Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում ես facebook կոչված սոցիալական ցանցը ու Հայաստանից ուզում ես փախչել». Ավետիք Իշխանյան

Հոկտեմբեր 30,2018 20:19

Այսօր «Human rights house»-ի գրասենյակում «Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիան» քննարկում էր կազմակերպել «Ատելության քարոզը քաղաքական մանիպուլյացիաների համատեքստում» թեմայով: Քննարկման ընթացքում խոսվեց այն մասին, որ ԼԳԲՏ համայնքի ֆորումի հարցը, որն այսպես աղմուկ բարձրացրեց, իրականում մանիպուլյացիա էր նոր իշխանությունների դեմ:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ դա բնական է, իշխանության համար պայքար է գնում. «Եթե առաջ հայտնի էր, թե ով է իշխանություն վերարտադրվելու, այդ վարկաբեկման մթնոլորտն այսքան արտահայտված չէր: Հարց է առաջանում՝ եթե որեւէ քաղաքական ուժ ստեղծված լինի եւ ջահը վերցնի՝ որպես իրավունքների պաշտպան, եւ ավանդական կոչված արժեքների դեմ գնա, նա արդյո՞ք բավարար ձայն կհավաքի, որ իշխանության հասնի: Ես կարող եմ պատասխանել՝ ոչ: Իսկ քաղաքական ուժերը ավելի շատ հենվում են մեծամասնության կարծիքի վրա: Ինձ համար բավականին տհաճ անակնկալ էր, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիբանանում ասաց, որ ինքը ավանդական հայկական եկեղեցու կողմնակից է եւ աղանդավոր չի: Օգտագործեց հենց աղանդավոր բառը: Ինչո՞ւ այդպես ասաց, իսկապե՞ս այդպես էր մտածում, թե՞ ոչ: Ես կարծում եմ, ասաց նույն համատեքստում՝ հենվելով մեծամասնության կարծիքի վրա»:

Քաղաքական մանիպուլյացիաների մասին խոսելով՝ Իշխանյանն ասաց, որ իշխող նախկին կուսակցությունները պարտված են, չեն ուզում համակերպվել պարտության հետ, մեջ են գցում այդ օրենքների նախաձեռնությունները, որ մեծամանության՝ ավանդական մտածողություն ունեցողների վրա ազդեն. «Տհաճ է, բայց քաղաքական տեսանկյունից երբ նայում ես, որ իրենց նպատակը իշխանություն վերցնելն է, այդ ամենը դառնում է նորմալ: Շահարկումների թեմաներ շատ կան՝ հավաքների սահմանափակման մասին, եթե դու այդպիսի արգելք ես դնում, ինչո՞ւ միայն Առեաքելական եկեղեցին ես անում, պիտի բոլոր ծիսական շենքերի, եկեղեցիների մոտ չլինեն հավաքներ: (Տեղեկացնենք, որ խոսքը շրջանառության մեջ դրված այն օրինագծի մասին է, որով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու մոտ հավաքները արգելել- Հ.Ջ) : Այս ամենը ինձ համար պարզ մանիպուլյացիաներ են ու բավական թերեւս պարզունակ, բայց գուցե նաեւ աշխատող: Այսօրվա հեղափոխական իշխանությունները խուսափում են իրենց կարծիքն այդ հարցերի վերաբերյալ հստակ ասել, որովհետեւ եթե ասի՝ սա խայտառակություն է, մենք բոլորի իրավունքները պետք է պաշտպանենք, կկորցնի ավանդական հասարակության ձայներ, մյուս կողմից, եթե ընդունի դա, միջազգային, եվրոպական կառույցների հակազդեցությունը կլինի: Այնպես որ, պետք է այդ ամենին նայել փիլիսոփայորեն, որ քաղաքական պայքար է գնում, իսկ քաղաքական պայքարը աշխարհում ոչ մի տեղ մաքուր չի»:

Ավետիք Իշխանյանն ասաց՝ դուք ատելության խոսք եք ասում եւ օրինակ եք բերում ԼԳԲՏ համայնքը, կրոնական փոքրամասնությունները, բայց նայեք քաղաքական ինչ բեւեռացում է գնում. «Նայում ես facebook կոչված սոցիալական ցանցը ու Հայաստանից ուզում ես փախչել: Քննադատություն, բանավեճ չկա, այլ՝ հայհոյանքներ երկկողմանի, էլ չեմ ասում սեւերի ու սպիտակների բաժանումը»:

Ընդհանրապես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով Իշխանյանն ասաց, որ քայլ առ քայլ ինչ-որ բաների հասել են. «90-ականներին ո՞վ կարող էր պատկերացնել, որ կարող է ստեղծվել կազմակերպություն, որը պաշտպաներ ԼԳԲՏ համայնքը, բայց 2000-ականներից արդեն կար նման կազմակերպություն, իրավիճակ փոխվե՞լ է մարդկանց մտածողության մեջ, ես կասեի՝ չնչին, բայց ինչ-որ բան փոխվել է, դեռեւս մենք գտնվում ենք ավանդական մտածողության մեջ: Իսկ բարոյականությունը, որ ասում են, շատ սուբյեկտիվ հասկացություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031