Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի երկակի ստանդարտները

Սեպտեմբեր 07,2017 11:00

«Հայաստանի Հանրապետությունը մեկ անգամ չէ, որ իր կարծիքն արտահայտել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Ավելի դիպուկ, քան հանրապետության նախագահը, դժվար է ներկայացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` «զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, միայն խորացնում է իրավիճակը», չի՞ վերաբերում նաեւ Արցախյան հարցին: ՌԴ նախագահը, նկատենք, սույն հայտարարությունն արել էր՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը: Իսկ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցին Սերժ Սարգսյանն անդրադարձել էր 2015 թվականի մարտի 19-ին, «Արարատի ստորոտին» մեդիա-ֆորումի ժամանակ: ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաեւ ՀԱՊԿ-ում, ունեն «Բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագիր», ԽՍՀՄ ռեժիմից ի վեր ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը` հիշեցրել էր նախագահը` հավելելով. «Այս ընթացքում ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք որեւէ այլ երկրից չենք ստացել Ռուսաստանից ստացած օժանդակության նույնիսկ մեկ տոկոսը, այնպես որ՝ երախտապարտ ենք եւ շնորհակալ մեր դաշնակցին մեզ օժանդակելու համար: Բայց ինչպես հայերն են ասում՝ բոլոր երնեկները մի տեղ չեն լինում, ուստի այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետեւ տեւական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը եւ ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, թշնամիներ եւ իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»: Նկատենք, որ Ադրբեջանին սպառազինելը պաշտոնական Մոսկվան անվանում է բիզնես: Իսկ պաշտոնական Երեւանում տեւական ժամանակ փորձում էին հասկանալ, ավելին` արդարացնել ռազմավարական գործընկերոջ բիզնես-շահը, անգամ ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած օրերին:

Էդուարդ Շարմազանովը նկատում է` իշխող կուսակցությունում միշտ էլ բարձրաձայնել են, որ վաղ թե ուշ Ադրբեջանին զենք վաճառող բոլոր պետությունները պետք է գիտակցեն` Ադրբեջանը, Թուրքիայի հետ մեկտեղ, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության սպառնալիք է: «Իսկ ՌԴ նախագահի գնահատականները` դրանք ՌԴ նախագահի գնահատականներն են, որոնք վերաբերում են դոնբասյան խնդրին եւ ռուս-ամերիկյան հարաբերություններին: Չեմ կարծում, որ կարիք կա, որպեսզի ես դրանք մեկնաբանեմ: Արցախի խնդրի, Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված մեր կարծիքը հայտնել ենք բաց եւ հրապարակային, եւ այն չի փոխվել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի` դեռ ժամանակին արած հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են եւ ունեն բավարար ներուժ էմբարգո սահմանելու զենքի մատակարարմանը կոնֆլիկտային գոտիներում, այդ թվում նաեւ Արցախյան հակամարտության գոտում: «Հայաստանը պետք է շարունակի հզորացնել իր անվտանգության համակարգը` օգտվելով նաեւ այն հնարավորություններից, որը մեզ տալիս է ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ի հետ սահմանված արտոնյալ պայմանները, մյուս կողմից` իրականացնել դիվանագիտական գործընթացներ»,- ասում է Էդուարդ Շարմազանովը` հավելելով՝ եթե կարողանանք հասնել Շավարշ Քոչարյանի նախանշած տարբերակին, լավ կլինի, բայց պետք է նկատի ունենալ, որ մեր տարածաշրջանում բավականաչափ զենք արդեն վաճառվել է, որ ցանկության դեպքում Ադրբեջանը նորից կգնա արկածախնդրության: Իսկ դրա զսպող միակ մեխանիզմը հայկական զինված ուժերն են: Դիտարկմանը, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին եւ Թուրքիային սպառազինելուն վերաբերող Երեւանից հնչած հայտարարությունները, փաստորեն, անհետեւանք են մնացել, քանի որ սպառազինության գործընթացը շարունակվում է, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Համենայնդեպս, մենք ասել ենք»: Նա կարծում է, որ ՌԴ նախագահի այս հայտարարությամբ պայմանավորված՝ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է վերանայվեն. «Բոլոր խնդիրներով հանդերձ՝ մենք պետք է կարողանանք զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի կարողանանք ավելի մատչելի պայմաններով սպառազինել մեր բանակը: Այս ամենի մասին բազմիցս ենք ասել»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ Հայաստանի` Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին չմասնակցելու շուրջ առաջացած աղմուկին: Դա ուղեկցվեց մեկնաբանություններով, որ Երեւանը կրկին առաջնորդվեց մեկ գիշերվա ընթացքում որոշումներ փոխելով: Էդուարդ Շարմազանովը չի հասկանում քաղաքագիտական «որոշ շրջանակների» մոտ եւ լրատվական դաշտում պտտվող «մեկ գիշերվա ուրվականը»: Ինքը հորդորում է լարել սառը դատողությունը եւ հիշել, որ Հայաստանի հեռանկարում ՆԱՏՕ-ի անդամակցություն երբեք էլ չի եղել. «Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Ուստի խոսել մեկ գիշերում կայացրած շրջադարձային որոշման մասին՝ անգրագիտություն է: Այս զորավարժություններին մասնակցությամբ-չմասնակցությամբ մենք ոչ ՀԱՊԿ-ից դուրս էինք գալու, ոչ էլ ՆԱՏՕ-ին էինք անդամակցելու: Նաեւ` նախկինում Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ական տարբեր զորավարժությունների` ելնելով մեր զինված ուժերի առաջնահերթություններից: Այս զորավարժությունները առաջնային չեն համարվել մեր անվտանգության համակարգի համար: Հայաստանի անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, ինչի մասին բազմիցս է հայտարարվել»: ԱԺ փոխխոսնակը պնդում է` Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբին իր մասնակցությունը, շարունակելու է նաեւ ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում իր մասնակցությունը, շարունակելու է համատեղ ծրագրերը ահաբեկչության դեմ պայքարում. «Սա դեմարշ չէր` ընդդեմ ՆԱՏՕ-ի: Անվտանգության եւ արտաքին քաղաքական համակարգում կա չգրված օրենք, որը գործել է հարյուրամյակներ. պետությունները պետք է ունենան դաշնակիցներ եւ լինեն այս կամ այն ռազմաքաղաքական միավորման անդամ: Մանավանդ փոքր պետությունները պետք է ռազմաքաղաքական դաշինք կազմեն այն երկրների հետ, որոնք տարածաշրջանում ունեն բանակներ: Մեր տարածաշրջանում կա երկու բանակ` ռուսական եւ թուրքական: Ես չեմ կարծում, որ լավագույն լուծումը թուրքական բանակի դաշնակիցը դառնալն է: Նման սխալներ ժամանակին մենք ունեցել ենք»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի` Հայաստանի կողմից ինքնիշխան որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովը նկատում է. «ՀՀ իշխանությունները ցանկացած որոշման մեջ առաջնորդվում են` առանցքում ունենալով ՀՀ պետական շահը: Մենք սպասարկում ենք բացառապես մեր պետական շահը: Որեւէ մեկը, ՀՀ իշխանություններից առավել, շահագրգիռ չէ Հայաստանի ինքնիշխանությամբ: Սա հավասարապես վերաբերում է ՀՀ բոլոր իշխանություններին»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930