Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու նիստի ընթացքում

Փետրվար 14,2018 12:42

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում 2018թ. փետրվարի 13-ին Երեւան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել:

Երկիր Ծիրանի կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձեւը կարելի է քննարկել եւ չհամաձայնվել: Ամեն դեպքում աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումը ավագանու նիստում: Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, և կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասնության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս:

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու երեկվա նիստի ընթացքում եւ կոչ է անում խնդիրների լուծումները գտնել քաղաքակիրթ ձեւով՝ չնսեմացնելով քաղաքի կառավարման  բարձրագույն մարմնի ինստիտուտը:

Մենք հետամուտ ենք լինելու մեր քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կատարած քայլերին: Այն, որ Երեւան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը եւ խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, եւ քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին:

Մեզ համար առաջնահերթ է երեւանցու պատշաճ ապրելու իրավունքը եւ իր բարձրացրած հարցերի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կատարած առարկայական քայլերը եւ իրազեկումը: Միայն այդ ձեւով մենք կարող ենք խուսափել խնդիրների բարձրացման բեմականացված տարբերակից: Քաղաքապետարանի ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728