Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Արտաշատում քվեարկության գաղտնիությունը զանգվածաբար ոտնահարվում էր

Դեկտեմբեր 09,2018 18:38

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ներկայացնելով դիտորդական առաքելության արդյունքները հայտարարեց, որ Արտաշատում քվեարկության գաղտնիությունը զանգվածաբար ոտնահարվում էր: Ըստ պարոն Իոաննիսյանի` ընտրատեղամասերում խնդիրների գերակշիռ մասը կապված են եղել քվեարկության գաղտնիության հետ. «Մենք տեսել ենք բազմաթիվ տեղամասեր, որտեղ քվեախցիկ մարդիկ են մտնում, որոնք օգնողներ չեն, տեսել ենք տեղամասեր, որտեղ կահավորման մասով պատշաճ կերպով ապահովված չեն. Քվեախցիկները դրված են, դրանց հետեւով մարդիկ են գնում՝ գալիս: Կան դեպքեր, որտեղ տեսնում ենք քվեախցիկներում մեկից ավելի մարդ: Բայց այդ դեպքերն ավելի քիչ են, քան՝2017-ի ընտրություններին, այն ժամանակ Տավուշի, Գեղարքունիքի մարզերում այդպիսի խախտումները շատ-շատ էին»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, այս պահի դրությամբ ամենախնդրահարույց տարածքը Արտաշատն է, Արարատի մարզը. «Այստեղ կարգ ու կանոնի մակարդակը շատ ցածր է, կուտակումները մեծ են: Մինչեւ ժամը երկուսը երեքը խայտառակ վիճակ էր, հիմա վիճակն ավելի լավ է»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, արձանագրվել է դեպք, որ Ծառուկյան խմբակցության հանձնաժողովի անդամը «ակնհայտ խմած է եղել, դրսեւորել է ոչ ադեկվատ պահվածք», բայց հանձնաժողովի նախագահի միջամտությամբ նրա լիազորությունները դադարեցվել են:

Նկատել են նաեւ կեղծ դիտորդների. «Զգացվում էր, որ նրանք ոչ թե դիտորդ են, այլ, իրականում վստահված անձանց գործառույթներ էին կատարում»:

Պարոն Իոաննիսյանն ասաց, որ այս ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են անցնում, քան նախկին ԱԺ ընտրությունները:

Բայց, ըստ նրա, ավելի վատն են, քան սեպտեմբերի 23-ի ավագանու ընտրությունները: Տեղամասերի 70-80 տոկոսում, որտեղ խախտումներն են արձանագրել հանձնաժողովների նախագահները ՀՀԿ կուսակցությունից են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31