Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ իրեն բռնակալ կոչողներին. «ՀՀ-ում ապրում են մարդիկ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի»

Սեպտեմբեր 12,2018 20:45

«Շատ է խոսվում, թե Հայաստանում նոր բռնակալ, նոր բռնապետ է ծնվում: Նկատի ունեն ինձ: Ես գիտեմ, որ ՀՀ-ում այլեւս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ: Ոչ թե այն պատճառով, որ ես կամ մեր թիմի որեւէ անդամ այդքան լավն ենք, այլ որովհետեւ ՀՀ-ում ապրում են մարդիկ եւ քաղաքացիներ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարեւոր է եւ հզոր է, քան ՀՀ քաղաքացին:ՀՀ-ում չի՛ կարող լինել բռնակալ»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում հանրահավաքին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ քաղաքացու դեմ խաղ չունի Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը, խաղ չունի ոչ ոք. «Մենք իրար առաջ, իրար նկատմամբ կարող ենք սխալներ գործել, բայց մենք երբեք ձեզ չենք խաբի: Ես մտածում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ձայն տալով «Իմ քայլը» դաշինքին, Հայկ Մարությանին, ինքը իրեն դրանով ասում է՝ ես հաջողակ մարդ եմ»:

Նա խոսեց այն մասին, որ քաղաքացիներին թվում է՝ իրենց բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի. «Պետք չի ոչ մի կառավարության, ոչ մի վարչապետի առաջ վիզ ծռել, դուք հզոր քաղաքացիներ եք, դուք երկրի տերերն եք, դուք տաղանդավոր մարդիկ եք, դուք ինտելեկտուալներ եք, դուք կարող եք ձեր մտքով չնախանձել iphone ստեղծած երկրների փորձին, դուք կարող եք ստեղծել ձեր սեփական ոչ թե iphone-ները, այլ ինչ-որ նոր բան, որ ոչ մեկի մտքով չի անցել: Ի վերջո մենք իրար հետ ստեղծել ենք շատ ավելի հզոր բան, ստեղծել ենք մի հեղափոխություն, որը աշխարհի պատմության մեջ չունի նախադեպ: Մենք այսօր քաղաքացիության ինստիտուտի համաշխարհային առաջնորդն ենք, աշխարհում չկա մի երկիր, որտեղ քաղաքացու ինստիտուտն ավելի ուժեղ լինի, դուք կարող եք այս էներգիայի վրա ստեղծել նոր տեխնոլոգիաներ, նոր գաղափարներ, նոր հնարավորություններ եւ կառավարությունը ոչ թե պետք է ձեր գլխին ղեկավար լինի, այլ ձեր ոտքերի տակ պետք է հող լինի, որ դուք քայլեք վստահ այդ գետնի, այդ հողի վրայով»;

Փաշինյանը հայտարարեց, «Ձեր երկրում քաղաքապետ է դառնում մի մարդ, ով սկսել է զրոյից՝ մինուսից, ձեր երկրում վարչապետ է դառնում մի մարդ, ով սկսել է մինուսից»:

Վարչապետը պատմեց, թե ինչպես է ինքը Իջեւանից եկել Երեւան. «Երբ ես եկել եմ Երեւան ուսանելու, իմ ընտանիքն ի վիճակի չի եղել իմ ուսման վարձը վճարելու: Ես ուզում եմ ասել այն ուսանողներին, ովքեր որեւէ սոցիալական դժվարությունից ընկճված են, մի՛ խեղճացեք, որովհետեւ ձեր երկրում վարչապետ է դարձել մի մարդ, ով շատ ավելի վատ վիճակում է եղել, քան դուք, ուղղե՛ք ձեր մեջքը, քայլե՛ք վստահ, որովհետեւ դուք հզոր եք, դուք ՀՀ հաղթական, հպարտ, արժանապատիվ քաղաքացի եք եւ ձեր դեմ խաղ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930