Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեմ ընդունում հեղափոխությունը

Օգոստոս 24,2017 10:00

Մոտավորապես 1994 թվականից, երբ հեղափոխություն էին անում ԱԺՄ-ն եւ Աշոտ Մանուչարյանը, ես այս կամ այն «թնդության» հայհոյանքներ, հոխորտանքներ եւ սպառնալիքներ եմ ստանում  հեղափոխականներից: 23 տարի նույն, մեղմ ասած, կշտամբանքները լսելով եւ կարդալով, բնականաբար, ձեռք եմ բերել որոշակի իմունիտետ: Իսկ ամենակարեւորն այն է, որ երբ «հեղափոխական իրավիճակն» անցնում է, այն նույն մարդիկ, որոնք ակնարկում էին, թե իշխանության գալու դեպքում ինձ կկախեն Լեւոնի, Ռոբերտի կամ Սերժի կողքի սյան վրա («ոչինչ, քիչ մնաց, հեսա ժողովուրդը…»), այդ նույն մարդիկ դառնում են շատ ավելի բարի եւ հանդուրժող` հրաժարվելով կախաղաններ ու գիլյոտիններ կառուցելու իրենց մտադրություններից: Ինձ բարիկադների հակառակ կողմում տեսնող բոցավառ հեղափոխականը ձեռք է բերում ադեկվատության ակնհայտ նշաններ եւ դառնում է, ինչպես ասում են, «մի հրաշք անձնավորություն»:

Իհարկե, ես չեմ կարող համեմատել ԱԺՄ-ն կամ ՀԱԿ-ը ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած խմբի հետ: (Թերեւս` որոշ չափով այդ խումբը նման է 90-ականների դաշնակցությանը, որի կազմում կար «Դրո» կառույցը): Սահմանադրության շրջանակներում գործող քաղաքական ուժի եւ զինված խմբավորման միջեւ տարբերությունը ես տեսնում եմ: Տարբերություն չկա, իմ կարծիքով, նրանց բոլորի` հայհոյող եւ սպառնալիքներ արտաբերող կողմնակիցների միջեւ: Միեւնույն ժամանակ համացանցի եւ Ֆեյսբուքի դարում նկատվում է հետեւյալ օրինաչափությունը` որքան Հայաստանից հեռու, այնքան բարձր է «աբիժնիկության» մակարդակը եւ, հետեւաբար, թունդ են հայհոյանքները: Այդ ձեւով իրենց սիրտը հովացնողներին նյութ տալու համար եւս մեկ անգամ ասեմ, որ դեմ եմ հեղափոխություններին ընդհանրապես եւ ժամանակակից Հայաստանում` հատկապես: Ինձ թվում է, որ ցանկացած հեղափոխությունից հետո անհրաժեշտ է որոշակի կայունացման ժամանակաշրջան` այնպես չէ, որ հեղափոխական զանգվածները ամիսներով թափառելու են փողոցներով եւ անելու են իրենց ուզածը: Բոլորը` ժամանակավոր, թե մշտական իշխանությունը վաղ թե ուշ կարգի է հրավիրելու «Ավրորայի» նավաստիներին» կամ «հերոս տղերքին», անհրաժեշտ կլինի դարձյալ ոստիկանություն, վերահսկողություն, ռեպրեսիվ ապարատ եւ այլն: Դեռ հարց է` արդյո՞ք այդ «նավաստիները» կամ «ռոմանտիկները» կենթարկվեն այդ կարգուկանոնին, թե կասեն` «քանի որ ժողովուրդը հաղթել է, մեզ բան ասող չպիտի լինի»: Բայց, ենթադրենք, ենթարկվեցին:

Արդյո՞ք նոր ռեպրեսիվ ապարատն ավելի լավը կլինի, քան հինը, արդյո՞ք «նավաստիների» վերահսկողությունը բավարար կլինի, որ ապարատը փոխվի: Եվ Հայաստանի համար ամենակարեւոր հարցը՝ որքա՞ն է տեւելու այն «կայունացման շրջանը» եւ ի՞նչ է այդ ժամանակահատվածում կատարվելու մեր սահմաններին: Իհարկե, այդ ամենին ի պատասխան՝ բերվում է «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում: Եթե Արեւմուտքը որոշի նման ծրագիր իրականացնել Հայաստանում, դա կունենա իր դրական եւ բացասական կողմերը: Մեր դեպքում բացասականն, իմ կարծիքով, ավելի շատ կլինի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ճիշտը սովորելն է։

  2. Ruben says:

    Գլխավոր խմբագրին՝.
    1991-1994թթ., Դուք ծառայել եք ժողովրդի՞ն (պետությա՞նը), թե՞ նախագահին (Լեւոն Տեր Պետրոսյանին):
    Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է չափել Վանո Սիրադեղյանի «աբիժնիկության» մակարդակը: Բա՞րձր է, թե՞…Պետակա՞ն գաղտնիք է…

    • Ruben says:

      Իմ իսկ հարցն ինձ հիշեցրեց մի դրվագ անցյալից:
      Ցուրտ ու մութ տարիներին էր: ՆԳՆ-ի դիմացից, Գետառի աջ ափով քայլելում էի դեպի պլանի գլուխ: Ուշ երեկո էր: Բախտս բերեց, մի հատ մինուճար, ճերմակ գույնի «Նիվա» հայտնվեց:
      Կանգ առավ, նստեցի: Վիադուկի մոտ ՄՀՆՋ-ն (ОМОН) կանգնեցրեց, բարեւեց (Մորեխը)… Շարունակեցինք ճանապարհը: Խոսք ընկավ ԼՏՊ-ից: Փաստարկներով եւ փաստերով ես մեղադրում էի ԼՏՊ-ին՝ Խաչիկ Ստամբոլցյանի գթության ֆոնդի կողոպուտի, Վազգեն Մանուկյանի «անճար» տնտեսական լուծումների ու թարս թխած որոշումների, Վազգեն Սարգսյանի ղեկավարած պաշտպանության եւ ներքին գործերի կոմիտեի անիրազեկության…
      Վարորդն ինձ հարցրեց՝. Իսկ ինչու՞ եք ծառայում նախագահին:

  3. Araqel says:

    “որքան Հայաստանից հեռու, այնքան բարձր է «աբիժնիկության» մակարդակը եւ, հետեւաբար, թունդ են հայհոյանքները: ”

    Ըստ իմ վիճակագրության, ամենաաբիժնիկ վիճակը Լոսի հայերի մոտ է:
    Դա գալիս է հիմնականում պարապությունից, ինտերնետի մատչելիությունից ու կոմյուտերային “գյորմամիշությունից” 😀 :

  4. Կարո Մելիքյան says:

    «Գլուխն» է կարեւոր,ինչպես ամեն տեղ եւ ամենուր՝լինի իշխանություն,թե ընդդիմություն,եթե այն իր տեղում է(որքան գիտեմ, դուք դա չեք ընդունում),նա է ընտրում իր շրջապատը։
    Եթե տրամաբանորեն մոտենանք այսօրվա իրավիճակին,ապա կտեսնենք,որ «գլխի» շրջապատը՝հիմնականում «մուծվողներ» էն՝մասնագիտական մասը,դա երկրորդական-երրորդական բաղադրիչն է,դեռ պաշտոն չստացած՝արդեն միլիոնատերեր էն,անուններ չեմ տալիս,քանի որ ,աչքերներս փակ,եթե բոլորի անունները գրենք եւ քցենք արկղի մեջ,մի փոքրիկի էլ խնդրենք արկղից վիճակ հանելու,ապա կասկածները կփարատվեն…Նույնիսկ պատգամավոր դառնալու համար ,(հհկ,բհկ) պետք է մուծվես։ Ես համոզված էմ,հիմա ընթերցողների մեծամասնությունը կասի՝իբր նորություն ասաց։ Մի խոսքով մուծուծվում էն,մուծվում էն,մատուցում էն,մատուցվում էն,մտացնում էն,իմիտացնում էն,նույնիսկ ընդդիմությանը՝ փչացնում են,մեր ապագան ռուսացնում էն….

  5. Սամվել says:

    Ես էլ եմ դեմ հեղափոխություններին, քանի մոր այն երկիրը 20-25 տարով դնում է անորոշության մեջ, ապա կայունանում է, բայց չգիտես այդ կայունացումը ավելի լավն էր, թե մինչ այդ գոյություն ունեցողը: Վկան՝ 1917 թ., վերջին տարիների հեղափոխությունները, որից հետո դեռ ոչ մի հետխորհրդային երկիր կարգին խելքի չի գալիս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031