Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զարմացած եմ էդ մարդու վրա, հենց մոտենում ենք, գոռում է՝ միլիցիա, միլիցիա»․ Գյումրու քաղաքապետը՝ Իտալիայի հյուպատոսի մասին

Հոկտեմբեր 25,2018 22:45

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե հարթվե՞ց Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ սկսված վիճաբանությունը, հյուպատոսը արդյոք վերակառուցե՞ց Ռուսթավելի ու Վարպետաց փողոցների խաչմերուկում իրեն պատկանող կերամիկայի արտադրամասին հարող մայթը, որը քանդել էր առանց քաղաքապետարանի հետ համաձայնության։

«Մոնտալտոն նույնպես քաղաքականացրել է հարցը, նա սպասում է, որ մենք բողոք ներկայացնենք իրավապահ մարմիններին, և ինքը սկսի լրագրողներին հավաքել, ասի՝ ես եկել եմ Հայաստան, ներդրումներ եմ կատարում, ինձ չեք թողնում և այլ, և այլն․․․

Ես, ճիշտն ասած, զարմացած եմ էդ մարդու վրա, որովհետև շատ հարգանքով էի լցված նման մարդու նկատմամբ, որը եկել է, մեր քաղաքում կառույցներ է գնել։ Էլի եմ հարգանքով լցված, բայց պետք չէ խնդիրը քաղաքականացնել, պետք չէր էդպիսի քայլի գնալ։

Հիմա մենք իրեն ինչ ենք ասում, ասում ենք՝ լավ, մենք սխալ ենք, ընդունեցինք մեր սխալը, դու ունե՞ս նախագիծ։ Քո նախագիծը բեր, մենք քննարկենք, գտնենք ճիշտ լուծում մեր ճարտարապետի օգնությամբ, դու գնա էդպես սարքի, դու ես քանդել։

Հիմա դա քանդել է, իբր քիչ է, նորից տուն է գնել կողքի հետ, ապօրինի շինարարություն է անում, հենց մոտենում են, գոռում է՝ միլիցիա, միլիցիա, միլիցիա, զարմանալի բան է։ Ես այսպիսի բան չեմ պատկերացնում, ճիշտն ասած, հասկանում եմ մարդկանց, հարգում եմ շատ, բայց որ նման վերաբերմունք եմ տեսնում, չէի ուզի էդպես լիներ։

Ասում եմ մարդը լավ բան է արել, եկել, մեր քաղաքի մեջ կառույցներ է գնել, նա մի շենք չունի, նա մի քանի շենքեր ունի, բոլորը պատմական արժեքներ են, ու բոլորն էդպես կիսատ մնացել են։

Նա շատ խելացի է, լավ հասկանում է՝ ինչ է Գյումրի քաղաքը՝ իր «Կումայրի» արգելոց-թանգարանով։ Ես միշտ պրոպագանդում եմ, թե գյումրեցիներ գնե՛ք, գնացել եք դուրս, եկեք, գնեք, կառուցեք, որովհետև սա այն արժեքն է, որ դուք միշտ շահելու եք։ Հիմա, եթե իտալացին, որը եկել է այստեղ, այդ ամենը հասկացել է, մենք էլ պիտի ընդունենք, ընկալենք և գովենք , ինչո՞ւ չէ, մարդն արել է։

Բայց մյուս կողմից էլ, չի կարելի օրենքներին դեմ գնալ, եթե ես հիմա գնամ Հռոմում մի բան քանդեմ, ինձ կթողնե՞ն, եթե գնամ մի քար հանեմ, ինձ կթողնե՞ն։

Ասենք լավ բան ես անում, գնել ես, ապօրինի շինարարություն անելդ ո՞րն է, բեր, նախագծով հաստատենք, տանք , կարո՞ղ է ասենք՝ չէ, մի կառուցապատի, զարմանալի բան է։

Ուզում եք փորձի համար վաղը դիմենք իրավապահ մարմիններին, որովհետև արդեն մեր ուժերից վեր է, ինքը մամուլի ասուլիս է հրավիրելու ու ասելու է՝ ես եկա, ներդրում կատարեցի․․․Ինքը սպասում է, որ հարմար առիթ լինի, բողոքի, հիշեք խոսքս՝ ինքը բողոքելու է մեր վրա», -ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031