Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ կարգադրիչի համար փաստաբանը կասկածյալ է». փաստաբանները՝ իրենց գործադուլի մասին

Օգոստոս 26,2017 13:45

Երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարություն տարածեց առ այն, որ 138 փաստաբաններ գործադուլ են հայտարարում՝ սեպտեմբերի 13-ին չմասնակցելով դատական նիստերի (այդ օրը նաեւ «Սասնա ծռերից» 14-ի գործով նիստն է):

Այս ակցիայով փաստաբանները դժգոհություն են հայտնում իրենց հանդեպ, ինչպես իրենք են բնորոշում, ապօրինի գործողությունների առնչությամբ, մասնավորապես՝ դատարաններում նիստերից առաջ ապօրինաբար խուզարկվելու:

«Օրենքը չի թույլատրում փաստաբանին խուզարկել: Չկա սահմանված կարգ, որ փաստաբանը պայուսակից ինչ-որ բան պետք է հանի: Առավել եւս, սահմանված չէ, թե որոնք են արգելված իրերը: Այսինքն, երբ դատարանի կարգադրիչն է որոշում, թե փաստաբանը պայուսակից ինչ կարող է հանել, դա արդեն դառնում է կամայական խուզարկություն: Մետաղական իր կարող է լինել փաստաբանի աշխատանքային գործիքը, ես չեմ պատրաստվում բացել եւ ցույց տալ իմ աշխատանքային գործիքները: Ստացվում է, որ դատարանում փաստաբանին կասկածյալի կարգավիճակով են ընդունում, եւ կարգադրիչի համար փաստաբանը փաստացի կասկածյալ է: Ըստ այդմ, կարգադրիչը ենթադրում է, թե փաստաբանն իր մոտ կարող է ունենալ այնպիսի առարկա, որով վնաս կհասցվի որեւէ մեկին: Դե, եթե փաստաբանը կասկածյալ է, թող համապատասխան որոշում կայացնեն եւ օրենքով սահմանված կարգով տանեն-խուզարկեն»,-Aravot.am-ի հետ զրույցում գործադուլի պատճառներից նշյալ խնդիրն առանձնացրեց «Սասնա ծռերի» պաշտպաններից փաստաբան Նինա Կարապետյանցը:

Նա հավելեց. «Ցավոք, մենք փաստաբանների պալատից չտեսանք այն աջակցությունը, որին սպասում էինք: Կդժվարանամ ասել, թե պատճառը որն է»:

«Սասնա ծռերի» պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Զննություն արտաքին է: Ցանկացած գործողություն, որը բերում է պայուսակը բացելուն, տանում է դեպի խուզարկության: Համապատասխան սարքերի առկայության դեպքում կարելի էր արձանագրել՝ պայուսակում արգելված իրեր կա՞ն, թե ո՞չ: Բայց դատարաններ կան, որտեղ այդ սարքերը կան, բայց դրանցով չեն զննում ու խուզարկություն են կատարում: Ուստի մենք գտնում ենք, որ դա անթույլատրելի է: Մենք մինչեւ վերջ ենք պայքարելու, մինչեւ խնդիրը լուծում ստանա»:

Հիշեցնենք, որ երեկ հատուկ սարքերի առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ դատական դեպարտամենտը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031