Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրավապաշտանները սկսեն հանկարծ գովել երկիրը, պետք է այդ երկրից անմիջապես գնալ». Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 19:06 Share

Եվրամիության եւ ԵԽ-ի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման նոր ծրագիր է իրականացվում: Ծրագրի մեկնարկն այսօր էր, միջոցառմանը ներկա էր նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ այդքան գումարներ են ներդրվում մեր դատական համակարգի բարեփոխումների համար, արդյոք այդ գումարներն արդյունավե՞տ են ծախսվել, որովհետեւ դատական համակարգում դեռ լուրջ խնդիրներ ունենք: Նա պատասխանեց. «Եթե նկատի ունեք՝ արդյոք գումարները վատնվում են՝ ոչ: Թե արդյոք յուրաքանչյուր ծախսված գումար անմիջապես տալի՞ս է իր արդյունքը՝ եւս ոչ, որովհետեւ կարողությունների զարգացումը ենթադրում է ուսումնառություն, կիրառում, ի վերջո՝ նոր պրակտիկա է ձեւավորվում:

Օրինակ, եղել է աջակցություն «Դատական օրենսգրքի» ստեղծման եւ աշխատանքային խումբն ակտիվ աշխատում է, ուսումնասիրում է տարբեր երկրների փորձը, դրականը, բացասականը, որը մենք կարող ենք ներդրել: Սա անընդհատ պրոցես է: Եթե խոսում ենք արբիտրաժի կամ հաշտարարության մասին, դարձյալ պետք է կարողություններ ստեղծենք: Եթե չստեղծեցինք, եթե մեր արբիտրները էթիկայի վարքագծի կանոնները չիմացան, իրենց պրոցեդուրալ կանոնները, ընդհանրապես արբիտրաժի մասին խոսք լինել չի կարող: Դա նշանակո՞ւմ է, որ երբ ստեղծվեցին վարքագծի կանոնները՝ հաջորդ օրը մենք ունենալու ենք փայլուն արդյունք՝ ոչ, սրանք աղյուսներ են, որոնք այդ պատի մեջ պետք է դրվեն: Դուրս են բերված այն անհրաժեշտ աղյուսները, որոնք անպայման պետք է դրվեն այս փուլում, բայց մենք կառուցում ենք մեծ, հզոր պատ, եւ դա երկարատեւ աշխատանք է»:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց դատական համակարգի անկախության, ճնշումներից զերծ մնալու մասին, բայց ըստ իրավապաշտպանների, մենք այսօր հեռախոսազանգով դատական որոշում ընդունող դատավորներ ունենք: Դավիթ Հարությունյանն այս առնչությամբ ասաց, որ դատական համակարգը կառավարությունից, կարելի է ասել, կախված չէ. «Մեր հարաբերությունները հիմնականում վերաբերում են բյուջետավորմանը, արդարադատության նախարարը նաեւ կարող է կարգապահական վարույթ հարուցել: Ինչ վերաբերում է՝ արդյոք դատական համակարգը բավարար մակարդակի անկախություն ունի՞, թե՞ ոչ՝ ես ինքս բացեիբաց ասացի, որ՝ ոչ: Մենք այդ ուղղությամբ ենք գնում: Խոսքը վերաբերում է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին անկախությանը:

Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նոր ինստիտուտները եկել են ապահովելու դատական համակարգի եւ ներքին, եւ արտաքին անկախությունը: Սրանք քայլեր են,, որ պետք է կատարվեն: Եթե համեմատեք այսօրվա դատական իշխանությունը, երբ մենք դեռեւս չենք անցել Սահմանադրությամբ նախատեսված մոդելի, եւ համադրենք այս մոդելը այն մոդելի հետ, որը գործել է 95-ին եւ 2005-ին, արդեն կտեսնեք մեծ տարբերություն: Քայլ առ քայլ, բայց մենք գնում ենք առաջ: Չեմ կարող ասել, որ մենք գոհ ենք ամեն ինչից, բայց որ շարժվում ենք առաջ՝ միանշանակ է»:

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները հակառակն են ասում, որ ինչքան էլ բարեփոխումներ արվեն, դրանք ձեւական են, քանի որ չկա քաղաքական կամք եւ ձեզ մատնացույց են անում հենց քաղաքական հնչեղության դատական գործերը՝ Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ այլն, որոնք խիստ պատժաչափերի են արժանացել այն բանի համար, որ ձեր դեմ են խոսել՝ ՀՀԿ-ի՝ Դավիթ Հարությունյան արձագանքեց. «Եթե իրավապաշտպանները սկսեն հանկարծ գովել երկիրը, պետք է այդ երկրից անմիջապես գնալ: Իրավապաշտպանները հենց նրա համար են, որպեսզի իրենք անընդհատ նորանոր խնդիրներ բարձրացնեն: Ամենակատարյալ դատական իշխանություն ունեցող երկրում, միեւնույն է, եթե քննարկեք իրենց պատասխանատուների հետ, կնշեն, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են առաջ գնում: Իրավապաշտպանները ճիշտ են անում, որ քննադատում են, թող շարունակեն այդպես»: Հարցին՝ ճի՞շտ են նրանք ասում, որ քաղհալածյալներ ունենք՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այդ հարցում ես, իհարկե, իրենց կարծիքը չեմ կիսում, Բայց որ իրենք քննադատում են ու ճիշտ է, որ շարունակեն քննադատությունը՝ միանշանակ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Դրամաշնորհների դրամաշորթերին հերթական սուբսիդավորում:
    Օտարերկրյա դոտացիաներով սնվող ողորմելի արդարադատություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031