Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գիտության զարգացման խոչընդոտները եւ հնարավոր հեռանկարները

Հոկտեմբեր 31,2018 13:30

Կրթական եւ գիտական բարձր մակարդակը շատ կարեւոր է ցանկացած երկրի զարգացումը ապահովելու համար: Հայաստանի պարագայում դա շատ ավելի է կարեւորվում` հաշվի առնելով մեր երկրի առջեւ կանգնած արտաքին մարտահրավերները: Ես կցանկանայի խոսել Հայաստանում գիտության հետ կապված մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ իս, շատ կարեւոր են: Գիտությունը Հայաստանում ֆինանսավորվում է երկու եղանակով: Առաջինը բազային ֆինանսավորումն է, որը տրվում է գիտական հաստատությանը` աշխատողների բազային աշխատավարձը վճարելու համար, ինչպես նաեւ իրականացնում է տնտեսական ծախսերը: Երկրորդ եղանակը գրանտային համակարգն է, որի միջոցով ֆինանսավորվում են ինչպես առանձին լաբորատորիաներ եւ խմբեր, այնպես էլ անհատ գիտաշխատողներ: Բացի այդ, կա նաեւ առանձին գրանտային համակարգ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Միայն բազային ֆինանսավորումը բավարար չէ քիչ թե շատ զարգացում ապահովելու համար, եւ գիտաշխատողները փորձում են ստանալ նաեւ գրանտային ֆինանսավորում, որպեսզի ձեռք բերեն որոշակի սարքավորումներ եւ նյութեր` գիտական աշխատանքը ապահովելու համար: Դա բերում է նաեւ աշխատավարձի որոշակի ավելացմանը, ինչը նույնպես կարեւոր է: Այդ գրանտային ծրագրերի մրցույթները հայտարարում եւ իրականացնում է Գիտության պետական կոմիտեն: Այդ նպատակով հրապարակվում է մրցույթի հրավերը, որտեղ ներկայացված են մասնակիցներին վերաբերող պահանջները, ստեղծվում է հանձնաժողով եւ հավաքագրվում են փորձագետներ, որոնք պետք է գնահատեն ներկայացված թեմաները: Հասկանալի է, որ նախատեսված գումարները սահմանափակ են, իսկ մասնակիցների թիվը շատ եւ այս պայմաններում, իհարկե, շատ դժվար է իրականացնել հնարավորինս ճիշտ ընտրություն: Դրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորը իրար գիտեն, եւ այստեղ ի հայտ են գալիս այլ գործոններ եւս:

Վերջին մրցույթը ասածիս հերթական ապացույցն է: Տարիներ շարունակ հաղթողները հիմնականում նույն մարդիկ են (խոսքը կենսաբանական գիտությունների մասին է): Ինձ կարող են հակադարձել, որ դա նորմալ է, դա է ներկա գիտական էլիտան եւ նոր դեմքեր առանձնապես ի հայտ չեն գալիս: Ես կարող էի համաձայնել դրա հետ, եթե չապրեի ինտերնետի դարում, որտեղ կարելի է առանց որեւէ պրոբլեմի գնահատել ցանկացած գիտաշխատողի միջազգային կշիռը: Եվ այդ փոքրիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ հաղթողների մեջ կան մարդիկ, որոնք չունեն որեւէ միջազգային հրապարակում քիչ թե շատ ռեյտինգային ամսագրում, կամ նրանք որեւէ հոդվածում բազմաթիվ համահեղինակներից մեկն են, ընդ որում՝ ոչ գլխավոր: Հասկանալի է, որ համակարգը արատավոր է, որը թույլ է տալիս այդպիսի արդյունքներ: Ես դիմեցի կոմիտե նման հարցով, թե ինչպես են նման մարդիկ հաղթում մրցույթում, սակայն ստացա լղոզված, ոչինչ չասող պատասխան: Ես կարծում եմ, որ այս տիպի արդյունքները կարելի է բացառել, եթե մասնակիցների առջեւ դրված չափանիշները բարձրացվեն: Մասնավորապես, կարելի է փոխել հոդվածներին վերաբերող միավորները: Ներկայումս մրցույթին մասնակցելու համար պահանջվում է, որ մասնակիցը ունենա 5 հոդված: Պետք է այս թեզը փոխվի եւ պահանջվի առնվազն 2 հոդված միջազգային ոչ open access ամսագրերում, որոնց impact factor-ը լինի գոնե մեկից ավելի (ներկայումս սնկի նման աճում են, այսպես կոչված՝ վճարովի open access ամսագրերը, որտեղ կարելի է տպագրել ցանկացած հոդված, որոնց պետք է նայել մեծ վերապահումներով): Այս պայմանները մի կողմից դուրս կմղեն անորակ աշխատանքները, մյուս կողմից՝ խթան կհանդիսանան լավ աշխատանքներ կատարելու համար: Հարցաթերթիկը, որը բաժանվում է փորձագետներին, պարունակում է մի շարք հարցեր, որոնք ավելացնում են գնահատման սուբյեկտիվությունը: Պետք է նշել, որ նմանատիպ համակարգ գործում է նաեւ «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի շրջանակներում, որտեղ իրական չափանիշները լղոզվում են լրացուցիչ այլ չափանիշներով:

Կարծում եմ՝ չի կարելի չհիշել Գիտության կոմիտեի նախագահ պրն Ս. Հարությունյանի հեռուստաեթերում հնչած այն արտահայտությունը, որ գիտնականը պետք է ունենա h-index 5 ից ոչ ցածր, երբ շատ ակադեմիկոսների ինդեքսը ընդամենը մեկ է: Բայց նույն վիճակում են մրցույթը հաղթող շատ մասնակիցներ: Մի՞թե այստեղ չեք տեսնում հակասություն: Դա, ըստ իս, ակնհայտ է:

ՎԱՐԴԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բժշկական կենսատեխնոլոգիայի
լաբորատորիայի վարիչ
ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ

«Առավոտ»

30.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031