«2018 թվականին Հայաստանի 18 խոշորացված համայնքներն իրենց բյուջեները պետք է կազմեն ծրագրային մեխանիզմով: Նրանք ոչ թե ինչ-որ տողով ծախս պետք է գրեն, այլ պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, որտեղ պետք է ֆիքսեն այն չափելի ցուցանիշները, որոնցով տարվա վերջում իրենք իրենց գործունեությունը պետք է ֆիքսեն եւ նոր համապատասխան պահանջարկը դնեն ծախսային տողում»,-այսօր այս մասին ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նախարարության 9 ամիսների ամփոփիչ ասուլիսում:
Ըստ նախարարի, ծրագրային բյուջեով նախատեսվում է, ասենք՝ համայնքը որոշել է ջրագիծ կառուցել, պետք է տեսանելի լինի, թե ինչ ծրագրով է դա անելու, տարվա վերջում որքան բնակիչ է օգտվելու այդ ջրագծից, ինչպիսի տնտեսական արդյունավետություն է ապահովելու տվյալ ջրագիծը, կամ ինչպիսի տնտեսական աճ է ապահովելու, կամ աղքատությունն արդյոք կրճատվելու է:
Նախարարությունը 2018-ից անցնելու է համայնքների սուբվենցիաների նոր կարգի, որն արդեն մշակել են. «2018-ից համայնքներին առաջարկելու ենք՝ օրինակ` համայնքում շատ փոքր է մոտիվացիան շատ միջոցներ հավաքել եւ ցածր է մոտիվացիան կապիտալ ծախեր իրականացնելու: Պարզ ասած՝ մեր հաշվարկներով 20 տարում համայնքները կապիտալ արժեք են ստեղծել, բայց դա չի գերազանցում իրենց ընդհանուր ծախսերի 5%-ը: Նոր կարգով ասում ենք՝ եթե համայնքն իր ֆոնդային բյուջեում դնում է որոշակի գումար, ֆոնդային բյուջեն այն է, որ նախատեսում է ինչ-որ սարք-սարքավորում ձեռք բերել, եթե դնի գումար, պետությունը պատրաստ է կրկնապատկել»:
Ներկայացնելով տարեկան հաշվետվությունը, Լոքյանն ասաց, որ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշը 2016-ի. համեմատությամբ աճել է 2,161 մլրդ դրամով, կամ 9.4 %-ով՝ հողի հարկ 206.1 մլն դրամ, գույքահարկ՝ 651.1 մլն դրամ, տեղական տուրքեր՝ 269.8 մլն դրամ, վարձակալության եկամուտներ՝ 307.5 մլն դրամ, տեղական վճարներ՝ 620.0 մլն դրամ: Չեմպիոնը գոլ խփելով չի միայն, մենք ունենք այսօր չեմպիոն համայնքներ:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում, ինչպես ասաց Լոքյանը, Երեւանից բացի, մնացած համայնքները միասին հավաքագրել են 2 մլրդ դրամ գումար, տարեվերջին ակնկալվում է, որ այս գումարը կհասնի 3 մլրդ-ի:
Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում՝ համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացման համար, եւ 54 մլն դոլարի չափով էլ՝ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար:
Անդրադառնալով մարզերում ներդրումային ծրագրերին, Լոքյանն օրինակ բերեց Տավուշի մարզը, որտեղ արդեն 20 համայնքներում ծրագրերի մի մասն ավարտված են, մի մասն էլ ընթացքի մեջ են. «Ի՞նչ են դրանք՝ ջերմատներ, 90 ջերմատներ արդեն փոխանցել ենք, սառնարանային տնտեսություններ, մրգի չորացման տնտեսություններ, խոտաբույսերի եւ անտառային հատապտուղների հավաքման, փաթեթավորման արտադրություններ, կաթիլային ոռոգման համակարգով ինտենսիվ այգիներ՝ 60 հեկտար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































