Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերեք այդ անձին դատարան, եւ ես կապացուցեմ, որ «Իգլա»-ն Վրաստանից չի բերվել». Սամվել Բաբայան

Փետրվար 02,2018 13:55 Share

«Հանցագործություն չեմ կատարել եւ կապ չունեմ այն ամենի հետ, ինչն ասվում է մեղադրանքում: Ինձ Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել զենքի նկարները, ես էլ բացատրել եմ, որ մարտկոցը բացակայում է, դրա համար դա «տրուբա» է՝ խողովակ: Նա էլ, որը ցանկանում էր բանակին զենք նվիրել, հարցրեց՝ «կարո՞ղ է սա պետք գալ բանակին»: Ես էլ ասեցի՝ կարող է, բայց եթե ձեռքիդ բռնեն՝ խնդիր կունենաս, դրա համար թաղի հողի մեջ, հետո ցույց տուր սպաներից մեկին»,-ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր հայտարարեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Հիշեցնենք՝ դատարանը քննում է նրա վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել իր հանդեպ նշյալ դատավճիռը:

Ապա դիմելով բողոքի քննությունը նախագահող երեք դատավորներին՝ Սամվել Բաբայանը պահանջեց, որ դատարան բերվի եւ հարցաքննվի Ռոբերտ Աղվանյանը, որը, ըստ գործում առկա նյութերի, ձեռնարկել է «Իգլա»-ի՝ Վրաստանից Հայաստան տեղափոխումը: «Պարզենք՝ նա զենք բերե՞լ է, թե ոչ: Վստահեցնում եմ՝ հրթիռ Վրաստանից Հայաստան չի մտել: Եթե այդ անձին բերեք դատարան, ես դա կապացուցեմ: Անցնելու եմ բոլոր ատյաններով եւ ապացուցելու»,-նշեց Սամվել Բաբայանը:

Ապա հավելեց, որ չի ընդունում որեւէ մեղադրանք. «Ստից ենթադրություններով ինձ չմեղադրեք»: Բաբայանի խոսքով՝ «Իգլա»-ն իրականում եղել է ՀՀ-ում, իսկ նախաքննական մարմինը պետք է պարզի՝ իրականում ո՞ւմից եւ ինչպե՞ս է «դուրս եկել» այդ զենքը: Հիշեցնենք, որ Աղվանյանը վերջերս է վրացական կողմից հանձնվել ՀՀ իրավապահներին:

Այնուհետեւ Սամվել Բաբայանը հիշատակեց գործով վկա Հրաչյա Մայիլյանին՝ ասելով. «Նա ավելի ծանր մեղադրանքով ազատության մեջ է, իսկ ես՝ նստած»: Հիշեցնենք՝ Հրաչյա Մայիլյանն է ԱԱԾ-ին հանձնել զենքը եւ պատմել, թե ինչպես է այն ձեռք բերել: Գործով ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն էլ նրան ԱԱԾ գործակալ է համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728