Այսօր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը ծրագրի» մեկնարկն էր: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԵԽ-ի կողմից:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց այն հինգ ուղղությունները, որոնք անհրաժեշտ է անել՝ դատական համակարգի բարեփոխման համար: Բայց նա ընդգծեց, որ ոչ ոք, անգամ ամենահեղինակավոր միջազգային կառույցները չեն կարող պարտադրել Հայաստանին անել որեւէ քայլ, ճնշումների միջոցով դա չի կարող լինել. «Հարցնում են՝ ինչպես անել, որ բիզնես միջավայրը բարելավվի, որ ներդրումներ լինեն, որ ժողովրդավարությունն ավելի կայուն լինի: Դա ունի շատ պարզ պատասխան՝ մեծացրեք դատական իշխանության անկախությունը»:
Սվիտալսկին ասաց, որ Հայաստանն անցնում է շատ կարեւոր մի փուլ՝ անցում է կատարել խորհրդարանական կառավարման հանրապետության, ինչը ենթադրում է բավականին մեծածավալ աշխատանք՝ նոր օրենքների ընդունում, օրենքների համապատասխանություն համակարգին: Դա պետք է անդրադառնա նաեւ դատական իշխանության վրա. «Մենք, որպես ԵՄ, մեծապես աջակցելու ենք դատական բարեփոխումների հետագա իրականացմանը ՀՀ-ում»: Ըստ ԵՄ դեսպանի, չկա կատարյալ մոդել դատական իշխանության: Յուրաքանչյուր պետություն պետք է ընտրի իրեն հարմար մոդելը. «Ոչ ոք չի կարող դրսից պարտադրել ձեզ ինչ-որ բան: Նույնիսկ ամենահարգված միջազգային կառույցները, ինչպիսին է ԵԽ-ն, չեն կարող պարտադրել ոչ մի բան: Մենք կարող ենք միայն քաջալերել, խրախուսել, կիսել մեր ունեցած փորձը, խոսել եվրոպական սկզբունքների եւ չափանիշների մասին, սակայն մոդելները եւ դրանց դետալները որոշում է յուրաքանչյուր պետություն ինքը»:
Եվրոպական երկրների փորձագետները համոզված են, որ 5 ոլորտներ պետք է լինեն բարեփոխումների օրակարգի կենտրոնում՝ առաջինը՝ դատական իշխանության անկախությունն է, մասնավորապես՝ բացառելով գործադիրի որեւէ ազդեցություն դատական իշխանության վրա՝ դատավորների կարիերայի տեսանկյունից. «Պետք է ապահովել դատավորի բացարձակ անկախությունը որեւէ միջամտությունից կամ ճնշումից, որը կարող է լինել դատախազությունից, իրավապահ մարմիններից: Պետք է հնարավորություն տալ դատարաններին անկախորեն պլանավորել բյուջեն, եւ 5-րդը խոշտանգումների կանխարգելման ազգային ծրագրի իրականացումն է»:
Սվիտալսկին նշեց, որ ուրախ են աջակցելու ՀՀ իշխանություններին այս բարդ գործն իրականացնելու համար: Ըստ նրա, այն, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկա է միջոցառմանը, արդեն ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է այս խնդիրը ՀՀ գործադիր իշխանության համար եւ ինչքանով են նրանք հանձնառու՝ ապահովելու ծրագրի իրականացումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: