Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի որոշման վրա չի ազդել այն փաստը, որ զորամասերի վրա հարձակման ժամանակ կարող են զոհվել զինծառայողներ». մեղադրական ճառ

Փետրվար 09,2018 13:40

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի կողմից մեղադրական ճառի հրապարակման ժամանակ մանրամասներ հնչեցին նաեւ Սեֆիլյանին առաջադրված՝ հանցավոր խումբ ստեղծելու եւ շենքեր զավթելու մտադրության մեղադրանքի առնչությամբ: Մասնավորապես, ըստ մեղադրական ճառի, Ժիրայր Սեֆիլյանը 2015թ. նոյեմբերից ստեղծել եւ ղեկավարել է խումբ՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ ՀՀ տարբեր վայրերում շենք-շինություններ զավթել եւ այդ կերպ պետությանը որոշակի գործողություններ հարկադրել: «Նա «Կարոտ» անվամբ ենթախումբ է ստեղծել, դերաբաշխում կատարել, ծածկագրված կապի միջոցներ օգտագործել: Հրայր Թափչյանը համակարգել է նախապատրաստական գործողությունները, իսկ Հովհաննես Պետրոսյանը՝ ստանձնել ենթախմբերում նոր անդամներ հավաքագրելու Սեֆիլյանի հանձնարարականը: Նա ներգրավել է Ներսես Պողոսյանին, Սմբատ Գալոյանին, Գալուստ Գրիգորյանին»,-ասվեց մեղադրական ճառում:

Ապա Հակոբ Ենոքյանը նշեց՝ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու նպատակով Հովհաննես Պետրոսյանը եւ Գալուստ Գրիգորյանը Սեֆիլյանի հանձնարարականով զննել են աշտարակի տարածքը, կազմել սխեմա, որը հետո Սեֆիլյանը ոչնչացրել է՝ «հետքերը թաքցնելու նպատակով»:

«Հովհաննես Պետրոսյանը եւ Սասունիկ Կիրակոսյանը Հրայր Թոփչյանից ձեռք են բերել երկու ինքնաձիգերը, փամփուշտները եւ ապօրինի պահել, սակայն Սեֆիլյանի կողմից աշտարակի վրա հարձակման հրահանգ չի տվել, այն հետաձգվել է»,-ընթերցեց մեղադրող-դատախազը:

Ապա շարունակեց՝ Հովհաննես Պետրոսյանն իր ցուցմունքներում նշել է, որ Սեֆիլյանն իրեն հանձնարարել է ճշտել Էրեբունու եւ Նուբարաշենի զորամասերի տեղակայման առանձնահատկությունները, ինչի նպատակով նա դիմել է զինվորական Սմբատ Գալոյանին, որն էլ նշյալ զորամասերի զորքերի եւ զինամթերքի քանակության մասին տեղեկություններ է հայտնել:

«Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայ զինծառայողների զոհվելու փաստը հաշվի առնելով՝ Սեֆիլյանի խմբի անդամները մտահոգություն են հայտնել, որ զորամասի վրա հարձակվելը կդիտվի որպես դավաճանություն, սակայն Սեֆիլյանը պնդել է մտադրությունը: Հովհաննես Պետրոսյանը եւ Սմբատ Գալոյանը հարձակման հետեւանքով զորամասի զինվորների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ հիասթափվել են, Սեֆիլյանի ծրագրին վերաբերվել քննադատորեն, ինչի մասին Հրայր Թոփչյանը եւ Հովհաննես Պետրոսյանը տեղեկացրել են Սեֆիլյանին: Վերջինս էլ գիտակցելով իր ծրագրի անհնարինությունը, հարձակմանն ուղղված գործողությունը չեղարկելու հրահանգ է տվել»,-ասված է մեղադրական ճառում:

Ապա, ինչպես հիշեցրեց դատախազը, 2016 մայիսին Սեֆիլյանի խմբի անդամները զինամթերքն ապօրինի փոխադրել են մեկ այլ վայր՝ Սեֆիլյանին հանձնելու նպատակով, սակայն վթարի են ենթարկվել, բացահայտվել եւ բերման ենթարկվել:

Մեղադրող-դատախազը մեջբերեց նաեւ Հովհաննես Պետրոսյանի խոսքերը. «Սեֆիլյանն ասել է, որ հեռուստաաշտարակի զավթման ժամանակ մեծաթիվ ուժեր են գալու օգնության, որոնք իրենց տրամադրության տակ ունեն մեծաթիվ ռազմական տեխնիկա: Ստեղծվելու է հեղափոխության պահապանների գունդ, որի անդամները հեղափոխությունից հետո պետք է ուժային կառույցների ղեկավարների պաշտոններ զբաղեցնեն: Սեֆիլյանի որոշման վրա չի ազդել այն փաստը, որ զորամասերի վրա հարձակման ժամանակ կարող են զոհվել զինծառայողներ»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728