Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը չնայած սուղ միջոցներին մտադիր է զարգացնել հաջողությունները

Հոկտեմբեր 18,2018 21:21

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մարզչի՝ Արմեն Գյոզալյանի, հետ միասին Ֆրանսիայում է: Նա խմբային եւ սկրեչ մրցաձեւերում մասնակցելու է աշխարհի գավաթի առաջին փուլին: Այնտեղից  մարզիկն ու մարզիչը կմեկնեն Կանադա, որտեղ անցկացվելու է աշխարհի գավաթի երկրորդ փուլը:

Մեկնելուց առաջ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախապատրաստությունն ընդհանուր առմամբ անցել է նորմալ, որ իր եւ իր սանի նպատակը արդյունքները բարելավելն ու վարկանիշը բարձրացնելն է, աշխարհի առաջնության, Եվրոպական խաղերի եւ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր վաստակելը: Նրա խոսքով, Էդգարը արդեն հիմա համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակներում բարձր դիրքեր է զբաղեցնում եւ միանգամայն ի վիճակի է իրականացնել իր առջեւ դրած ծրագրերը: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նա տարվա կտրվածքով հնարավորինս շատ մրցումների մասնակցի, դիրքերը բարձրացնելու համար վաստակի անհրաժեշտ միավորներ:

Այն, որ վերջին տարիներին հայկական հեծանվասպորտում բարձր արդյունքներ գրանցող եւ Հայաստանին հեղինակություն պարգեւող հեծանվորդին լուրջ աջակցություն է անհրաժեշտ, կասկածից վեր է: Թե չէ ի՞նչ ասել, որ փող չլինելու պատճառով Էդգար Ստեփանյանը վերջերս Օմսկում, այնուհետեւ Աստանայում անցկացված «Գրան Պրիներին» մասնակցելու մեկնել էր միայնակ, առանց մարզչի: Ու չնայած դրան, հանդես եկավ գերազանց՝ բոլոր մեկնարկներում գրավելով 1-ին եւ 2-րդ տեղեր: Իսկ մարզիկին իր անձնական մարզչի խնդրանքով «տիրություն էին անում» նրա ռուս գործընկերները:

Ինքը՝ Էդգարը, պահանջկոտ է իր հանդեպ, նվիրված է Հայաստանին, ուզում է ամենուր գերազանցել ինքն իրեն ու մշտապես Հայաստանի դրոշը ծածանել ամենից բարձր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031