Լրահոս
Օրվա լրահոսը

Հեպատիտների տարածման պատճառներն ու միտումները Հայաստանում

Օգոստոս 16,2018 16:10

2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:

Հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ ՀՀ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն` գրանցվել է 115 դրական դեպք հեպատիտ C -ի նկատմամբ, 22 դրական դեպք հեպատիտ B -ի, իսկ 9 դեպք ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Այս մասին օգոստոսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

Նա նշեց, որ մարզերում հետազոտությամբ առավել հետաքրքրված են 40-ից բարձր տարիքի մարդիկ և հետազոտությունը անցել են հենց 40-ից բարձր տարիքայինները:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Ավչյանն ասում է, որ իր մոտ հեպատիտ C-ն հայտնաբերվել է 2010-ին, զուգահեռ տեղեկացել է նաև տուբերկուլյոզի մասին:

«Ինքս եղել եմ թմրամոլ մինչև 2009-ը թիվը, հետո այդ չարիքից ազատվել եմ: 2010-ին ես բուժել եմ տուբերկուլյոզը ու մինչև հիմա հեպատիտ C-ից էի բուժվում: Ինձ մոտ հասել էր արդեն ցեռոզի փուլ, բայց ֆինանսական ոչ մի հնարավորություն չկար բուժվելու: Հետո ինձ ծրագրի շրջանակում տրամադրեցին դեղեր և ես ստացա բուժումս: Երկու շաբաթ առաջ եմ հանձնել հետազոտությունները ու հեպատիտ C -ն ինձ մոտ արդեն բացասական է ցույց տվել»,-ասում է Ավչյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ հեպատիտների խնդիրը գերակա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

«Հայաստանում սուր հեպատիտ C -ի դեպքերը ունեն նվազման միտում. հեպատիտ B-ն 1,7 անգամ է նվազել, հեպատիտ C-ն 2,5 անգամ: Հեպատիտ C-ով հիվանդների շուրջ 80%-ը տեղյակ չէ իր հիվանդությունից, քանի որ այն ընթանում է առանց ախտանշանների: Մարդիկ հիմնականում հայտնաբերում են լյարդի առաջնային քաղցկեղի կամ լյարդի ցերոզի ժամանակ»,-ասում է Ռոմելլա Աբովյանը:

Նա շեշտում է, որ վերջին տարիներին հեպատիտի տարածման պատճառ են հանդիսանում առաջին հերթին կոսմետոլոգիական կենտրոնները, այնուհետև բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև ներընտանեկան, ներկոնտակտային դեպքերը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031