«Դասադուլ», «Ազատ, անկախ ուսանող», «Ազատ, անկախ ԵՊՀ». քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջևից մեկնարկեց ուսանողների դասադուլն ու իրազեկման երթը: Տասնյակ ուսանողներ շարժվեցին ԵՊՀ ֆակուլտետներով, այնուհետև երթով ուղևորվեցին դեպի ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենք և նորից կվերադառնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ իրենց միացել են նաև դասախոսներ Իջևանից, Վանաձորից: Նա ահազանգեց, թե այսօր առավոտյան ԵՊՀ մաքրուհիները հավաքել են իրենց՝ բաժանած թռուցիկները:
Այնուհետև բարձրաձայնեց մի շարք համակարգային խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն ԵՊՀ-ում. «Չենք ստանում այն կրթությունը, որով կարող ենք աշխատել և մեր նպաստն ունենալ ՀՀ պետականաշինության գործում: Համալսարանում չկա կառավարման թափանցիկություն, ռեսուրսների անարդյունավետ ծախս կա: Երբ ասվում է, որ պրակտիկա գնալու գումար չկա, նշենք, որ 2 միլիոն 600 հազար դրամ ծախսվում է մեկ սեղան գնելու համար, մեկ միլիոն դրամ աթոռ գնելու համար, ամեն տարի գնում են 30 հատ դռել:
Մյուս խնդրահարույց իրավիճակը կապված էր համալսարանի մաքրման ծառայության հետ: 141 միլիոն դրամ է հատկացվում: 87 միլիոն դրամ անվտանգության ծառայության աշխատանքների իրականացման համար է տրամադրվում, բայց անվտանգության ծառայողներն էլի դժգոհ են տիրող իրավիճակից, քանի որ տրվող գումարները չեն համապատասխանում այն ծառայություններին, որ իրականացվում են: Ծառայությունը մեր տվյալներով՝ պատկանում է Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին: Այս ամենը խոսում է այն մասին, որ համալսարանում կադրային փոփոխությունների պիտի տեղի ունենան»:
Aravot.am-ի հետ զրույցում մի շարք ուսանողներ հայտնեցին, որ թեև միացել են դասադուլին, բայց իրենց համար այս պահին նախընտրելի է կոնկրետ առաջարկներով ԵՊՀ ղեկավարության հետ երկխոսելը: Օրինակ՝ իրենց համար զարմանալի է, թե ինչու է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը մերժել ռեկտորի՝ այսօր ժամը 10.30-ին հանդիպման մասնակցելու առաջարկը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ