Դատական համակարգը գործադիր իշխանության նկատմամբ սաբոտաժ է սկսել։ Այլ կերպ դժվար է որակել այս օրերին տեղի ունեցողը, երբ դատարանները մերժում են թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները։
Ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ ե՛ւ էրեբունիում, ե՛ւ Ավանում տեղի ունեցած միջադեպերի ձերբակալված մասնակիցներն ազատ են արձակվել։ Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, մեղադրյալները ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող անձինք են։ Ասել է, թե գործել են այն ժամանակվա իշխանության հրահանգով կամ առնվազն թողտվությամբ, համաձայնությամբ։ Ու նման իրավիճակում մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու եւ նրանց ազատ արձակելու դատարանի որոշումն անհասկանալի է, մեղմ ասած։ Եւ այս ամենը լուրջ հիմքեր է տալիս պնդելու, որ դատարանները շարունակում են մնալ նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ի ազդեցության տակ։ Ու արդեն մտավախություն կա, որ նույնկերպ կվարվեն նաեւ դատավճիռ կայացնելիս, երբ անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունն ապացուցված է, թե ՝ ոչ (իսկ այդ անձանց մեղքն ապացուցող տասնյակ տեսանյութեր կան), հրոսակախմբի անդամներն անպատիժ մնան։ Սա անգամ այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է այս գործերով անցնող մեղադրյալների կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանի որոշումը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































