Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատարանը հետազոտեց դատարանի շենքում ու շենքից դուրս տեղադրված տեսախցիկների պատկերները

Հոկտեմբեր 12,2017 22:35

Կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին այսօր շարունակվեց գործի ապացույցների հետազոտումը:

Մասնավորապես, դատարանն ուսումնասիրեց դատարանի շենքում եւ շենքից դուրս գտնվող տեսախցիկների տեսաձայնագրությունը, որում երևում էր՝ իգական սեռի մի անձնավորություն մուտք է գործում դատարան, բարձրանում է երկրորդ հարկ, մտնում դատավորի աշխատասենյակ, ապա իջնում է և դուրս գալիս դատարանի շենքից:

«Զննեցինք մասնավորապես Էլզա Զաքարյանի մուտքը եւ ելքը, շատ կարեւոր է՝ թե վերջին անգամ Էլզա Զաքարյանը երբ է դատարանից դուրս եկել, այսինքն` ֆիքսեցինք, որ 15:38 րոպե է վերջին անգամ դատարանի շենքից դուրս եկել, այն դեպքում, երբ Նորիկ Հակոբյանը ցուցմունք էր տալիս, որ 15:40 արդեն Էլզային տարած է եղել Կոմիտաս՝ Վաղարշյան փողոց, եւ այդ ժամին Էլզային իջեցրած է եղել»,- հետազոտված տեսաձայնագրության մասին դատական նիստից հետո ասաց Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ հետագայում միջնորդություն կներկայացնեն Նորիկ Հակոբյանի այդ հայտարարության վերաբերյալ. «Նպատակային էր այդ հայտարարությունը, թե երբ Նորիկ Հակոբյանը կարող էր հասնել Շենգավիթի ԱԱԾ ստորաբաժանում, երբ կարող էր տալ հաղորդում ու երբ կարող էին դրան հաջորդող միջոցառումներն իրականացվել»:

Քանի որ նիստն ընթանում է ապակեպատ դահլիճում, ներկաների համար նիստի ընթացքը գրեթե ոչ լսելի է, ոչ՝ տեսանելի:

Ըստ մեղադրող դատախազի՝ դատավորի աշխատասենյակի դուռը բացվելուց հետո այնտեղից դուրս է գալիս մոխրագույն տաբատով, սպիտակ կոշիկներով և դեղնավուն վերնազգեստով մի աղջիկ՝ ձեռքին թղթապանակներ, աշխատասենյակ վերադառնալիս նրա ձեռքին այլեւս թղթապանակներ չկային:

Պաշտպանական կողմն էլ նկատեց, որ դատավորի աշխատակազմ մտնում են մեկ դռնից, եւ բոլորը նույն սենյակում չեն նստում, հետևաբար որևէ մեկը չի կարող ասել, թե այդ աղջիկը դռնից ներս մտնելուց հետո կոնկրետ դատավորի աշխատասենյակ է գնացել:

Դատարանը հետազոտեց նաեւ Իշխան Բարսեղյանի հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, ինչպես նաեւ տուժող Նորիկ Հակոբյանի միայն մեկ հեռախոսահամարից կատարված զանգերի վերծանումները: Պաշտպանական կողմը նկատեց, որ դատարանում Նորիկ Հակոբյանը հայտարարել էր, որ երկու հեռախոսահամար ունի, ինչու է վարույթ իրականացնող մարմինը ստացել նրա միայն մեկ հեռախոսահամարի զանգերի վերծանումները. «Շատ տարօրինակ է մեզ համար: Եթե Նորիկ Հակոբյանը հայտարարում է, որ երկու հեռախոս ունի, երկու հեռախոսահամարից էլ փաստաբան Էլզա Զաքարյանի հետ խոսել է, դրա վերաբերյալ էլ միջնորդություն ունենք, շատ հետաքրքրիր է, այս պահին փակագծերը չեմ ուզում բացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031