Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կվերամշակի մեր հավաքած թուղթը. «Ազգ»

Սեպտեմբեր 02,2017 12:31

Համոզված եմ` մեր գյուղերում աղբն ավելի նվազ կլինի, քան քաղաքում: Գյուղացիներն ավելի տնտեսվար են, մեզ էլ կարող են հուշել, թե ասենք հավկիթի, վարունգի կեղեւները, սուրճի նստվածքը զորավոր ուժ ունեն` կարող են պարարտ դարձնել հողը: Այն աղբը, ինչ Երեւանում ինձ է բաժին ընկնում, ամեն օր իսկապես մեծ մտահոգության տեղիք է տալիս. բոլորի նման ամեն ինչ նետում եմ նույն աղբամանը, հետո` օրվա վերջին, նկատում, որ քաշով ամենածանր` բիո աղբը գոնե կարող եմ որպես կոմպոստ պահել, մեր բակի հողին խառնել: Վաղվանից կանեմ` մտադրվում եմ, հետո ընդհանուրի մտածողությունը, թե «սա Հայաստան է, պիտի վերեւից լինի», խոստովանեմ` ինձ էլ տարօրինակ ծույլ է դարձնում: Եթե այսօրվա գրածս դառնա երդման նման մի բան, իսկ վաղն ընթերցողի կարծիք շարժելով գործողություն դառնա, պատկերացնում եմ, թե պարարտանյութ ներկրող քանի հակառակորդ եմ ունենալու: Երկյուղ չունեմ, քանզի գիտեմ, որ չափերով փոքր, ծայրահեղություններով ծայրահեղագույն մեր երկրում բոլորի համար հող, արեւ, ջուր ու գործ կա: Թեկուզ աղբ վերամշակելու գործը, որքան մտավոր ներդրում, նույնքան եկամուտ:

Եթե մեր հոգին ցավի կտրված ծառի բունը տեսնելիս, եթե 5- րդ դարի գրավոր մեր մշակույթը մեր մեջ գրի, գրավորի, թղթի հանդեպ հարգանքը վերականգնի, եթե «սովետական» դպրոցականի`մակուլատուրա հավաքելու, իսկ դրան ի պարգեւ գիրք ստանալու հիշողությունը հին հասարակարգի նման անցյալ չմնա, կարող ենք այսօր էլ գոնե թուղթը հավաքել- վերամշակել: Կա նիհարիկ կանաչ տարածք, որ հրդեհից մոխրանում է, կացնի տակ է հայտնվում, երբ ֆինանսական կլորիկ եկամուտ են խոստանում դրա դիմաց: Երբ ամեն օր ընդհանուր աղբամանն ենք փորձում նետել նաեւ թուղթն ու ստվարաթուղթը, միտքը ձեռքին կարող է սաստել` սա առանձնացնենք: Ես մի կույտ արդեն հավաքել եմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ւր տանեմ: Դեռ ոչ մի հրատարակչության դուռը չեմ թակել, զուգարանի թուղթ արտադրող որեւէ ձեռնարկության հեռախոսը չեմ ծանրաբեռնել իմ հարցմամբ: Միգուցե վաղվանից ինձ հետ դո՞ւք էլ հարցում անեք:

Մեկ էլ տեսար` մեր բոլորի նախաձեռնությունը երկիրն աղբից մի քանի սանտիմետր մաքրելու, գիրք, տետր, թեկուզ զուգարանի թուղթ ստանալու, ի վերջո անտառ կամ սերունդներ փրկելու ծրագիր դառնա: Գրավոր մեր ժառանգությունը պարտադրում է թուղթը չխառնել ընդհանուր աղբին:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա-Հայաստան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930