Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու ու եւս 34 խոշորացված համայնքներ են ձեւավորվելու: Այսօր այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա վստահեցրեց, որ նոր ձեւավորվող համայնքներում շարունակելու են այն ծրագրերը, որոնք անում են նաեւ արդեն ձեւավորված եւ խոշորացված համայնքների համար. «Գրասենյակներ, տեխնիկական եւ ծրագրային օժանդակություն»:
Որոշ համայնքապետերի՝ խոշորացման վերաբերյալ դժգոհություններին էլ Լոքյանն այսպես արձագանքեց՝ «Իրականության մեջ բերեք հանենք այս խոշորացված բառակապակցությունը, եկեք ասենք կառավարման օպտիմալացում: Սկզբում համայնքային ծառայողներ կրճատվեցին, բայց հիմա աշխատողների թիվն ավելացել է»:
Հարցին էլ՝ կա՞ն չեմպիոն համայնքներ, ինչպես վարչապետն էր ժամանակին ասել, նախարարը պատասխանեց. «Եթե ունենք 200 համայնքներ, որոնք իրենց բյուջեները 20%-ով ավելացրել են, համարե՞նք չեմպիոն, համարենք: Չեմպիոն միայն գոլ խփելով չի: Մենք կարգ ենք սահմանել, որ չեմպիոն համայնքին 2 միլիոն դրամի դրամաշնորհ ենք տալու»:
Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցին՝ մասնավորապես այն կարծիքներին, որ ոչ օբյեկտիվ առանց մրցակցության ընտրություններ են լինելու, օրինակ՝ Ապարանում հայտնի Գնթունիկի սեփականատերն է առաջադրվել, իսկ նրա մրցակիցն իր ընկերության հաշվապահն է, կամ Ծովինարում առաջադրվել են գործող համայնքապետն ու նրա տեղակալը, այսինքն՝ մրցակցություն չկա, պարոն նախարարն ասաց. «Սա համարում եմ քաղաքական ուժերի պասիվություն: Ի՞նչ կապ ունի, որ Կարենն առաջադրվում է Ապարանում: Կարծում եմ այնտեղ Դաշնակցությունն էլ պիտի թեկնածու առաջադրեր: Չնայած Դաշնակցությունն այնտեղ ավագանու 4-5 թեկնածու ունի: Եթե «Ելքը», «Բարգավաճը» թեկնածուներ ունենային, քաղաքական ընտրություն կլիներ: Ինձ համար խնդիրը կարող համայնքապետ ունենալն է: Չեմ հասկանում, թե ինչն է անարդար: Եթե ես ու դու թեկնածու չենք առաջադրել, քաղաքական պայքար չկա, Սուլիկոյի թեկնածո՞ւն է մեղավոր, որ մրցակից չունի, անարդա՞ր է» :
Նախարարն ասաց, որ մարզերում քաղաքական ընտրություններ չկան, եւ Երեւանում է կենտրոնացված թե տնտեսությունը, թե քաղաքականությունը, թե գիտությունը. «Դաշնակցությունը լավ չի աշխատել, որ այդ տարածքում չունի թեկնածու, որը կկարողանար պայքարել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































