Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք». Փաշինյանը՝ Քոչարյանին ու Ալիեւին, Ալիեւի որդու ծառայության մասին

Սեպտեմբեր 16,2018 21:30

«Այսօր տեղի է ունեցել մի շատ կարեւոր իրադարձություն՝ մեր հարեւան երկրում»,- այսօր Շենգավիթ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի որդու զինծառայության մասին. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին զորակոչվել է բանակ: Դա շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ ինչքան էլ փակ լինի այդ երկիրը, ինչքան էլ ազատ մամուլ չլինի այդ երկրում, ինչքան էլ սոցցանցերը հսկողության տակ լինեն, բայց, այնուամենայնիվ, արդեն 2 ամիս Ադրբեջանի ժողովուրդը հարց է դնում իր ղեկավարի առաջ՝ էդ ո՞նց է, որ Հայաստանի ղեկավարի որդին ծառայում է բանակում, իսկ քո որդին չի ծառայում բանակում: Որովհետեւ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ երբ Իլհամ Ալիեւն այդպիսի հեշտությամբ սրում է սահմանին եւ շփման գծում իրավիճակը, նա ոչ մի պրոբլեմ չունի, որովհետեւ նա գիտի, որ զոհվելու են ուրիշ ադրբեջանցիների որդիները, իր որդուն ոչինչ չի սպառնում: Ադրբեջանի ժողովուրդը սա հասկանում էր, վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի եւ դա արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում են մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի, Մովսեսի վրա եւ նրանց լռեցնելը, նրանց կրակակետերը ճնշելը իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է: Ամեն անգամ պետք է արձանագրել, որ երբ Իլհամ Աիլեւը հոխորտում է ՀՀ-ի հաշվին, նա, ըստ էության, ճանապարհ է բացում հազարավոր ադրբեջանցի մայրերին դժբախտացնելու համար: Նա գիտի, որ իր զավակին ոչինչ չի սպառնում: Հիմա էլ նա իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկում ծառայելու ու եւս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Իմ որդին կամավոր մեկնել է ծառայության Արցախի Հանրապետություն, որովհետեւ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն դարձել է մեկ տուն, մեկ ընտանիք, եւ կապ չունի, թե որ զինվորի հետ ինչ դեպք տեղի կունենա, նրանք բոլորը մեր բոլորի համար հավասար են, եւ մենք նրանից յուրաքանչյուրի համար ցավում ենք՝ ինչպես մեր սեփական որդիների: Հիմա եթե Ալիեւը գնում է այդ  ճանապարհով, ադրբեջանցի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին նույնպես  ծառայի առաջնագծում, տեսնենք այդ պարագայում նրանք կշարունակե՞ն իրենց նույնպիսի լկտիությամբ պահել սահմանին, թե՞ ոչ: Ադրբեջանի նախագահը թքած ունի իր զինվորների կյանքի վրա, որովհետեւ նրան չեն հետաքրքրում իր զինվորները, նրան հետաքրքրում են իր միլիարդները, իր ընտանիքի միլիարդները, իր նախարարներին հետաքրքրում են իրենց միլիարդները,  չհավատան, թե Ադրբեջանի նախագահը որեւէ բան ուզում է անել հանուն հայրենիքի, նա անում է միայն ու միայն իր միլիարդների համար»:

Փաշինյանն ասաց, որ որեւէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որեւէ բանում, որովհետեւ մենք հակագործողության դիմում ենք այն ժամանակ, երբ այլեւս հնարավոր չէ չդիմել. «Բայց Ադրբեջանի նախագահը թքած ունի ձեր երեխաների կյանքի վրա, նա այսօր շոուներ է ցույց տալիս, թող իր որդուն ուղարկի առաջնագիծ, հենց այնտեղ, այն մասի հակառակ կողմը, որտեղ իմ որդին է ծառայում, եւ մենք կտեսնենք, թե ոնց է վարվում այդ պարագայում»:

Նա դիմեց Ալիեւին՝ ասելով՝ «Եթե ես մեր զինվորներին ուղարկեմ զոհվելու, առաջինն իմ որդուն եմ ուղարկելու, դու էլ այդպես վարվիր ու մի խաբիր քո ժողովրդին, քո ունեցվածքի պաշտպանությունը, քո թալանածի պաշտպանությունը մի՛ ներկակայացրու իբրեւ հայրենիքի պաշտպանություն»:

Փաշինյանը նաեւ անդրադարձավ այն փաստին, որ Ալիեւն ու Քոչարյանը գրեթե միաժամանակ հարցազրւյցում իրեն մեղադրեցին բռնապետ լինելու մեջ. «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք»:

Փաշինյանը նաեւ վստահեցրեց, որ այսօր որեւէ կոնտակտ չունեն հեռուստաընկերությունների հետ, չեն թելադրում, չեն միջամտում, միակ կոնտակտը Հանրային հեռուստատեսության հետ է, որը պետբյուջեից ֆինանսավորվող է ու պետք է պետական քաղաքականությունը եւ հանրային կյանքը ներկայացնող լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930