Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Շիրակի բարձրաստիճան պաշտոնյաները դիմավորեցին գնացքով Գյումրի եկած վարչապետին (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Մարտ 03,2018 16:44 Share

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության մի քանի անդամների՝ տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի հետ Գյումրի ժամանեց ЭП2Д էլեկտրագնացքով, որը վերջերս է ձեռք բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։ Նկատենք, որ տրանսպորտային այս միջոցը ևս ծառայելու է Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու` վարչապետի ծրագրին։

Ի պատիվ կառավարության ղեկավարի՝ այսօր փորձել էին տոնական տեսք տալ Գյումրու կայարանին․ փուչիկներով զարդարել էին մուտքը։ Գնացքը տեղ հասավ 11․30 սահմաններում, երթևեկության տևողությունը 1 ժամ 59 րոպե է՝ առանց բաժանիչ կանգառների։

Շիրակի մարզի պաշտոնյաները՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, ժամը 11․00-ից՝ մոտ կես ժամ սպասում էին կառավարության ղեկավարին ու անդամներին։ Երբ բարձրախոսով հայտնեցին գնացքի մոտենալու մասին, սկսվեց մի իրարանցում, որը գնացքի տեղ հասնելուն պես վերածվեց վազքի։ Շիրակցի պաշտոնյաները, միմյանց հերթ չտալով, շտապեցին դեպի առաջին վագոնը, որտեղից դուրս եկան կառավարության անդամները։

Կարեն Կարապետյանը երկար չմնաց Գյումրու կայարանում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ ձեռքսեղմումից հետո, նա ու կառավարության մյուս անդամներն իրենց սպասող ջիփերով ուղևորվեցին դեպի Շիրակի մարզպետարան։ Մարզպետարանում նրանց էին սպասում տարբեր ոլորտների պատասխանատուներ, հիվանդանոցների տնօրեններ, հյուպատոսներ, գործարարներ, հ/կ ներկայացուցիչներ։

Աշխատանքային հանդիպումը տևեց մոտ 2,5 ժամ, վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին ասաց, որ ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Շիրակում քննարկել են 2017 թվականին կատարված աշխատանքներն ու 2018 թվականին նախատեսած աշխատանքները։ «Պայմանավորվել ենք այն բացերը ու ծրագրերը, որոնք որ կան, նորից ամփոփենք,. ես մոտ ժամանակներս նորից լինելու եմ Գյումրիում», -ասաց վարչապետն ու հեռացավ՝ անպատասխան թողնելով նաև այն հարցը, թե ինչպե՞ս տեղ հասավ փորձարկվող գնացքով։

Աշխատանքային քննարկմանը մասնակցած տարբեր անձանցից ճշտեցինք, որ վարչապետն այնքան էլ գոհ չի մնացել ներկայացրած հաշվետվություններից, որոշակի բացթողումներ է նկատել տարբեր ոլորտներում, հանձնարարել է շտկել դրանք, դիտողություններ է արել տարբեր պատասխանատուների, օրինակ՝ Անիի միավորված համայնքների ղեկավար Արտակ Գևորգյանին՝ կապված աղբահանության աշխատանքները կազմակերպելու հետ։ Թեև ըստ ներկաների՝ բավականին հետաքրքիր հարց ու պատասխան է ստացվել կառավարության ղեկավարի ու որոշ պատասխանատուների, օրինակ՝ մարզպետարանի գյուղվարչության ու առողջապահության վարչության պետերի միջև։ Քննարկվել է ներդրումների, կառուցվող սպանդանոցների թեման։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031