Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից շոշափելի կախվածությունը մեզ ոչ թե պետք է թևաթափ անի, այլ հակառակը՝ մղի ներկայիս ռիսկային, բայց նաև պատեհ ժամանակահատվածը օգտագործելու որակական փոփոխության համար. «Ժամանակ»

Մարտ 02,2018 09:57

Հայաստանի զարգացումը, ապագան, անվտանգությունը կախված են թերևս ավելի շատ ՌԴ նախագահի թեկնածուի ուղերձից, քան ՀՀ նախագահի թեկնածուի խորհրդարանական ելույթից: Եվ պատճառն այն չէ, որ տարբեր են իշխանական լծակները: Անգամ եթե խոսքը վերաբերեր ՀՀ ներկայիս կառավարման մոդելով նախագահի թեկնածուին: Բանն այն է, որ ՀՀ-ն գտնվելով ռուսական ազդեցության գոտում, իսկ դա վիճարկելը թերևս կլինի քաղաքական, քաղաքագիտական և նույնիսկ պատմագիտական անհամարժեքություն, զգալիորեն կախված է այն իրավիճակից, որ կա ՌԴ-ում: Սա բացարձակ կախվածություն չէ, անշուշտ, և բոլորովին չունենք նպատակ ներկայացնել ապոկալիպտիկ կախվածության մի վիճակ, սակայն մեծ ազդեցությունը չնկատելն էլ կլինի ինքնախաբեություն:

Խոշոր հաշվով, օբյեկտիվորեն, Հայաստանի զարգացման այս կամ այն տեսլականի իրականանալիությունը, հատկապես պետական կարողությունների ներկայիս ներուժի պայմաններում, զգալիորեն կախված է այն ուղուց և բովանդակությունից, որ կա Ռուսաստանում, ու նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունից: Եվ այս իմաստով իրավիճակը Հայաստանի համար հակասական է, որովհետև Ռուսաստանը մի կողմից թուլանում է, իսկ դա նշանակում է Հայաստանի համար ազատության հավելյալ հնարավորություն, ժամանակ, տարածություն, որը հնարավոր է օգտագործել ինքնիշխանության ներուժը ավելացնելու համար, մյուս կողմից՝ Ռուսաստանն այդ առումով կարող է առավել կարծրանալ, այդ թվում՝ իր ազդեցության գոտիների հատվածում, բերելով առավել «ռեպրեսիվ» մոտեցումների, որոնք կարող են լինել կարճաժամկետ՝ չկա ավելի երկար «ռեպրեսիվ աշխարհաքաղաքականության» ներուժ, բայց, օրինակ, Հայաստանի համար կարող է լինել այդ կարճին էլ դիմանալու խնդիր:

Պուտինի ուղերձն այդ առումով թողնում էր հակասականության տպավորություն, երբ նա մի կողմից հայտարարում էր, որ Ռուսաստանն ապագա չի ունենա, եթե չլինի աշխարհի համար բաց, արդիական, զարգացող, մյուս կողմից՝ աշխարհին, ըստ էության, բռունցք էր ցույց տալիս ռուսական նոր միջուկային սպառազինությամբ: Սակայն այս հակասականությունն ինքնին արդեն իսկ մեսիջ է, կամա, թե ակամա, որ Ռուսաստանը ներկայումս գտնվում է մի իրավիճակում, երբ անկանխատեսելի սցենարներով հանդերձ, կան նաև հնարավորություններ՝ հնարավորինս լինել այդ սցենարների ուղղակի, թե անուղղակի մասնակից, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների մասով, տարածաշրջանում Ռուսաստանի դերի և տեղի մասով: Եվ այս հանգամանքը բերում է նրան, որ իհարկե, Ռուսաստանի մեծ ազդեցությունը, Ռուսաստանից շոշափելի կախվածությունը մեզ ոչ թե պետք է թևաթափ անի, այլ հակառակը՝ մղի ներկայիս ռիսկային, բայց նաև պատեհ ժամանակահատվածը օգտագործելու որակական փոփոխության համար:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031