Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիվն ականատես է եղել Մարալիկում Սու-25 ինքնաթիռի կործանմանը․ այս տեղանքում ևս երկու ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 04,2018 20:15

Այսօր ժամը 10.20-ի սահմաններում Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող հատվածում ուսումնամարզական թռիչք իրականացնող «ՍՈՒ-25» մարտական ինքնաթիռի կործանմանը, որի պատճառով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանն ակամա ականատես է դարձել Իսահակյան գյուղի հովիվը՝ Համբարձում Սիմոնյանը։

Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց․ «Անցնում էի Լուսաղբյուրի տարածքով, անասուններին տարա վերև, ստույգ ժամը չնայեցի, բայց, երևի թե, ժամը 10-ի մոտ էր, երբ ինքնաթիռի ձայնը լսեցի, գնում էր ու վայրկյան չանցած՝ տարօրինակ ձայն հանեց։ Ուժեղ պայթյուն լսեցի, ոնց որ երկու վագոն խփեն իրար, շատ ուժեղ էր։ Ինքս ինձ ասի՝ վայ սամալյոտը ընկավ, երբ սկսեցին որոնողական աշխատանքները, ես արդեն մոտավոր տեղը գիտեի, ցույց տվեցի որտեղից, որ հատվածում է եղել, որտեղից էի ձայնը լսել։

Դա հին Ձորաշենի մոտ է, քանդված գյուղ կա, կողքի ձորերում է։ Մառախուղ էր, ծուխը չեմ տեսել, բայց ձայնը լրիվ լսել եմ ու բարձր ձայնով ինքնս ինձ ասել՝ վայ ինքնաթիռն ընկավ», -պատմեց Համբարձում Սիմոնյանը։

Մեր դեպքի վայրի մոտակայքում լինելու պահին այնտեղ աշխատում էին ոստիկաններ, քննիչներ, զինվորականներ։ Այնտեղ էին շտապում նաև տեղանքի բնակիչները, սակայն դեպքի վայրում աշխատող իրավապահները հորդորում էին մոտ չգնալ, քանի որ չեն կարողանա ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Նշենք, որ քաղաքացիներից մեկը կռիվ սարքեց, հայհոյանքների տարափ տեղաց իրեն առաջ գնալու հնարավորություն չտվող իրավապահներին։

Վերջիններս փնտրում էին նաև օդաչուների մարմնի մասերը, դեպքի վայրում աշխատում էր նաև շտապօգնության մեքենա։

Որոնողական աշխատանքներին մասնակցել էր նաև Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը։ Նա պատմեց, որ ժամը 10․30-ի սահմաններում տարբեր տեղերից հեռախոսազանգեր է ստացել, թե Անիի տարածքում ինքնաթիռ է կործանվել, իր հերթին ահազանգել է Անի համայնքի վարչական ղեկավարներին, որպեսզի իրենց տարածքներում սկսեն որոնողական աշխատանքները։

Մոտ 2,5 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել դաշտերի տարբեր հանդամասերում։ Այնուհետ հստակ տեղեկություն են ստացել, որ ինքնաթիռը Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող տեղանքում է վթարի ենթարկվել։ Գնալով դեպքի վայր՝ ականատես են եղել սարսափելի տեսարանի։

«Անի կայարանից մինչև Լանջիկ, Ձիթհանքով, Մարալիկ, 17 գյուղերում, նաև մեր Բարձրաշենում, Ձորաշենում, որոնք բնակատեղի են իրենցով, որոնողական աշխատանքներ ենք տարել։ Ամեն դեպքում կասկածները բարձրադիր գոտու վրա էին, չնայած մի պահ տեղեկություն ստացվեց, թե Փանիկի հատվածում է, հնարավորություն եղավ արագ ճշգրտելու, որ այնտեղ չէր։ Երկրաշարժի ժամանակ, երբ տարբեր երկրներից օգնության էին եկել օգնելու մեր ազգին, այդ հատվածներում մենք ունեցել ենք ևս երկու ավիաաղետներ։ Էլի մարդկային կորուստներ են եղել, մեկը Քարաբերդ գյուղի հատվածում և մեր Շիշթափա կոչվող սարի հատվածում, տվյալ տարածքներում ռելիեֆը լեռնային է և անընդհատ փոփոխական է։ Գուցե վատ տեսանելիությունը կամ ինչ-որ պատճառներ, համապատասխան մարմինները, մասնագիտական կառույցները կարող են իրենց որակավորումը տալ, ամեն դեպքում եղանակային անբարենպաստ իրավիճակ է եղել, մառախուղ, որը տեսանելիության խնդիր կարող էր առաջացնել»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Սու-25 ինքնաթիռը թվով երրորդ է, որը կործանվում է այդ հատվածում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վթարի պատճառները պարզվում են, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։

Լրագրող Աննա Մարտիկյանի փաստմամբ, 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը մեր զինված ուժերի լավագույն օդաչուներից է, որի օդանավը հաճախակի ենք տեսել ազգային տոների ժամանակ՝ երկնքում եռագույն գծելիս։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31