Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին տիկինը՝ վալմարական աշխարհը ներկայացնող գրքի հովանավոր (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 01,2017 22:50

Այսօր Գյումրու «Վարդուհի «արվեստի դպրոցում (այն կառուցել է Նյու Յորքում բնակվող 96-ամյա վիրաբույժ Հովհաննես Օյունջյանը) տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Վոլոդյա Մարգարյանի՝ Վալմարի գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Վալմարին բնութագրեց որպես ժամանակի փառահեղ, տաղանդավոր նկարիչներից մեկը։

«Ուրախ եմ, որ այսօր իրականություն դարձավ այս հրաշալի հրատարակությունը՝ Վալմարի գույները ներկայացվեցին ալբոմի մեջ։ Ինձ համար մեծ պատիվ է, սիրելի Վալմար, սիրելի վարպետ, լինել ոչ միայն ձեր ժամանակակիցը, այլ լինել ձեր ընկերն ու բարեկամը։ Դուք ձեր գույներով կարողանում եք ջերմացնել մեր սրտերն ու հոգիները»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ իր հոգին փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես 30 տարի առաջ մեծ ողբերգություն ապրած քաղաքից դուրս ելած մարդը կարող է այդքան ջերմություն, կյանքի հանդեպ սեր փոխանցել իր արվեստով։

Գրքում գյումրեցի տաղանդավոր նկարչի 45 տարվա ստեղծագործական գործունեությունն է ներկայացված: «Ես ուզում էի, որ գրքի մեջ էլ շատ գործեր ընդգրկվեին, բայց չընդգրկվեցին, 800-ից ավելի նկարներ ես դրսում ունեմ, չկարողացա շատ լավ աշխատանքներ, որոնք ինձ հոգեհարազատ էին, ձեռք բերեի, որպեսզի տպագրեի գրքի մեջ»,- ասաց նկարիչը։

Նշենք, որ Վալմարը աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է․ նրա բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում։ Նրա գործերը մշտապես ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում։ Նա հանդես է եկել 40-ից ավել անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներով` Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքներում։

Վալմարի գրքի հրատարակման աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը,  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրամը։ Միջոցառումը Գյումրիում կազմակերպել էր «Շիրակ» հայրենակցական միությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930