Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Անկախացած Քուրդիստանը նախատեսում է շարունակել բանակցությունները

Սեպտեմբեր 25,2017 16:51
aram sargsyan

«Գործ ունենք գրեթե կայացած պետության հետ, որն ունի իր սեփական, արդյունավետ գործող իշխանությունը, ունի ժողովուրդ, որն իրոք ձգտում է այդ անկախությանը եւ ունի իր բանակը, որը շատ կազմակերպված է ու միակն է, որ կարողացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարելով մաքրել իր տարածքը գրոհայիններից: Եվ որ ամենակարևորն է՝ ամեն ինչ շատ խաղաղ է ընթանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա արդեն երրորդ օրն է՝ գտնվում է Էրբիլում:

Արամ Սարգսյանը դիտորդական առաքելություն է իրականացնում Իրաքյան Քուրդիստանում անցկացվող անկախության հանրաքվեին: Հանրաքվեին 50-60 երկրներից դիտորդներ են ժամանել, հետաքրքրությունը բավականին մեծ է:

Մեր զրուցակիցը նկատեց`մարդիկ բարձր տրամադրությամբ են մասնակցում հանրաքվեին: Նա տպավորություն ունի, որ սա իրենց համար իսկական տոն է: Ըստ նրա, մարդիկ շտապում են ընտրատեղամասեր, կուտակումներ կան: Պատճառն այն է, որ բոլորը պարտադիր ուզում են մասնակցել հանրաքվեին: Չնայած շոգ եղանակին, հարյուրավոր մարդիկ սպասում են քվեարկության իրենց հերթին: Այս ամենի հետ, որեւէ լարվածություն, հրմշտոց չկա: «Անկախանալու ժողովրդի ցանկությունը շատ մեծ է»,- ենթադրում է մեր զրուցակիցը:

«Երբ ինձ որպես դիտորդ հրավիրեցին մասնակցելու, առաջինը, ինչ կարեւորեցի, դա Արցախի հիմնախնդրի հետ կապված առնչվող խնդիրներն են, որոնք անպայման կունենան նաեւ զուգահեռ մոտեցումներ: Եվ ես ուշադիր հետեւում եմ այդ ամենին՝ հասկանալու, թե ինչպիսի հնարավորություններ կլինեն օգտվելու նաև այս անցկացվող հանրաքվեի արդյունքներից»,- ասաց Արամ Սարգսյանը:

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին այսօր հայտարարել է, թե Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումից հետո իրաքյան բանակի հետ ռազմական գործողությունների մեկնարկ չեն սպասում: Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս նման վտանգ չեն տեսնում: Միակ մտահոգությունը, որ ունեն ինքնավարությունում, ըստ Արամ Սարգսյանի, կապված է Քիրքուքի հետ, քանի որ վերջինս նավթային շրջան է. այն համարվում է վիճելի տարածք: Նաեւ` Քուրդիստանի զինվորներն են ազատել Քիրքուքը ԴԱԻՇ-ից:

«Միակ սպառնալիքը, որ գոյություն ունի այսօր, դա Իրաքի բանակի կողմից այդ վիճելի տարածքը հետ վերցնելու փորձը կլինի: Բայց այս պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է, մարդիկ հանգիստ են: Ինձ մոտ այնպիսի մտավախություն կար, որ արտաքին աշխարհի ջղաձգումները՝ նույն Թուրքիայի, Իրաքի եւ մյուսների, կարող են մարդկանց վրա ազդել եւ նրանք որոշ չափով պասիվ լինեն, բայց նման բան չկա»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: Ի դեպ, երեկոյան սպասվում է մեծ տոնակատարություն: Մարդիկ հատկապես վաղը տոնելու են իրենց հաջողությունը:

Քուրդիստանի իշխող Դեմոկրատական կուսակցության հետ հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանը հետաքրքրվել է՝ եթե վաղը հանրաքվեի արդյունքներով անկախության հռչակագիրն ունենաք, հաջորդ օրն իսկ հանելո՞ւ եք Իրաքի դրոշները: Իրեն շատ զարմացրել է «ոչ» պատասխանը: Բացատրել են`անկախացած Քուրդիստանը նախատեսում է շարունակել բանակցությունները և չի ուզում գնալ կոնֆրոնտացիայի: Միաժամանակ, վստահեցրել են` չեն էլ պատրաստվում հրաժարվել անկախության հանրաքվեի արդյունքներից. «Բավականին զուսպ ու կշռադատված առաջ են գնում ու փորձում են անել ամեն ինչ, որպեսզի իրենց գործողությունները համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Էրբիլում անհանգստացած չեն այն փաստից, որ տարածաշրջանի երկրները ջղաձգումներով են արձագանքում իրենց անկախացման գործընթացին: Ի սկզբանե դրան եղել են պատրաստ, նաեւ գիտեն`ազատագրական պայքարը անխոչընդոտ չի անցնելու: Բայց, մեր զրուցակցի հավաստմամբ, եթե որեւէ մեկը փորձի իրենց վրա հարձակվել, ապա անպայման համարժեք պատասխան կստանա, քանի որ Էրբիլում պատրաստ են պաշտպանվել եւ դրա համար ունեն բավականին լուրջ բանակ. «Սա նույն իրավիճակն է, ինչ եղել է Լեռնային Ղարաբաղում: Մենք չգիտեի՞նք, որ Ադրբեջանը մեր դեմ հանդես է գալու պատերազմական գործողություններով, բայց մենք հետ չկանգնեցինք մեր նպատակից: Նույնն էլ այստեղ է՝ մարդիկ համարում են, որ իրենք արդար են և հարյուր տարի է՝ փորձում են իրենց անկախ պետությունը ստեղծել և որևէ հիմք չկա իրենց մերժելու այդ հարցում, դրա համար էլ շարունակում են իրենց քայլերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930