Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին. Գազի գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց սպառողների համար փոփոխություն տեղի չի ունենալու. (տեսանյութ)

Դեկտեմբեր 31,2018 13:33

«Տեղյակ եմ, որ մամուլում գազի գնի շուրջ քննարկումներ են տեղի ունենում, եւ ասվում է, որ հայաստանյան սպառողների համար գազը թանկանալու է: Ես ուզում եմ ձեզ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին:

Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ էության կարող ենք ասել, որ եկել ենք լուծման առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար:

Քննարկումների արդյունքը, որպեսզի կարճ ներկայացնեմ, ասեմ հետեւյալը. կա երկու օղակ գազի մատակարարման: Մեկը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, եւ ռուսական Գազպրոմ ընկերության կողմից «Գազպրոմ Արեմենիա» ընկերությանը մատակարարվող գազը եւ մյուսը «Գազպրոմ Արմենիայից» դեպի հայաստանյան սպառողներ մատակարարվող գազը:

Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» եւ «Գազպրոմ» ընկերությունը պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, ըստ էության, այդ գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու եւ գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ապա հավելեց. «Ինչո՞ւ հիմա որոշեցի այս ձեւով ձեզ դրա մասին տեղեկացնել, որովհետեւ գիտեմ, որ այդ լուրը հայտնի դառնալուց հետո պետք է շատ քննարկեն, վերլուծեն, ասեն՝ ահա այս լուծման պատճառով մենք որոշակի պարտք ենք կուտակելու ,եւ այդ պարտքի արդյունքում որոշակի ակտիվներ պիտի փոխանցենք նորից Ռուսաստանին եւ այլն:

Ես ուզում եմ նորից ասել, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք լինել չի կարող, խոսքը գնում է հենց ուղիղ այն ամենի մասին, ինչի մասին ես ասացի՝ ուրիշ է հարաբերությունը «Գազպրոմ» ընկերության եւ նրա դուստր «Գազպրոմ Արմենիայի» միջեւ եւ ուրիշ խնդիր է «Գազպրոմ Արմենիայի» եւ մեր սպառողների հարաբերությունը: Դրանք տարբեր բաներ են: Առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում գնային փոփոխություն տեղի չի ունենա առնվազն որոշակի ժամանակահատվածի համար, կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում մենք նորից կանդրադառնանք:

Ընդհանուր առմամբ գազի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու, եւ մենք իհարկե ամեն ինչ անում ենք, որ մենք սպառողների համար հավելյալ պրոբլեմներ չստեղծվեն: Եվ ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր ես լավատես եմ, որ կարողացանք այդպիսի լուծման գալ»:

Նիկոլ Փաշինյանը այլ թեմայի էլ անդրադարձավ. «Եվս մի բան եմ ուզում ասել, որովհետեւ գիտեմ, որ դա նույնպես մամուլում առաջիկայում վերլուծվելու է, որ ահա երկու հեռախոսազրույցների ընթացքում ինչ է քննարկվել, ինչ հարակից հարց է քննարկվել: Ես ուղղակի ուզում եմ ուղիղ ասել, որ մենք քննարկել ենք գազի հարցը, գազի գնագոյացման հարցը, եւ որեւէ ուրիշ հարցի հետ փոխկապակցվածություն այստեղ չկա: Ուզում եմ սա հատուկ ընդգծել, քանի որ գիտեմ, որ մամուլում, փորձագիտական շրջանակներում այս հարցի շուրջ որոշակի վերլուծություններ են արվում:

Պարզապես ցանկացա այսպես տեղեկացնել, որպեսզի պարզ լինի, որպեսզի այդ վերլուծությունների վերաբերյալ վերավերլուծություններ անելու անհրաժեշտություն չլինի: Սա էր, եւ կարծում եմ, որ ըստ էության լավ լուր էր դա, որովհետեւ էլի եմ ասում՝ լրատվական դաշտում եւ ընդհանրապես կապված նրա հետ, որ «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող գազի գինը պիտի բարձրանար, դրանից հետեւություններ էր արվում, որ հայաստանյան սպառողների համար նույնպես պետք է բարձրանա: Ես ուզում եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու առնվազն առաջիկա պայմանագրային շրջափուլում: Հետագայի համար էլ կաշխատենք, եւ մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ հստակ, կանխատեսելի մեխանիզմներ ունենալը, ընդհանրապես մեր գազային համակարգի արդյունավետությունը բարձրացնելը եւ իհարկե այս հարցում մենք լիարժեք կհամագործակցենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31