Լրահոս
Օրվա լրահոսը

Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը»

Հունիս 16,2018 12:30

Հարցազրույց ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ

– Պատանի հանդիսատեսի թատրոնում սկսել եք 2013թ. ձեր ռեժիսուրայով բեմադրած, խաղացանկում տեղ գտած եւ շուրջ մեկ տարի առաջ «անհետացած» Շեյլա Դիլեյնիի «Մեղրի համը» պիեսի վերականգնման աշխատանքները, որը 2014թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում՝ լավագույն բեմադրիչ, երիտասարդական ներկայացում, երիտասարդ դերասան, դերասանուհի, երկրորդ պլանի դերակատար եւ դերասանուհի: Չե՞ք կարծում, որ «Մեղրի համը» ստվերում թողեց ձեր մյուս աշխատանքները: Ի դեպ, այս պիեսը ներկայացրել էիք նաեւ 2008թ. «Փոսի» թատրոնում, որը դարձել էր խաղացանկային եւ վերջինից դուրս եկավ ձեր բանակ զորակոչվելու պատճառով:

– Հանդիսատեսը վերականգնված «Մեղրի համը» դարձյալ «կհամտեսի» Պատանի հանդիսատեսի թատրոնում, հունիսի 23-ին: Այս բեմադրության նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչեւ պրեմիերան մեզ ուղեկցում էր ամենակարեւորը՝ տանդեմ ասվածը, որն իրականում կայացել էր: Դա դերասանների, նկարչի, մի խոսքով՝ ստեղծագործական խմբի յուրաքանչյուր անդամ իր գործին մոտեցել էր մաքսիմալ ազնիվ: Բնավ չեմ համարում, որ մրցանակներն են, որ բնորոշում ու բնութագրում են ներկայացումը: Այս աշխատանքն արվում է, ի վերջո, հանդիսատեսի համար եւ այս դեպքում դատավորը հանդիսատեսն է: Մինչ «Մեղրի համը», 2011թ. ըստ Միտուայի «Նվագակցողը» պիեսի «Լյուսփեն Լյուկը» մոնոներկայացումը դարձյալ արժանացել է «Արտավազդ» մրցանակի: Ժյուրին գնահատել է այսօր ամերիկաբնակ դերասան Նարեկ Ներսիսյանի խաղը: «Արտավազդի» արժանացավ նաեւ Լուիզա Ներսիսյանը՝ «Ամնեզիա» բեմադրության համար: Կարինե Խոդիկյանի «Մնաց 7 օր» բեմադրությունս, որն իրականացրել եմ «Մեղրի համից» հետո, մինչ օրս, ինչպես ասում են՝ «հանդիսատեսի պակաս չունի»… Ինչ վերաբերում է «Մեղրի համի» վերականգնմանը, այն խաղացանկից դուրս չի եկել, դերակատարներն են փոխվել՝ Մարիամ Ղազանչյանին փոխարինել է Եվա Զոհրաբյանը եւ «ներմուծվել» է Սեյրան Մովսիսյանը:

Նոր հայտագիրը:

– Չե՞ք կարծում, որ «Մեղրի համը» այսօր արդիական կամ հրատապ չէ մեզ համար, մանավանդ որ սցենարը գրված է 20-րդ դ. 50-60-ականների անգլիական դրամատուրգիայի կանոնների համաձայն՝ պիեսը «բաց ավարտ» ունի, ասել է թե՝ հանդիսատեսին է թողնված այն: Մյուս կողմից՝ պիեսը հասարակ պատմություն է հասարակ աղջկա, նրա անպատասխանատու մոր ու գարշահոտ սենյակի մասին: Ջոն սուր լեզու ունի, խելացի է, բայց բացարձակ անպաշտպան… Մեծ հաշվով տեսնում ենք անօգնական, դժբախտ մարդկանց…

– Համաձայն չեմ ձեր դիտարկմանը, բոլոր ժամանակներում խոսել մարդու մասին, դա արդեն արդիական է: Այո, վերականգնված ներկայացումը դիտելիս դարձյալ հանդիսականին եմ թողել ավարտը: Թող հանդիսականը գուշակի, թե ինչ եղավ Ջոյի հետ, ինչ ճանապարհ նա ընտրեց… Սա պատմություն է կյանքի ոչ միանշանակ լինելու մասին, կյանքի բարդության ու բազմակողմանիության մասին, ինչն էլ ստիպում է հասկանալ, թե որքան փոխկապակցված են մեր գոյության բոլոր տարրերը:

– «Մեղրի համի» հաջողության գրավականը նշեցիք, որ ստեղծագործական խմբի յուրաքանչյուրի «մաքսիմալ ազնիվ» աշխատանքի արդյունք է: Մինչդեռ ձեր գործընկերներից ոմանք նշում են ձեր անսահման եսասիրության մասին…

– Հավատացած եմ, որ աշխարհում չկա այն մեկը, որ եսասեր չէ, նույնիսկ ծնողը, որի սերը ընդունված է անվանել անշահախնդիր: Ծնողը երեխային սիրում է, ինչո՞ւ, որովհետեւ գերագույն հաճույք է ստանում… Ի վերջո, սիրո տարբեր հոգեվիճակները բխում են եսասիրությունից…

Տեսարան՝ «հին» «Մեղրի համից»

– Ի դեպ, եսասիրության հետ են կապում ժամանակին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնից սեփական դիմումի համաձայն ձեր հեռանալը:

– Գորիսում առաքելությունս ավարտված էր, 2012-17թթ. վարեցի գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Արդեն ժամանակն է այն զիջելու երիտասարդի…

– Դուք արդեն ծերունի՞ եք…

– Եթե կա կադրային խնդիր մարզերում, ապա անհրաժեշտ է հնարավորություն տալ մարզերի կադրերին:

– Երբեւէ մտածե՞լ եք դիմել թատրոնի մյուս ժանրերին, ասենք՝ մյուզիքլ:

– Բացի մնջախաղից եւ տիկնիկայինից, ինձ հետաքրքրում են թատերարվեստի մյուս ժանրերը: Երեւակայական թռիչքներ եղել են դեպի մյուզիքլ, օպերա… բայց դրանք մնացել են երեւակայությանս մեջ: Մի բան հաստատ գիտեմ, որ երբեւէ հաստատ չեմ մոտենա մնջախաղին ու տիկնիկայինին, որովհետեւ այդ ժանրերում ես պարզապես չկամ…

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

15.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930