, որ իրենց սիրելի ուսուցչուհին իրենց երեխաների ուսումնառության ղեկավարը լինի»:

Նրանք բարձրաձայնել են վստահության մասին, որը միակողմանի է:
«Առավոտի» տեղեկություններով՝ դեռ հուլիսին տնօրենի թափուր մնացած տեղի համար փոխտնօրենը ներկայացրել է դիմում:

Կառավարման խորհուրդը օգոստոսի 18-ին հայտարարել է մրցույթ, իսկ հոկտեմբերի 6-ին նշանակվել է մրցույթը: Նոր ուսումնական տարվան մնացել է ութ օր:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

 

«Առավոտ»

22.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հոբոսյան Ա. says:

    Մ.Իշխանի անվան դպրոցի փոխտնօրեն տիկին Ս.Բարսեղյանը վաստակել է ամբողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը: Նրա նվիրվածությունը կոլեկտիվին և դպրոցի աշակերտությանը հաստատում է, որ նա կարող է լինել լավագույն տնօրեն:

  2. Սամվել Խալաթյան says:

    Հոդվածը տխուր մտորումների տեղիք տվեց: Տարիներ առաջ ես առիթ ունեցել եմ շփվելու Մուշեղ Իշխանի անվան դպրոցի մանկավարժների, փոխտնօրեն Սուսաննա Բարսեղյանի հետ և հիացել եմ նրա ու գործընկերների ջերմ ու արդյունավետ համագործակցությամբ: Առիթը ստեղծել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ Արտաշես Հովհաննիսյանը, ով խնդրեց իմ մանկական պիեսներից մեկը ,,հարմարեցնել,, դպրոցական բեմի համար, որպեսզի այդ դպրոցի աշակերտները խաղան` իր բեմադրությամբ: Ես շատ զարմացա Վարպետի ընտրության վրա, մանավանդ, որ այդ պիեսը ժամանակին բեմադրվել էր Պատանի հանդիսատեսի և Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում, և դրանից հետո` դպրոցական բեմո՞ւմ… Նա, գուշակելով, որ մերժելու եմ` վրա բերեց. ,,Գնանք, կծանոթանաս փոխտնօրենի, աշակերտների հետ ու կհամոզվես, որ գլուխ կհանեն,,: Գնացինք: Չերկարացնեմ, նման կազմակերպչի և աշակերտների, նրանց ծնողների շրջանում այդքան մեծ հեղինակություն ունեցող ուսուցիչ-փոխտնօրենի, ես դեռ չէի հանդիպել: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ և, նույնիսկ, ներկա գտնվող քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցները կարծիք հայտնեցին, որ այն կարելի է ներկայացնել նաև այլ դպրոցներում: Ես հիացած էի փոխտնօրենի աշխատանքով, որով էլ հենց պայմանավորվել էր այդ հաջողությունը:
    Եվ ահա, պարզվում է, որ Սուսաննա Բարսեղյանն էլ է ընկել , այսպես կոչված, կոռուպցիոն հարվածի տակ: Ես չեմ վարանում սա ԿՈՌՈՒՊՑԻԱ անվանելուց, քանզի դրան այլ որակում չէր հարմարվի: Եվ ստիպված եմ հռետորական հարց հնչեցնել` բա լավ, էս մեր երկրում արժանավոր մարդիկ կոչված են միայն արհամարհվելո՞ւ… Ի՞նչ բարոյական իրավունքով է արհամարհվում նաև դպրոցի մանկավարժների, ծնողների, աշակերտների կարծիքը:
    Պարոնայք ղեկավարներ, սթափվեք, տվյալ դեպքում վտանգվում է նաև մատաղ սերնդի հավատը, մի հիասթափեցրեք նրանց ձեզնից ու երկրից, իշխանություններից, գոնե դպրոցն անաղարտ պահեք հովանավորչական ախտից:
    Սամվել Խալաթյան
    Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

  3. Սրբուհի Աբրահամյան says:

    Այս պարագայում մեկնաբանելն ավելնորդ է, ցավոք սրտի այս իրավաճակը պարազաբանելու համար մնում է միայն ենթադրել, որ մեր օրերում գերիշղող դեր է խաղում կաշառքը: Բարսեղյանին անձամբ եմ ճանաչում: Եվ կարող եմ միայն մի բան ասել, մի մարդ եթե կաշառք չի վերցնում, ուրեմն՝ չի էլ տալիս: Ցավում եմ քեզ համար իմ լավ ու բարի Բարսեղյան ջան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031