Լրահոս
Օրվա լրահոսը

Զարիշատի դպրոցում ընդամենը 2 ուսուցիչ կա. այս բյուջեն այս հարցը չի լուծում ու չի անդրադառնում խնդրին

Հոկտեմբեր 09,2018 17:45

«Մեծ կապ չկա Նիկոլ Փաշինյանի կառավարության կաբինետի առաջնահերթությունների եւ բյուջեի առաջնահերթությունների միջեւ»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով 2019 թվականի պետական բյուջեի նախագծին: «Առաջին հերթին մենք տեսնում ենք ՀՆԱ-ի որոշակի տրադիցիոն աճի կանխատեսման ձեւաչափի այսպիսի մատուցում, բայց մենք չենք տեսնում ներառականության դինամիկա: Արդյոք այս կաբինետը գնում է ռադիկալ վերաբաշխումների: Ըստ իս՝ ոչ: Եթե Փաշինյանի ծրագրի առաջնահերթություններին նայենք ՝ բարձր տեխնոլոգիաների սեգմենտը, ռազմական արդյունաբերություն,  ինտենսիվ գյուղատնտեսություն, այս ոլորտներում առաջանցիկ աճ չենք տեսնում, դա պայմանավորվում է զուսպ տնտեսական աճով, որը դրված է բյուջեի հիմքում»,-ասաց Մարգարյանը:

2018-ի բյուջեի հիմքում դրված է 4,5% տնտեսական աճ եւ 4%( +1,5%) գնաճ, իսկ 2019-ի բյուջեի հիմքում դրված է 4,9% տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 2,7%:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ պետական ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Կյուրումյանն էլ նկատեց՝ եկող տարվա բյուջեն ծրագրային է, սակայն դասական ծրագրային բյուջե դառնալու համար երկար ճանապարհ պետք է անցնի: «Արդյունքային ցուցանիշների մասը նայում ես՝ բարելավման մեծ հնարավորություններ կան, կարելի է ասել՝ ճյուղային նախարարությունների դերը մեծ էր, որպեսզի իրենք մշակեին փաստերի վրա հիմնված քաղաքականություն: Օրինակ բերեմ՝ կրթության ոլորտում. վերջերս ուսումնասիրում էի մարզային դպրոցները, նախարարն ասում է՝ ոչ մի դպրոց չի փակվելու: Եթե չի փակվելու, ուրեմն պետք է հագեցված լինեն ուսուցիչներով: Շիրակի մարզի Զարիշատ համայնքն ունի ընդամենը 2 ուսուցիչ՝ քիմիայի եւ պատմության: Ինչպե՞ս են սովորում մյուս առարկաները: Շաղիկ համայնքում կան հայոց լեզու եւ գրականության եւ մաթեմատիկայի ուսուցիչներ: Այս բյուջեն այս հարցը չի լուծում ու չի անդրադառնում խնդրին: Այս դպրոցները ֆինանսավորվում են համապատասխան բանաձեւով: Տավուշի մարզում 81 դպրոց կա, որից 35-ում չկա ինֆորմատիկայի ուսուցիչ: Ինչպե՞ս են ՏՏ ոլորտ զարգացնելու, եթե պարզ ինֆորմատիկայի ուսուցիչ չկա»,-ասաց Կյուրումյանը:

Ասուլիսին ներկա հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ ուշագրավ դիտարկում արեց. «Եթե օրենսդիրը համարվում է ոչ լեգիտիմ, ապա հարց է առաջանում՝ արդյոք լեգիտիմ են նրա տված թույլտվությունները, որոնք տրվել են նախորդ համակարգի օրոք»: Պարոն Քթոյանն այս առումով օրինակ բերեց Ամուլսարի հանքը:

«Հայաստանը անցում է կատարում նոր մոդելի՝ ոչ թե ռեսուրսային հենքով տնտեսության մրցունակության բարձրացում է, այլ արդյունավետության բարձրացման վրա: Կառավարությունը ուղերձ է հղում, որ մենք անցում ենք կատարում մրցունակության ավելի բարձր մակարդակի»:

Քթոյանն ասաց՝ պետք է հաշվի առնենք՝ սա անցումային բյուջե է, անցում է տեղի ունենում մեկ համակարգից մյուսին. «Այս բյուջեում ռիսկերը բավականին թերագնահատված են թե՛ տնտեսական աճի առումով, եւ թե՛ հարկային եկամուտների առումով: Օրինակ` չկա հարցի պատասխանը՝ ստվերը որքա՞ն է գնահատում եւ որքանով է մտադիր այս կառավարությունն իր քաղաքականության արդյունքում նվազեցնել այդ ստվերը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Լեգիտիմ չէ նաև նրա ընտրած վարչապետը?….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031