Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աշոտյան, այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 12,2018 22:00

«Պարոն Փաշինյան, այսօրվա ձեր կեցվածքից, կերպից, խոսքից հանգստություն է հորդում: Խախանդ եք, բարեկիրթ եք: Զարմանալիորեն տպավորված եմ: Ինձ երբեմն թվում է, որ դուք «դվայնիկ» ունեք. այնքան մեծ է տարբերություն այն կերպերի, որ մենք տեսնում ենք: Այս կերպը լավն է. սահմանադրական է, բարեկիրթ է, երկրի վարչապետին հարիր է եւ քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող»,- խորհրդարանում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման նախաբանով սկսեց խոսքը ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ապա նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեց մանրամասնել` ի՞նչ նկատի ուներ, երբ խոսում էր հողեր հանձնելու մասին: Խոսքը, օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին է, որտեղ նա ասում է. «Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել: Եվ ես հիմա դա գիտեմ, փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին`ո՞վ ինչ ա խոսել»:

Արմեն Աշոտյանը գրավոր դիմել է կառավարությանը` խնդրելով պատասխանել թե բանակցային գործընթացի ո՞ր ժամանակահատվածին են առնչվում այդ փաստաթղթերը եւ տրամադրել փաստաթղթեր, որոնք կհաստատեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ստացել է պատասխան. «Ցավում եմ, որ իմ այսօրվա կարգավիճակի բերումով և բանակցային գործընթացի շահերից ելնելով չեմ կարող բացահայտել ԼՂ հարցի կարգավորման շուրջ մինչ օրս տեղի ունեցած բանակցային  գործընթացի ողջ բովանդակությունը: Միաժամանակ, կարծում եմ, ոչ մի խոչընդոտ չկա, որ դա ճշտեք Սերժ Սարգսյանից, ով տիրապետում է ողջ խնդրին»:

Արմեն Աշոտյանն առիթից օգտվել է եւ եւվս մեկ անգամ Սերժ Սարգսյանի հետ խոսել, եւս մեկ անգամ իմացել, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂՀ կարգավիճակն ու անվտանգային միջավայրը:

Նա կրկնեց իր հարցը՝ հորդորելով պատասխանել:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պետք է արձանագրենք, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը: Եվ դուք դա գիտեք: Եվ վերջին տարիներին, ինչքան մոտեցել ենք մենք 2018 թվականին, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ որ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Ոչ մի բան: Կա միայն հետեւյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Եվ ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա: Ես չեմ ասում, որ դուք ընդունել եւ ստորագրել եք այդ տարբերակը: Ասել եմ, որ վերջին թուղթը, որը դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է: Ես ասել եմ, որպես վարչապետ` հենց առաջին շփումների ժամանակ եւ հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ, հարցի լուծում հնարավոր չէ»:

Ինչ վերաբերվում է իր ոճի վերաբերյալ Արմեն Աշոտյանի դիտարկումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը սովոր է լինել համարժեք. «Նախկինում էլ դուք ինձ տեսել եք այս դահլիճում`տարբեր ոճերի մեջ, շատ լայն դիապազոնով: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս ընթացքում դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլեւ ընդհակառակը, մեծացել է: Հույս ունեմ`դուք արդեն նկատել եք դա»:

Արմեն Աշոտյանը վկայակոչեց եռանախագահների կողմից ներկայացված վերջին փաստաթուղթը. «Այսպես կոչված, հիմնարար սկզբունքները, ներառում են Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մատնանշված է եռանախագահողների հայտարարության մեջ: Սա վերջին փուլի միակ պաշտոնական փաստաթուղթն է, որի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն: Ուզում եմ կրկնել, մենք ձեզ թողել ենք տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը ներառված է հիմնարար սկզբունքների մեջ: Եթե դուք պնդում եք այլ բան, ես ակնկալում եմ, որ հրապարակեք այն փաստաթուղթը, որի մասին դուք խոսում եք: Եվ զարմանալի է, եթե այսպիսի պարտվողական կեցվածքով է, ըստ ձեզ, Հայաստանը հանդես եկել բանակցություններում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի համաձայնել, երբեւէ, այդ բանակցային գործընթացում դրված փաստաթղթի իրականացմանը»:

«Պարոն Աշոտյան, այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ: Որովհետեւ, վախենում եմ, թե ճշմարտությունը լսելուց հետո դուք հոգեբանի կարիք ունենաք: Ես ձեզ ասում եմ այն, ինչ կա»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը`տարակուսելով, որ Արմեն Աշոտյանը մի կողմից հարց է տալիս, մյուս կողմից`պնդումներ է անում: Հորդորեց`ի գիտություն ընդունել ԱԺ ամբիոնից, ՀՀ վարչապետի կողմից արվող հայտարարությունները: Հավաստիացրեց`կգա նաեւ ամբողջական հրապարակումների ժամանակը. «Կներեք, թողեք, որ ես որոշեմ, թե երբ է այդ ժամանակը: Եվ ես անպայման կորոշեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930