Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամվայի ռելսերն ու Միհրան Պողոսյանի քեռու կապը. (Տեսանյութ)

Փետրվար 27,2019 18:55

«Երեւանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմի շնորհանդեսն էր այսօր: Անի պլազայում Civilnet.am-ի նկարահանած ֆիլմի ցուցադրությունից հետո ֆիլմում պատմող խնդիրների մասին քննարկում եղավ: Մայրաքաղաքում տրամվայը 100 տարի աշխատելուց հետո ապամոնտաժվեց  2004-ին:

Ֆիլմի հեղինակներից, լրագրող Գեւորգ Թոսունյանը ֆիլմում պատմում է, որ երբ վերացվեց տրամվայը, դրա ռելսերը տրամադրվեցին պաշտպանության նախարարությանը, իսկ ՊՆ-ն վստահեցնում էր, որ դրանք հարկավոր են առաջնային գծի անվտանգության ապահովման համար: Իրականում, ինչպես ֆիլմում են պատմում, դրանք  վաճառել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի ընկերությանը։

Այս ֆիլմը պատմում է կոռուպցիոն գործարքների մասին, որում ներգրավված են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Ուշագրավ զուգադիպությամբ նույն տարիներին, երբ տրամվայի ռելսերը տրամադրվում էին պաշտպանության նախարարությանն ու օտարվում մասնավոր ընկերության, բանակի ներգրավմամբ ապամոնտաժվում է Մեղրի-Կապան 40 կմ երկաթգիծը»,-ասում են ֆիլմի հեղինակները:

Ֆիլմի ցուցադրումից հետո Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ այն ժամանակ տրամվայի գործունեության համար դոտացիաներ էին տրամադրում, այսինքն՝ պետք էր տրամվայը պահել, մինչդեռ 2004 թվականի կառավարությունը որոշեց, որ այն նպատակահարմար չի շահագործել, քանի որ այլ գործարքներ պետք է անեին: Միհրան Պողոսյանի քեռին, Միխայիլ Հարությունյանը, ինչպես ասաց Վահագն Խաչատրյանը, տխրահռչակ կարմիր գծերի հեղինակն է. «Իրենք ամեն ինչից փող աշխատելու ձեւերին տիրապետում են, բացի պետությանը օգուտ տալուց»:

Վահագն Խաչատրյանը պատմեց, որ Միխայիլ Հարությունյանը Չարենցավանում ամրաններ արտադրելու գործարան ունի. «Չգիտեմ՝ որակն ինչպիսին է: Այսօր Իրանից ներմուծվում է բավականին մատչելի գնով ամրաններ: Հիմա Հայաստանում, չգիտեմ, դիմել են կառավարությանը, որպեսզի լրացուցիչ մաքս սահմանվի Իրանից ներմուծման դեպքում որակյալ ամրանների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկմանը ներկա Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ անդրադառնալով քաղաքային տրանսպորտի խնդրին, ասաց, որ առաջիկա տարիներին տրանսպորտային այն ցանցը, որը քաղաքապետարանը մտադիր է ներդնել, իր մեջ տրամվայի հարց չի ներառում.«Բրիտանական ընկերության առաջարկած ցանցը, որի ծրագիրը պատրաստ է, շուտով հանրային քննարկման կդրվի, նախատեսում է ավտոբուսներ, տրոլեյբուսներ եւ մետրո»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տրոլեյբուսների դեպքում, ինչպես ասաց Կարապետյանը, քանի որ դրանց սպասարկող լարերն ու շարժակազմը խիստ մաշված են եւ արդիականացնելու կարիք ունի, ապա պետք է քննարկվի որքանով է արդյունավետ տրոլեյբուսի ցանցն արդիականացնել, թե՞ խթանել էլեկտրական տրանսպորտի այլ միջոցների՝ նույն էլեկտրական ավտոբուսների ներդրումը: Կարապետյանի խոսքերով՝ երկարաժամկետ հեռանկարում կարելի է մտածել վերգետնյա ռելսային տրանսպորտի զարգացման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728