Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում չծառայածների իշխանությունը եկել ասում է՝ եկեք սաղին տանենք բանակ, որ արդարություն լինի». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 14:22

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց՝ «Ես շատ լավ գիտեմ ձեր կենսագրությունը, փայլուն կարիերա եք ձեւավորել, երեք բուհ եք ավարտել, չե՞ք կարծում, որ թե չգնայիք, 18 տարեկանում գնայիք ծառայեիք, միգուցե չանեիք այդ կարիերան»:

Մարուքյանն ասաց, որ իր համար այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է մեծ հաշվով. «Որովհետեւ նայում եմ՝ բարձունքների են հասել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել: Հիմա բանակում չծառայածների այդ իշխանությունը եկել ասում է՝ եկեք սաղին տանենք բանակ, որ արդարություն լինի: Այդտեղ դիսկոմֆորտ չի՞ ապրում իշխանությունը եւ նրա ներկայացուցիչը՝ նման նախաձեռնությամբ հանդես գալուց»:

Նախարարը պատասխանեց՝ «Ես չեմ կարծում, որ եթե ես 18 տարեկանում զորակոչվեի, հետագա ուսումը կդադարեցնեի: Իմ ողջ ընտանիքում բոլորը՝ տատերից, պապերից սկսած բոլորն ունեն առնվազն մեկ բարձրագույն կրթություն, մեր ընտանիքում դա ավանդույթ է եղել, ես միշտ համարել եմ, որ բարձրագույն կրթությունը մարդու կայացման համար հիմք է»:

Ինչ վերաբերում է իշխանությանը՝ նա պատասխանեց. «Դուք շատ մասնակի եք նայում այսօրվա իշխանության մարդկանց ծառայել-չծառայելու խնդրին: Արդար կլիներ այդ մասին խոսելիս սկսել նրանից, որ երկրի նախագահը կամ գերագույն գլխավոր հրամանատարը մարդ է, որը կանգնած է եղել մեր ԶՈՒ կայացման ակունքներում եւ արել է հսկայական աշխատանք թե՛ ղարաբաղյան հերոսամարտի փայլուն էջերը գրելու առումով, թե՛ մեր բանակը կամավորական ջոկատներից կայացած կառույցի վերափոխելու: Դա մի օրինակ է, որը ձեր ասածի ճիշտ հակակշիռն է: Իհարկե, կան մարդիկ, որ չեն ծառայել, կան մարդիկ, որ ոչ միայն ծառայել են, այլ նաեւ հերոսներ են, մեծ ճանապարհ են ունեցել: Մենք որպես հասարակություն պետք է սկսենք ճիշտ վերաբերմունք ձեւակերպել յուրաքանչյուր նման դեպքի վերաբերյալ»:

Արդյոք դիսկոմֆորտ չի՞ զգում, երբ ինքը չի ծառայել բանակում ու պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահն է, փառահեղ կարիերա է արել՝ Կորյուն Նահապետյանը Մարուքյանի այս հարցին պատասխանեց, որ ակտիվորեն ԶՈՒ ծառայությանը ներգրավված չի եղել, չի զորակոչվել, բայց ԵՊՀ-ն ավարտել է 94-ին, պետհամալսարանի ռազմական ամբիոն է եղել, 6 ամիս ուսուցում է անցել, մեկ ամսով ռազմական վարժանքների է մասնակցել եւ իրեն շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում: Մարուքյանն էլ ասաց՝ մի բանից, որ դուք օգտվել եք, ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ մյուսներն էլ դրանից օգտվեն. «Դուք առանց ընդհատվելու ուսուցում եք ստացել»:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ անընդհատությունը տվյալ դեպքում որեւէ անդրադարձ չէր կարող ունենալ. «Մի կապեք միայն դրա հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031