Մինչ կառավարությունը զբաղված է բացահայտ պոպուլիզմով, Հայաստանի տնտեսությունը վերջին շրջանում լիակատար մոռացության է մատնվել։ Կառավարությունը նույնիսկ չի կողմնորոշվել, թե որ փոխվարչապետն է զբաղվելու մակրոտնտեսական քաղաքականության հարցերով։ Այնպիսի տպավորություն է, որ պատրաստվում են առաջնորդվել նախորդ կառավարության ուղենշած ճանապարհով։
Թվում էր, թե տնտեսության ոլորտում Փաշինյանի գլխավորած գործադիր մարմնի առաջիկա անելիքների եւ ակնկալվող արդյունքների մասին հնարավոր կլինի պատկերացում կազմել, երբ կներկայացվի գործունեության ծրագիրը։ Սակայն ինչպես ցույց տվեց փաստաթղթի հրապարակումը, դա դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Ծրագիրը որեւէ կոնկրետություն չի պարունակում կառավարության գործունեության արդյունքների վերաբերյալ։
Այդ հարցին կառավարությունը հավանաբար ստիպված կլինի անդրադառնալ ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի նիստում կմեկնարկի փաստաթղթի քննարկումը։
Մինչ այդ, թվում է, թե կառավարությունը մոռացել է, որ փողոցային պայքարի իր ժամանակը վաղուց սպառվել է, եւ որ պարտավոր է լուրջ գործով զբաղվել։ Պետության հաշվին հասարակության այս կամ այն խավին լավություն անելուց բացի, այն բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու տնտեսության ոլորտում։ Նամանավանդ հեղափոխության շրջանում ձեւավորված լավատեսական սպասումներն առայժմ որեւէ կերպ չեն արդարանում։ Հայաստանի
տնտեսությունը իշխանափոխությունից հետո ակնհայտորեն մտել է պասիվացման փուլ, ինչը նկատելի է գրեթե բոլոր ոլորտներում։ Մինչդեռ կառավարությունը զբաղված է բոլոր մեթոդներով բյուջեն լցնելու, տնտեսավարողների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու, անպարտաճանաչ վարորդների վաստակած տուգանքներն ու տույժերը համաներելու կամ ժամկետանց գյուղվարկերի մարման համար օրենսդրական հիմքեր ստեղծելու հարցերով։ Այդ նույն ժամանակ տնտեսավարողներն անընդհատ բախվում են ոչ ցանկալի երեւույթների հետ։
Տարբեր արտադրական ձեռնարկություններում երբեմն-երբեմն հայտարարվող գործադուլները սպառնում են ընկերությունների բնականոն գործունեությանը։ Հատկապես որ դրանք կարող են կրկնվել ամեն պահի։ Գործատուներին ներկայացվող տարաբնույթ պահանջների լուծման անհնարինության հետեւանքով արդեն իսկ կան նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում


















































