Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունքի կողմ». Նաիրա Նահապետյանը սպառնացել է․ «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»

Սեպտեմբեր 19,2017 16:15

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը

2017 թվականի հուլիսի 3-ին ժամը 18 -30-ի սահմաններում Երևան քաղաքի ավագանու անդամ՝ Հայաստանի Հանրապետական խմբակցությունից Նաիրա Նահապետյանը ապօրինաբար մուտք գործելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (ԻՀԿ), ներկայանալով, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր։

Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ -ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթերը և Ն․ Նահապետյանը վերջինիս սպառնացել է․ «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»։

Ն․ Նահապետյանը գրասենյակ մուտք գործելիս և փաստաթղթեր պահանջելիս պատշաճ կերպով չի ներկայացել, չի ներկայացրել իր գործողությունների իրավական լինելը հաստատող որևէ փաստաթուղթ, «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու համար չի ներկայացրել որևէ փաստաթուղթ կամ որոշում։

Մինչ Ն․ Նահապետյանը Լիլիթ Մարտիրոսյանին սպառնում և պահանջում էր փաստաթղթեր, վերջինիս ամուսինը՝ Արա Աղաբաբյանը վեճի մեջ է մտնում ՀԿ-ի շահառուների հետ և ծեծի ենթարկում ՀԿ-ի շահառուներից մեկին, որի արդյունքում կոտրվում է շահառուի ձախ ձեռքի հինգերորդ մատը։

Միջադեպից հետո Լիլիթ Մարտիրոսյանը ահազանգում է ոստիկանություն։ Ահազանգի հիման վրա ներկայանում են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները։ Արաբկիրի բաժնում իրականացվում է հետաքննություն և նախապատրաստվում են նյութեր, որը հանձնվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2017 թվականի հուլիսի 19-ին հարուցվում է թիվ 14857617 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով այն է, դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության շահառուն ճանաչվել է տուժող։

Ն․ Նահապետյանի կողմից գրասենյակ ապօրինի մուտք գործելու, փաստաթղթեր պահանջելու փաստի վերաբերյալ գոյություն ունի տեսաձայնագրություն, որը տեսաձայնագրել են գրասենյակի տեսանկարահանող սարքերը։ Տեսանկարահանող սարքերի կողմից տեսաձայնագրվել են նաև քրեական գործի հետ կապված այլ փաստեր։ Նշված տեսաձայնագրությունները հանձնվել են իրավապահ մարմիններին, որոնք ուսումնասիրվել են քրեական գործը վարող քննիչի, տուժողի և վերջինիս ներկայացուցչի, ընթերականների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» ՀԿ -ի նպատակն է. «Ձևավորել իրավահավասար հասարակություն և ուժեղ տրանս համայնք՝ տրամադրելով առողջապահական, կրթական, սոցիալ—հոգեբանական և իրավաբանական ծառայություններ, բարձրացնելով տրանս համայնքի տեսանելիությունը և խթանելով տրանս անձանց իրավունքների պաշտպանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930