Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ եկել որեւէ մեկին որեւէ բան խնդրելու». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. (Տեսանյութ)

Ապրիլ 30,2018 18:30

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ՀՀԿ հատուկ նիստում, որտեղ հանդիպում է կազմակերպվել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց. «Դուք, փաստորեն, ՀՀԿ ֆրակցիայից ձայն եք խնդրում, որ դառնաք վարչապետ, որովհետեւ ըստ Սահմանադրության, ըստ կանոնակարգի, եթե ՀՀԿ կայուն մեծամասնությունից որեւէ մեկը ձեզ ձայն չտա, դուք չեք դառնալու ՀՀ վարչապետ: Այս օրերին դուք հասցրեցիք բավականին ցեխ շպրտել այդ կայուն մեծամասնության վրա եւ ընդունենք, ձեզ ՀՀԿ-ն ձայն է տալիս, դուք աշխատելո՞ւ եք մի խորհրդարանի հետ, որը չունի ընդդիմություն: Առանց ընդդիմության ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել»:

Մարգարիտ Եսայանը նաեւ խոսեց շարժման անդամների, կողմնակիցների ագրեսիվության մասին, նաեւ հարցրեց. «Երբ որ սկսեցիք շարժումը, դուք ուզո՞ւմ էիք դառնալ ՀՀ վարչապետ, մտածո՞ւմ էիք այդ մասին»:

Փաշինյանը պատասխանեց. «Նախ, ես չեմ եկել որեւէ մեկին որեւէ բան խնդրելու: Ես եկել եմ, որ մենք արձանագրենք ներքաղաքական իրավիճակը եւ գտնենք դրանից լուծում: Ինչ վերաբերում է ագրեսիվության դրսեւորումներին, մեր շարժումը ոչ բռնի շարժում է, նույնիսկ անվանում ենք սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն: Երբեք չենք քաջալերել որեւէ ագրեսիվություն, մեր կողմնակիցներին կոչ ենք արել լինել մաքսիմալ զսպված, հայհոյախոսությունը չի կարող ողջունվել մեր կողմից»:

Ինչ վերաբերում է վարչապետ դառնալու ցանկությանը՝ նա պատասխանեց, որ շարժումը սկսելով՝ իրեն հաշիվ է տվել, որ կրում է որոշակի պատասխանատվություն եւ հայտարարել է, որ պատրաստ է կրել պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե դա կլինի քրեական պատասխանատվություն, թե ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է ընդդիմություն չունենալուն՝ նա պատասխանեց. «Կապրենք՝ կտեսնենք, կա ընդդիմություն, թե՞ չկա ընդդիմություն:

Հանդիպումից հետո Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Փաշինյանն իրեն չհամոզեց, իսկ ՀՀԿ որոշումը քվեարկության հետ կապված կլինի այսօր երեկոյան: Վաղը նիստին կգան՝ որոշումն ընդունած:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30