Լրահոս
Օրվա լրահոսը

Շռայլ գովեստի խոսքեր Մոսկվայից Երեւանին

Փետրվար 13,2019 12:00

«Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում»՝ վստահեցնում է Շոյգուն

Փաշինյանի եւ Ալիեւի քայլերը «նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»

Անցյալ շաբաթ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ամփոփել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից իրականացված քայլերը: Փետրվարի 6-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում Սիդորովը նշել է, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: «Միջազգային միջնորդների եւ տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաեւ երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»,- նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Անատոլի Սիդորովը հիշեցրել է նաեւ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դուշանբեում կարճ զրույց էին ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանագծին լարումը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ, եւ նշյալ հանդիպումից հետո «օպերատիվ կապ» էր հաստատվել:

Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունների արդյունքները փաստացի ՀԱՊԿ-ը եւս դիտարկում է որպես ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու ճանապարհին նշանակալի քայլ, ավելին՝ խոսվում է «վստահության ամրապնդման» մասին: ՀԱՊԿ-ի ակտիվությունն ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ականները նախկինում առանձնապես չեն ծավալվել ղարաբաղյան թեմայով, իսկ հարկ եղած դեպքում էլ, երբ ակնկալվում էր Ադրբեջանի սանձարձակ գործողությունների նկատմամբ վերաբերմունք արտահայտելը, նրանք նախընտրում էին լռություն պահպանել:

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փորձառու են, ճիշտ որոշում կընդունեն»

Անատոլի Սիդորովը վստահ է նաեւ, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները «իմաստուն եւ փորձառու են» ու «ճիշտ որոշում կընդունեն» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցով:
Բացի այդ, Անատոլի Սիդորովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը մնում է օրակարգում, ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Սիդորովի խոսքերով՝ ՀՕՊ-ի հարցը կարեւորագույն խնդիրներից մեկն է, որը լուծվում է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգությունն ապահովելու համար. «Կովկասում ստեղծված միավորված ՀՕՊ համակարգերը ստեղծվել են երկկողմ համաձայնագրերի հիմքով, սակայն ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, արեւելաեվրոպական տարածաշրջանում՝ Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ, կենտրոնական տարածաշրջանում՝ Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ»: ՀԱՊԿ միավորված շտաբի պետը հավելել է, որ հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում ՀՕՊ տարածաշրջանային համակարգերն ընդլայնելու ուղղությամբ՝ այնտեղ ներգրավելով Տաջիկստանն ու Ղրղըզստանը. «Իսկ որպես առաջիկա խնդիր համարվում է ՀԱՊԿ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծումը»:

ՀՀ-ն «առաջինն է արձագանքել» սիրիացի ժողովրդին օգնելու Մոսկվայի կոչին»

Անցյալ շաբաթ պաշտոնական Մոսկվայից Հայաստանի ուղղությամբ շռայլ գովեստի խոսքեր հնչեցին: Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար՝ ասելով. «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում Շոյգուն ընդգծել է, որ այդ օգնությունը առավել կարեւոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց չեն տեսել նորմալ, խաղաղ կյանք եւ 5-7 տարի զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից. «Այս մարդասիրական առաքելությունը, անշուշտ, էական ներդրում էր տեղում բնականոն կյանքը վերականգնելու գործում»:
Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ: Ըստ ռուսական աղբյուրների՝ Տոնոյանը ասել է, թե Ռուսաստանը նպաստում է հետպատերազմյան Սիրիայի վերականգնմանը. «Կարծում եմ՝ Հայաստանի մասնակցությունը այդ մարդասիրական գործողությանը շատ կարեւոր է: Շատ կարեւոր է օգնել Սիրիայի ժողովրդին, որի մի մասը հայկական համայնքն է»:

Սիրիայում համատեղ իրականացվող մարդասիրական առաքելությունից բացի, ըստ «Ազատության», երկու նախարարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Շոյգուն ընդգծել է՝ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում: «Մենք դա մեկ անգամ չէ, որ հավաստել ենք մեր գործողություններով, համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք իրականացնում ենք բավականին հաջող՝ արդեն տեւական ժամանակ: Խոսքը ե՛ւ ռազմական, ե՛ւ ռազմատեխնիկական համագործակցության մասին է»,- նշել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Դավիթ Տոնոյանը պնդել է, թե ռուսական ուժերը մեծ դեր են խաղում Հարավային Կովկասում նոր պատերազմների վերսկսման ռիսկերի նվազեցման եւ անվտանգության ապահովման գործում: «Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունների մակարդակը, հատկապես ռազմական ոլորտում: Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շատ մեծ դեր են խաղում տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, հակամարտությունների, նաեւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելու հարցում»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Ի դեպ, ՌԴ պաշտպանության նախարարը հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է՝ Մոսկվան ու Երեւանը մտադիր են է՛լ ավելի ընդարձակել ռազմական համագործակցությունը: «Հուսով եմ, որ մենք այսօր Ձեզ հետ հերթական փաստաթուղթը կստորագրենք, որը թույլ կտա ընդարձակել մեր դաշնակցային համագործակցության շրջանակը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Հայտնի է, որ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է նաեւ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւին: Հաղորդվեց, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը եւ հետագա ուղենիշները։

Հիշեցնենք. մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմը վերջերս Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ չորս կործանիչ՝ Սու-30 է գնել՝ ՌԴ ներքին գներով. այդ մասին հայտնել էր ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը։ Մոսկվան ու Երեւանը 4 կործանիչների վաճառքի մասին պայմանագիր են կնքել, Հայաստանը այդ կործանիչները կստանա արդեն 2020-ին, հայտնել էր պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ համաձայնագիրը կնքելու համար ՌԴ-ն գնացել է լուրջ զիջումների՝ ոչ միայն վարկ է կնքել, այլ նաեւ կործանիչները վաճառել է ներքին գներով։

Ավելի վաղ՝ մոտ երկու ամիս առաջ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Երեւանը եւ Մոսկվան մոտենում են SU֊30֊ների մատակարարման պայմանագրի կնքման եզրափակիչ փուլին։ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ գործարքը Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել է ՀԱՊԿ-ի շրջանակներում, եւ հայկական կողմը կարողացել է այդ կործանիչները ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով, ինչպես նաեւ պայմանավորվել է, որ հայ օդաչուներն ու մասնագետները համապատասխան վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի ռազմական կառույցներում։ Ի դեպ, ռուսական թերթը նաեւ գրել էր, թե կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ դեռեւս 2012-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը, որով Երեւանը ցանկանում էր ձեռք բերել 12 կործանիչ, չէր կայացել, եւ ահա ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երեւանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018թ. հեղափոխությունից հետո։ Ըստ թերթի տեղեկությունների՝ այս հարցը ՀՀ եւ ՌԴ ղեկավարները քննարկել են սեպտեմբերին կայացած հանդիպմանը, հայկական կողմը ցանկանում էր ձեռք բերել վեց կործանիչ, սակայն համաձայնության են եկել չորսի շուրջ։ Սա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջին նման համաձայնագիրն է ապրիլյան հեղափոխությունից հետո՝ գրել էր «Կոմերսանտը»՝ հավելելով, որ Ռուսաստանի համար եւս այս պայմանագիրը կարեւոր է, քանի որ այսպիսով Մոսկվան ամրապնդում իր դիրքերը ՀԱՊԿ-ի իր դաշնակցի հետ հարաբերություններում:

Նկատենք, որ սա ոչ միայն Ռուսաստանի ազդեցության ամրապնդման քայլ է, այլեւ յուրօրինակ «խթան» նաեւ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործարքների քննարկման ու կնքման համար: Հայկական կողմին սա է վաճառվում, ադրբեջանական կողմն էլ մեկ այլ բան գնելու ցանկություն է հայտնում, իսկ արդյունքում ծաղկում է Մոսկվայի «բիզնեսը»:

Պաշտոնական տեղեկությունները, որ օրերս ՀՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն եւ ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր, բավարար է, որպեսզի առաջիկայում նաեւ Ադրբեջանից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործարքների, բանակցությունների մասին տեղեկություններ շրջանառվեն:

Ի դեպ, Տոնոյան-Շոյգու հանդիպումից մեկ օր անց Բաքվից արդեն հնչեցին ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին հավաստիացումներ: Ադրբեջանն ու Ռուսաստանը կոնկրետ գործողությունների են դիմում երկկողմ պայմանավորվածություններն ու համաձայնագրերը կյանքի կոչելու նպատակով՝ Բաքվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների քայլերը վկայում են Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Ընթացիկ տարում արդեն մենք շահագործման կհանձնենք ռուս-ադրբեջանական սահմանին, Սամուր գետի վրա գտնվող կամուրջը, որը լավ հնարավորություններ կբացի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների եւ երկկողմ համագործակցության խորացման համար»,- շեշտել է Ալիեւը:

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի փետրվարի 13-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728