Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» արտահայտությունն արել է, հարգելով, որ դիմացը կին է»

Փետրվար 09,2018 15:00
Lragrox

Լրագրողներին սպառնալու գործերով

Հունվարի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Մնացականյանը մերժեց aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ նրա ներկայացուցիչ Կարեն Տոնոյանի կողմից բերված բողոքը: Գործընկերս բողոք էր բերել անցյալ տարվա նոյեմբերի 17-ի որոշման դեմ, որը կայացրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

aravot.am-ի՝ «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» հրապարակումը Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունն ուղարկել էր ոստիկանության բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար: Խոսքը գործընկերոջս անցյալ տարվա մայիսի 14-ին թիվ 7/46 ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի կողմից սպառնալիքներ հնչեցնելու մասին էր: Հանձնաժողովի անդամը այդ ժամանակ իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին ասել էր. «Թուլին նայի, անգրագետ, տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր»: Ի դեպ, նա տեւական ժամանակ բղավել է, ինչը տեսագրվել է, ձայնագրվել, եւ այդ ամենը տպագրվել էր aravot.am-ում: «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամը խանգարել էր նաեւ հանձնաժողովի մյուս անդամներին, ինչն ակնհայտ է մեր լրատվամիջոցի տեսանյութում, երբ հանձնաժողովականները նրան մի քանի անգամ կարգի են հրավիրում, ասելով՝ խանգարում է: Հանձնաժողովականն ասել էր, թե իր կողմից ասվածը սպառնալիք չի եղել, այլ «նշյալ արտահայտությունն արել է, հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած եւ այդ կնոջը սպառնալու դիտավորություն չի ունեցել, չի վիրավորել, եւ նպատակ չի ունեցել խախտել ընտրական գործընթացը»:

Հետաքննիչը հանցադեպ չէր տեսել, եւ որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նկատենք, որ հետաքննիչ համարվող Հ.Հալլաբյանի որոշման մեջ որեւէ բառ չի եղել լրագրողի բացատրությունից, թե ինչպես է իրեն տեղամասում պահել նշյալ անձը, միջադեպի մասին, տեսագրության մասին, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է սույն սանձարձակ պարոնը հարձակվում եւ սպառնում: Ի դեպ, հանձնաժողովի դաշնակցական նախագահը՝ Արմեն Վարդանյանը, բացատրություն էր տվել, որ Արայիկ Գեւորգյանի եւ Հռիփսիմեի միջեւ վիճաբանություն է եղել. «Սակայն չի հիշում, թե միջադեպի ժամանակ նրանց միջեւ ինչ բնույթի խոսակցություն է եղել»: Բողոք էր ներկայացվել վարչական շրջանի դատախազին: Բողոքի քննության արդյունքում Երեւան քաղաքի դատախազը նույնպես մերժել էր «սպառնալիքներ չտեսնելով»: Լրատվամիջոցի բողոքը քննվել էր նաեւ դատարանում, եւ դատարանը նույնպես մերժել էր մեր բողոքը:

«Medialab.am»-ին
ուղղված սպառնալիքները

Հունվարի 30-ին լրատվամիջոցներն անդրադարձան «Medialab.am» կայքի խմբագրության դեմ ուղղված սպառնալիքներին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը սպառնացել էր լրատվամիջոցին: Սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին:

Շարժառիթը լրատվամիջոցում հրապարակած ծաղրանկարն է՝ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Մարիաննա Գրիգորյանը դիմել էր իրավապահ մարմիններին: Խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, խմբագրության անվտանգության ապահովման համար մի շարք լրագրողական կազմակերպություններ դիմել են իրավապահ մարմիններին:

Ի դեպ, գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին. «Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության, դեպքի առթիվ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե»:

«Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուրս գալուց առաջ»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ «medialab.am» լրատվական կայքում հրապարակվել էր Մհեր Արշակյանի հեղինակած «Գորիկ Հակոբյան. «Հրեշը» վերնագրով նյութը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սպառնացել էր հրապարակման հեղինակին. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուրս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ… այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը օրերս է տեղեկացել, որ գործի վարույթը կասեցվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728