Լրահոս
Օրվա լրահոսը

Իոաննիսյանը վստահեցնում է, որ կոնկրետ փաստեր ունեն՝ ԲՀԿ-ի վճարված ֆլեշմոբի եւ հետ կապված, Սաքունցը խոսում է քրեական հետապնդման մասին

Սեպտեմբեր 24,2018 19:15

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասել էր, որ կան ահազանգեր՝ ԲՀԿ-ն ընտրակեղծարարությամբ է զբաղվում: Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ընթացք ստացավ այդ գործը, ճշտեցի՞ք, ձեր կասկածները տեղի՞ն էին:

Իոաննիսյանը պատասխանեց. «Ըստ էության, ահազանգերի բոլոր դեպքերը վերաբերում էին ընտրակաշառքի դեպքերին, թեեւ մենք էլ էինք փորձում գնալ այդ ահազանգերի հետքերով, բայց բոլոր այդ ահազանգերը, որոնք պարունակում էին կոնկրետ փաստեր՝ մարդու անուն ազգանուն, կոնկրետ հասցե, ոչ թե շատ գլոբալ էին, մենք տալիս էինք իրավապահներին,որ հնարավորություն ունենան քրեական հետախուզման, օպերատիվ հետախուզության բոլոր լծակներն օգտագործեին դրանց բացահայտման համար: Որքանով են բացահայտվել, ես գիտեմ ոչ ավել, քան դուք: Բայց այն դեպքը, որը աղմուկ հանեց, որը կապված է ուրբաթ օրվա ԲՀԿ-ի ֆլեշմոբի հետ, որ մասնակիցներից ոմանք գումարով են մասնակցել այդ ֆլեշմոբին, դրա հետ կապված բոլոր փաստերը դեռեւս շաբաթ օրն ուղարկվեցին իրավապահներին: Մենք սպասելու ենք իրավապահների արձագանքին եւ կախված իրավապահների արձագանքից, մենք կամ կհրապարակենք դրանք, կամ նախաքննությունը կորոշի՝ հրապարակենք, թե ոչ: Կոնկրետ ուրբաթ օրվա միջոցառման հետ կապված ստույգ փաստեր կան, հարցը նրանում է՝ դա քրեական է, թե ոչ, սա է հարցը:

Ինչ վերաբերում է երեկվա հրապարակմանը՝ կապված ֆեյքային արշավների կազմակերպման հետ, այդտեղ էլ ստույգ փաստեր կան, որ ԲՀԿ որոշ անդամներ կազմակերպել էին ֆեյք արշավներ ու մանրամասն հայտնի է արդեն, թե ինչ մեխանիզմով էր դա կազմակերպվում: Ֆեյք նյութերի հետ կապված ստույգ փաստերը եւս կան, հարցը նրանում է, արարքը կա, բայց հանցակազմ այդտեղ կա՞, թե՞ չկա: Այն տեղերում, որտեղ մենք ունենք փաստեր ու չենք հրապարակում, զուտ նրա համար է, որ եթե հանցակազմ կա, մենք չխանգարենք իրավապահների գործողությանը, որովհետեւ եթե հրապարակենք, պիտի ասենք, թե ով է մեզ այդ տեղեկությունը տվել ու հնարավոր է այդ մեկի վրա ազդեցություն գործադրեն եւ ինքը հետո իրավապահներին չհայտնի այն, ինչ գիտի: Դրա համար մենք դեռեւս ամեն ինչ չենք հրապարակում»:

Ըստ Արթուր Սաքունցի, երբ մարդիկ բողոքում են սեւ PR-ից շատ տարօրինակ է, երբ կոնկրետ մի ուժի հետ կապված ընտրակաշառքի մասին է խոսվում. «Չի խոսվում ՀՅԴ-ի մասին, չի խոսվում ՕԵԿ-ի մասին, երբ ՕԵԿ-ի մուրաբաների պատմությունը գիտենք, բայց երբ մի կուսակցության մասին է խոսվում ու սկսում են էմոցիոնալ արձագանքել, ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւ համար եք անհանգստանում: Փող վերցնել, առնել տալը մեկ վայրկյանի գործ է, շատ դժվար է ապացուցելը, բայց ահազանգերի հետ կապված հստակ մոտեցում է պետք: Ինձ համար տարօրինակ է, երբ իրենք մեղադրում են իրենց նկատմամբ սեւ PR-ի համար, երբ որ իրենք են սեւ PR անում: Այն, ինչ կատարվեց «Մեդիա կենտրոնում», անպայման քրեական հետապնդման նյութ կդառնա, մենք հետամուտ ենք լինելու, որովհետեւ չի կարող ԱԺ պատգամավորի կողմից նման դրսեւորումը դիտորդների նկատմամբ եւ ԶԼՄ գործունեության նկատմամբ: Կարող են արձագանքել, բայց հակադարձումը չի կարող լինել բռնությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930