Սկիզբը՝ այստեղ
Մարատ Ուելդանովի պատմությունը
Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանովը ձերբակալվել է 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու աշխատանքային հրավերով ժամանելուց երեք օր անց: Նրան նախ մեղադրում էին լրտեսության մեջ, ապա ութ տարվա ազատազրկման դատապարտեցին՝ թմրամիջոցների թրաֆիքինգի համար։
Ուելդանովի պաշտպաններն ու ընտանիքի անդամները մեղադրանքը չեն ընդունում եւ հայտարարում են, որ նրան դատապարտել են իր հայկական ծագման համար։ Ուելդանովը նրա կնոջ ազգանունն է։ Ավելի վաղ Մարատ Ուելդանով-Գալուստյանն իր քրոջ հետ հեռախոսազրույցում դիմել էր ՌԴ կառավարությանը՝ օգնության համար:
Այսպես, հայկական ծագումով Մարատ Ուելդանովը 2016թ. հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում: Նա կասկածվում է ծանր հանցագործության մեջ, որը համապատասխանում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի երկու կետերի հատկանիշներին՝ մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելը եւ տարածելը: Ուելդանովի հայրական ազգանունը Գալուստյան է, նա ծնվել է Բաքվում, ապրում է ՌԴ-ում, ՌԴ քաղաքացի է: Հարազատների պնդմամբ՝ երբեք չի եղել Հայաստանում։
Ուելդանով-Գալուստյանի գործի շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեցին 2016թ. ամռանից սոցիալական ցանցերում, որոնց շրջանակներում օգտատերերից մեկն անգամ հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպանության՝ Մարատ Ուելդանովի հարազատներին ուղղված պատասխանը, ինչը հատկապես մեծ աղմուկ էր հարուցել: Դրանում, մասնավորապես, նշված էր, որ գործի հանգամանքների պարզումը բարդացել է նրա «հայկական ծագման» պատճառով:
2016թ. հուլիսին Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 23-ին նոտա է հղել ՌԴ դեսպանությանը, որում հայտնել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հունիսի 9-ին ձերբակալել են Մարատ Ուելդանովին՝ թմրանյութերի ձեռք բերման եւ տարածման կասկածանքով: ՌԴ դեսպանությունն, իր հերթին, տարածած հայտարարության մեջ նշում էր, որ իրենց է դիմել ՌԴ քաղաքացի Մարիանա Միրզոյանը: Վերջինս իր դիմումում նշել է, որ իրականում Ուելդանովին Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ոչ թե թմրանյութերի տարածման, այլ իր հայկական ծագմամբ պայմանավորված՝ լրտեսությամբ զբաղվելու կասկածանքով: Այսինքն՝ հունիսի 9-ին Ադրբեջանում ծանր հանցագործության կասկածանքով ձերբակալվում է ՌԴ քաղաքացի, միայն հունիսի 23-ին Բաքվում ՌԴ դեսպանությունը ստանում է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտան: Ադրբեջանի անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացու ճակատագրի առիթով նրա քրոջը՝ Մարիանա Միրզոյանին, պաշտոնապես ծանուցում են, թե նրա եղբոր գործը բարդ է` իր հայկական ծագման պատճառով: Քրոջ վրդովմունքն էր առաջացրել ավելի վաղ՝ հունիսի 29-ին Ադրբեջանում ՌԴ դեսպանության՝ նրա հարցմանն ուղղված պատասխան նամակում տեղ գտած հետեւյալ արտահայտությունը. «Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:
Ի դեպ, 2016թ. հունիսի 9-ին Մարատ Ուելդանովի հետ ձերբակալվել էր նաեւ Ելենա Մակարենկոն, որը նույն թվականի հունիսի 24-ին ազատ էր արձակվել: Նա հայտնել էր, որ ադրբեջանցի քննիչները փորձել են իրենց մեղադրել Հայաստանի եւ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Նա պատմել էր. «Ես այնտեղ 15 օր մնացել եմ, գիտեմ, թե ինչպես կարող են նրա հետ վարվել: Մինչ հիմա ես սարսափների մեջ եմ: Ինձ հարցաքննում էին 3 քննիչներ միաժամանակ, ինձ չէին թողնում, որ լվացվեմ, հագուստ չէին տրամադրում, արյանս ճնշումն անընդհատ տատանվում էր: Ինձ ասում էին, որ ես 15 տարի կնստեմ: Ինձ վախեցնում էին»:
Ուելդանովին առաջադրված՝ թմրամիջոցների շրջանառման մեղադրանքը Ելենա Մակարենկոն շինծու եւ անհիմն է համարում: Նա նաեւ մեղադրել էր ՌԴ իշխանություններին ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի շահերը պատշաճ կերպով չպաշտպանելու համար: «Առաջին հերթին մենք Ռուսաստանի ԱԳՆ-ի ուշադրությունն էինք գրավում, որ նրանք կարողանան օգնել դուրս հանենք անմեղ մարդուն այն սարսափելի վայրից, որտեղ որ հիմա նա գտնվում է»,- Tert.am-ին Մոսկվայում 2016թ. օգոստոսի 23-ին միանձնյա բողոքի ակցիայի մասին էր պատմել ՌԴ քաղաքացի Ելենա Մակարենկոն: Նա Մարատի մտերիմ ընկերն ու գործընկերն էր, պնդում է, որ 100 տոկոսով համոզված է, որ մեղադրանքն անհիմն է ներկայացված: Դեռ երեք տարի առաջ միանձնյա Ռուսաստանի ԱԳՆ-ի մոտ անցկացրած ակցիայի մասին խոսելով՝ Մակարենկոն նշել էր, որ «ոչ ոք ՌԴ ԱԳՆ-ից չի մոտեցել», թեեւ իրեն չեն վռնդել, չեն սպառնացել:
Ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի հետ տեղի ունեցածը, ինչպես նաեւ հայկական ծագումով ՌԴ այլ քաղաքացիների նկատմամբ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ու կոնկրետ գործողություններն արդեն գտնվում են ռուս-ադրբեջանական հրապարակային դիվանագիտական մեղադրանքների, «հաշիվներ պարզելու» դաշտում: Որքան կդիմանան Պուտինի ու Ալիեւի նյարդերը՝ ցույց կտա ժամանակը: Սակայն ակնհայտ է, որ տարիներ առաջ առանձին դեպքերի վերաբերյալ ծածկադմփոցը ոչ միայն լուծում չտվեց կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերին, այլեւ Բաքուն հայատյացության իր պաշտոնական քաղաքականությամբ ու քարոզով արդեն վաղուց ի ցույց է դրել այդ գլոբալ խնդիրը, որը ՌԴ-ն նախկինում հակված չէր նկատել:
«Ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորը ավանդույթներ ունի»
Հատկանշական է, որ ռուս-ադրբեջանական լարված օրերից քիչ անց, կարծես, իրավիճակը շտապեց շտկել Ադրբեջանի նախագահը՝ գովեստի խոսքեր շռայլելով Ռուսաստանի հետ համագործակցության թեմային: Ադրբեջանը ռուսական սպառազինության ամենախոշոր գնորդներից է, որոշ համաձայնագրեր, որ ստորագրվել են վերջին տարիներին, դեռ ընթացքի մեջ են՝ անցյալ շաբաթ նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից գնված սպառազինությունը Բաքուն արդեն ստացել է, սակայն մի որոշ մասը դեռ պետք է ստանա։ Ադրբեջանը ակնկալում է, որ համագործակցությունը Ռուսաստանի հետ այս բնագավառում կշարունակվի։
Ալիեւը դարձյալ կրկնել է, որ Բաքուն շահագրգռված է սպառազինության շուրջ ռուս-ադրբեջանական նոր համաձայնագրեր կնքելու մեջ։ Նա մասնավորապես նշել է, թե Մոսկվայի հետ զենքի շուրջ բանակցությունները մշտական գործընթաց են, եւ Բաքուն շահագրգռված է ռուսական նոր սպառազինություն ձեռք բերելու մեջ։ «Համապատասխան կառույցները կպայմանավորվեն նոր գործարքների մանրամասների շուրջ»,- վստահեցրել է Ալիեւը՝ հավելելով, թե Ռուսաստանը այսօր աշխարհում արդիական սպառազինություն արտադրող առաջատար երկրներից է, եւ Բաքուն, ինչպես Ալիեւն է նկատել՝ հնարավորություն ունի ռուսական ցանկացած սպառազինություն ձեռք բերելու։
«Առավոտ» օրաթերթ, 1.02.2019
Սկիզբը՝ այստեղ
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


















































